Հոկտեմբերի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Ֆլեյտայի երևանյան միջազգային երկրորդ փառատոնի բացման համերգն էր։ Փառատոնը, որն անցկացվեց հոկտեմբերի 26-30-ը, ներառում էր մի քանի օր շարունակվող համերգային ու կրթական ծրագրեր. 100-ից ավելի վարպետաց դասեր, դասախոսություններ և հանդիպումներ։ Փառատոնի նպատակն էր խթանել դասական երաժշտության կատարողական մշակույթի զարգացումը Հայաստանում և ներկայացնել տարբեր երկրների ճանաչված ֆլեյտահարների արվեստը։
Այս տարվա փառատոնը միավորեց Հայաստանի, Եվրոպայի և Ասիայի ճանաչված մենակատարներին։ Մեծ բեմում իրենց արվեստով փայլեցին արտիստներ, որոնց անուններն արդեն ճանաչելի են համաշխարհային հարթակներում։
Փառատոնի ընթացքում հնչեցին տարբեր դարաշրջանների և ոճերի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Կարլ Ֆիլիպ Էմանուել Բախի «Կոնցերտը (սոլ մաժոր) ֆլեյտայի և նվագախմբի համար (Wq.169)» կատարեց Գերմանիայի Քասսել քաղաքի պետական սիմֆոնիկ նվագախմբի մենակատար և կոնցերտմայստեր Մարիո Բրունոն՝ ներկայացնելով գերմանական կատարողական ավանդույթների ճշգրտությունն ու դասական գեղեցկությունը։ «Երբ բեմում ես, ամենից առաջ կենտրոնանում ես երաժշտության վրա։ Նվագում ես այնպես, ինչպես պատրաստվել ես, բայց միաժամանակ զգոն ես՝ լսում ես նվագախմբին, հետևում դիրիժորին։ Ամեն ելույթ տարբեր է, ամեն անգամ նոր փորձառություն է։ Այս դահլիճում առաջին անգամ էի նվագում և շատ տպավորված եմ թե՛ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբով, թե՛ հայկական ջերմությամբ»,- իր տպավորությունները կիսեց Մարիո Բրունոն։
Սեսիլ Շամինադի կոնցերտը ֆլեյտայի և նվագախմբի համար ներկայացրեց երիտասարդ, բայց արդեն բազմակի մրցանակակիր Էլեն Վիրաբյանը՝ ապացուցելով, որ մեծ երաժշտական ուղին սկսվում է երիտասարդ տարիքից։ Էլենը փառատոնի ամենաերիտասարդ մասնակիցն էր` ընդամենը 14 տարեկան։ Նրա հաջողության ճանապարհի անբաժան ուղեկիցն է հայրը՝ Վարդան Վիրաբյանը, որին հենց Էլենի տաղանդն ու նվիրումն է ոգեշնչել կազմակերպել Ֆլեյտայի երևանյան միջազգային փառատոնը։ «Ֆլեյտա նվագում եմ 5 տարեկանից և ինձ համար մեծ պատիվ է աշխատել նման պրոֆեսիոնալ երաժիշտների հետ։ Նրանք ինձ համար մոտիվացիայի աղբյուր են։ Արդեն ավելի ինքնավստահ եմ դարձել և առանց վախի ու լարվածության կարողանում եմ ելույթ ունենալ մեծ բեմերում»,-ասաց Էլենը։
Կարդացեք նաև
Համերգին ներկա դաշնակահարուհի Աննա Սարգսյանի համար Էլենի բեմական ներկայությունը և ինքնավստահ կատարումը երեկոյի ամենազգացմունքային պահերից մեկն էր։ «Մասնավորապես ինձ տպավորեց Սեսիլ Շամինադի Կոնցերտը՝ Էլեն Վիրաբյանի կատարմամբ։ Ֆլեյտայի նուրբ հնչյուններն ու նվագախմբի մեղմ նվագակցումը շատ էմոցիոնալ մթնոլորտ ստեղծեցին։ Կարելի էր զգալ, թե որքան ջերմությամբ և նրբությամբ էր նվագում Էլենը»,-ընդգծեց դաշնակահարուհին:
Համերգի ընթացքում Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի շրջանավարտ, Ալմաթիի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար և Ղազախստանի փողային գործիքների ակադեմիայի հիմնադիր Երժան Կուշանովը կատարեց Պոլ Տաֆանելի Ֆանտազիան Կարլ Մարիա ֆոն Վեբերի «Ազատ հրաձիգը» օպերայի թեմաներով։ Ֆրանց Դոպլերի Կոնցերտը երկու ֆլեյտայի և նվագախմբի համար կատարեցին Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար Դենիս Լուպաչովը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար և կոնցերտմայստեր Նարեկ Ավագյանը՝ միավորելով իրենց վարպետությունն ու տեխնիկական կատարելությունը։
Ֆրանսուա Բորնի Ֆանտազիան Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի թեմաներով ներկայացրեց Փարիզի Ազգային նվագախմբի մենակատար և կոնցերտմայստեր Վենսան Լյուկան, որն էլ իր ելույթով փոխանցեց ֆրանսիական երաժշտական դպրոցի նրբությունն ու արտահայտչականությունը։
Իսկ Անտոնիո Վիվալդիի «Կոնցերտը չորս ֆլեյտայի և նվագախմբի համար» գործը մենակատարեցին Նարեկ Ավագյանը, Վենսան Լյուկան, Էլեն Վիրաբյանը և Դենիս Լուպաչովը՝ ստեղծելով վառ ու ներդաշնակ հնչողություն։
Բոլոր արտիստներին նվագակցում էր Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորի ասիստենտ Յարոսլավ Բիչկովի։ «Այսօրվա համերգը իսկապես շատ հաջող էր։ Բեմ էին դուրս եկել բացառիկ ֆլեյտահարներ՝ միջազգային մակարդակի արվեստագետներ։ Նրանց հետ աշխատելը միաժամանակ և՛ հետաքրքիր է, և՛ հաճելի։ Յուրաքանչյուրն ունի տարբեր բնավորություն ու տեմպ, բայց այդ տարբերությունները միայն հարստացնում են համատեղ կատարումը։ Երբ բեմում ես նման մասնագետների հետ, դա իսկական հաճույք է»,- ասաց նա։
Համերգին ներկա էր նաև Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դիրիժոր Կարեն Լավչյանը, որը կարևորեց փառատոնի նշանակությունը՝ ընդգծելով դրա ազդեցությունը հայկական երաժշտական կյանքի վրա. «Շատ կարևոր է, որ նման փառատոններ հաճախ լինեն։ Այս իրադարձությունը շատ կարևոր է մեզ համար, քանի որ հնարավորություն ենք ստանում ներկայացնել աշխարհին, թե մենք ով ենք և ինչ տաղանդաշատ են մեր երաժիշտները։ Այս ամենի շնորհիվ հայ և արտասահմանյան երաժիշտների միջև տեղի է ունենում փորձի փոխանակում, որն էլ իր հերթին հայ երաժիշտների համար բացում է շատ դռներ»։
Փառատոնի բացման համերգը դարձավ յուրօրինակ երաժշտական տոն՝ համախմբելով տարբեր սերունդների և տարբեր երկրների երաժիշտներին։ Ֆլեյտայի նուրբ հնչյունները, նվագախմբի կատարման վարպետությունը և հանդիսատեսի ջերմ արձագանքը վկայեցին, որ դասական երաժշտությունը շարունակում է պահպանել իր ոգեշնչող ու միավորող ուժը։ Նման նախաձեռնությունները ոչ միայն զարգացնում են կատարողական մշակույթը, այլև նոր շունչ են հաղորդում Հայաստանի երաժշտական կյանքին՝ ստեղծելով կամուրջներ միջազգային հարթակների միջև։
Ստելա ԱՍՐՅԱՆ
ԲՊՀ ՀՀԼ ամբիոն, 4-րդ կուրս





















































