Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրի Հունանյանը հեծանիվ է քշում, բարձր ձայնով երգելով աղոթում է․ «Հրապարակ»

Նոյեմբեր 01,2025 11:20
nairi hunanyan

ԱԱԾ շենքում գտնվող, բայց ֆորմալ առումով արդարադատության նախարարությանը ենթարկվող «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում մոտ 15 խուց կա, որտեղ նստում են, որպես կանոն, առավել վտանգավոր հանցագործները եւ մեղադրյալները, որոնք անցնում են ազգային անվտանգության խնդիրներին առնչվող եւ այլ ծանր մեղադրանքներով: 15 խցից երկուսում, միմյանցից առանձին, պահվում են Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հեղինակները` Նաիրի Հունանյանն ու նրա եղբայրը՝ Կարենը: Խցերից մյուսում նստած են երկու սրբազանները` Միքայել Աջապահյանը եւ Բագրատ Գալստանյանը, նրանք միասին են նստած: Մի առանձին խցում «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանն է: ԱԱԾ-ին կից կալանավայրում, ըստ մեր աղբյուրի, շատ ավելի խիստ ռեժիմ է, օրինակ` բջջային հեռախոսներ, ի տարբերություն այլ կալանավայրերի, այստեղ չկան: Մենք փորձեցինք պարզել, թե ինչ վիճակում է ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը` ո՞ղջ է, ունի՞ արդյոք հոգեկան խնդիրներ, նրան տեսակցել թույլատրվո՞ւմ է, դուրս գալի՞ս է խցից, թե՝ ոչ, ինչո՞վ է զբաղված արդեն 26 տարի:

Քրեակատարողական ծառայության մամուլի քարտուղարը, սակայն, մեր ոչ մի հարցին չպատասխանեց, հղում անելով ընտանեկան ու անձնական կյանքի գաղտնիությանը:

Հասկանալի չէ, թե այս տարրական տեղեկություններն ինչով են խախտում Նաիրի Հունանյանի անձնական տվյալների կամ կյանքի գաղտնիության սկզբունքը, մանավանդ` մի քանի տարի առաջ նրան կալանավայրում տեսակցել են, եւ այդ մասին անգամ հրապարակումներ են եղել: Ինչպես հայտնի է` Արման Բաբաջանյանն էր նրա հետ հանդիպել, զրուցել, ապա մամուլին տեղեկացրել, թե ինչ է ասել իրեն Հունանյանը:

Քանի որ պաշտոնական տեղեկություններ մեզ չփոխանցեցին, փորձեցինք մեր աղբյուրներից որոշ բաներ իմանալ: Մեզ պատմեցին, որ այս ՔԿՀ-ում աշխատակիցները սովորաբար շատ հարգալից են կալանավորների նկատմամբ, քանի որ նրանց մեծ մասը քաղբանտարկյալներ են, եւ հայտնի չէ, թե վաղը, իրերի բերումով, ով որտեղ կհայտնվի: Բայց այս սկզբունքը չի աշխատում Հունանյանների նկատմամբ, նրանց վատ են վերաբերվում, նրանց հանդեպ բացասական վերաբերմունքը չեն կարողանում թաքցնել, եւ հաճախ մերժվում են նրանց խնդրանքները: Օրինակ, Նաիրի Հունանյանը սիրում է ֆուտբոլի առաջնություններին հետեւել, որոնք հաճախ հեռարձակվում են ուշ ժամերին: Բայց բանտում հեռուստացույցը որոշակի ժամի անջատվում է, եւ որքան էլ նա խնդրում է, որ թույլ տան խաղը մինչեւ վերջ դիտել, նրան չեն ընդառաջում: Ասում են նաեւ, որ առավոտյան շատ վաղ ժամի Նաիրի Հունանյանը բարձր ձայնով երգելով աղոթում է՝ խանգարելով մյուս խցերի անդորրը: Պատմում են նաեւ, որ նա հիմա անճանաչելի է դարձել` անհամաչափ գիրացել է, թեեւ ինտենսիվ զբաղվում է սպորտով: Նաիրի Հունանյանը հեծանիվ է քշում․ սովետական հեծանիվ կա, որը դրված է ընդհանուր հատվածում: Նրան ոչ ոք չի այցելում: Ընտանիքի անդամները վաղուց չկան հայրը, մայրը, եղբայրը, ինչպես հայտնի է, մահացել են։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930