Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից թույլ են տրվել ՀՀ ընտրական օրենսգրքի բազմաթիվ խախտումներ. «Մայր Հայաստան» կուսակցությունը նախաձեռնում է իրավական գործընթաց

Նոյեմբեր 02,2025 10:55

«Մայր Հայաստան» կուսակցությունը նախաձեռնում է իրավական գործընթաց` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում ուժը կորցրած ճանաչելու պահանջով:

Բանն այն է, որ նախընտրական քարոզչությունը մեկնարկել է 2025 թվականի հոկտեմբերի 22-ին, և ինչպես մեկնարկից սկսած, այնպես էլ դրան անմիջապես նախորդող օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից թույլ են տրվել ՀՀ ընտրական օրենսգրքի բազմաթիվ խախտումներ, որոնք ունեցել են շարունակական բնույթ, խաթարել են ընտրությունների բնականոն ընթացքը և կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Սա հիմք է ընտրական հանձնաժողովի կողմից կուսակցության ընտրական ցուցակի գրանցման որոշումը ուժը կորցրած ճանաչելու համար` համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասի:

Ուսումնասիրությունների և ԶԼՄ-ների կողմից հրապարակած տեղեկությունների արդյունքում պարզ է դառնում, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից թույլ են տրվել հետևյալ էական խախտումները`

Քարոզչական պաստառների փակցնումը ՀՀ ընտրական օրենսգրքով արգելված վայրերում։

Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից մասնակցությունը նախընտրական քարոզչությանը` ոչ ծառայողական, այդ թվում՝ նախընտրական քարոզչության նպատակներով օգտագործելով նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական և (կամ) համայնքային այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը: Այս մասով խախտում է նաև հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց մասնակցությունը նախընտրական քարոզչությանը` առանց արձակուրդում գտնվելու:

Վարչական ռեսուրսի համատարած և լայնածավալ օգտագործում, այդ թվում` համայնքային մարմինների և կազմակերպությունների աշխատակիցների ներգրավվումը նախընտրական քարոզչությանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի 1-ին և 2-րդ համարների կողմից նախընտրական քարոզչության ժամանակահատվածի մեկնարկին նախորդող օրերին պաստառների համար նախատեսված վահանակների տեղադրման թույլտվության տրամադրում ձեռնարկատիրական գործունեություն ծավալող սուբյեկտի, որի տեղադրած վահանակների վրա ամբողջ Վաղարշապատ խոշորացված համայնքի տարածքում փակցված են միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի պաստառները:

Վաղարշապատ խոշորացված համայնքի Դողս բնակավայրում ընտրությունների նշանակման որոշումից հետո, մասնավորապես, նախընտրական քարոզչության մեկնարկին նախորդող օրը` 2025 թվականի հոկտեմբերի 21-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի 1-ին համար, այլ թեկնածուների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց մասնակցությամբ «բարեգործական միջոցառում» անվան տակ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով սահմանված բարեգործության արգելքի խախտում, որի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վաղարշապատի համայնքապետարանի կառավարման ներքո գտնվող «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի դահլիճի` «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությանը տրամադրելու արգելք` Վաղարշապատի համայնքապետարանի կողմից: Եվ դա այն դեպքում, երբ «Քաղաքացիական պայմանագրին» նույն դահլիճը տրամադրվել է։

Վերը նշված 5 խումբ խախտումները դրսևորվել են մի քանի տասնյակ դրվագներով և սրանք հիմք են կուսակցության ընտրական ցուցակի գրանցման որոշումն ուժը կորցրած ճանաչելու համար` համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասի:

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը համապատասխան պահանջով դիմում կներկայացնի թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:

«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930