Լրահոս
Օրվա լրահոսը

Քաջարանցիները կդիմակայեն ձմռան ցրտերին․ համայնքի շենքերը ջերմամեկուսացվում են (ֆոտոշարք)

Նոյեմբեր 02,2025 16:45

Սյունիքի մարզի Սիսիան, Կապան, Քաջարան համայնքներում իրականացվել են բազմաբնակարան շենքերի ջերմամեկուսացման, տանիքների նորոգման, պատուհանների ու դռների փոխման աշխատանքներ։ Արդեն արդիականացվել է 42 բազմաբնակարան եւ 3 հասարակական շենք՝ նպաստելով արտանետումների կրճատմանը եւ բնակիչների կյանքի որակի բարելավմանը: «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրն իրականացնում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը՝  Կլիմայի կանաչ հիմնադրամի (ԿԿՀ) ֆինանսավորմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո։

Քաջարանի  բնակիչներն, օրինակ, դրական են գնահատում ծրագիրը՝ նշելով, որ ջեռուցման ծախսերը զգալիորեն նվազել են, իսկ բնակելի պայմաններն՝ էապես բարելավվել։ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի դիտարկմամբ՝ բացի տնտեսական օգուտից, կարող են խոսել նաեւ դրական սոցիալական եւ բնապահպանական ազդեցությունից։ «Վերանորոգված շենքերում բնակարանների գինը շուկայում բարձրացել է։ Միեւնույն ժամանակ, մարդիկ ապրում են ավելի լավ պայմաններում, իսկ պակաս էներգիայի սպառումը նպաստում է ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը՝ դրական ազդեցություն թողնելով շրջակա միջավայրի վրա»-ասում է տիկին Նացվլիշվելին։ ՄԱԶԾ-ն նաեւ համաֆինանսավորել է ծրագրի ընդհանուր կապիտալ ծախսերի 25 տոկոսը։

Քաջարանում արդեն ամբողջությամբ ջերմամեկուսացվել է 25 բազմաբնակարան շենք, այսինքն ջերմամեկուսացվել են արտաքին պատերը, տանիքները, որոշ տեղերում անգամ ջերմամեկուսացվել են շենքերի նկուղային մասերը։ «Բացի այդ, բոլոր շքամուտքերի եւ աստիճանավանդակների պատուհաններն ու դռները՝ որպես բաժնային սեփականություն, ամբողջությամբ փոխարինվել են նոր, էներգաարդյունավետ համակարգերով»,-նշում է ծրագրի շենքերի ճարտարագետ-վերլուծաբան Անդրե Օհանյանը։ Իրականացվող աշխատանքները շենքերում շենքերում ապահովվում է մինչեւ 60 տոկոս ջերմային խնայողություն։

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը համոզված է, որ  ծրագիրը կշարունակվի։ «Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել՝ շարունակելու ծրագիրը նաեւ հաջորդ տարիներին։ Եթե միջազգային կազմակերպությունները կամ պետական աջակցությունը սահմանափակվեն, համայնքը, միեւնույն է, պատրաստ է տարեկան գոնե մեկ կամ երկու շենք վերանորոգել։ Ծրագիրն իր արդյունքը տվել է, ու սա մեզ մոտիվացնում է շարունակել»,- ասաց Փարամազյանը։ Վերջինիս խոսքով,  եթե համագործակցությունը պահպանի եռակողմ ձեւաչափը՝ համայնք, պետություն եւ միջազգային գործընկերներ (օրինակ՝ ՄԱԶԾ), ծրագիրը ավելի լայն ծավալներով կշարունակվի։

Համայնքապետի հավաստմամբ՝  նախկինում ձմռանը ամսական 70-80 հազար դրամ էին վճարում ջեռուցման համար, իսկ հիմա ծախսերը նվազել են՝ հասնելով 40-50 հազար դրամի։

«Սա շատ կարեւոր է՝ հատկապես Քաջարանի նման բարձրլեռնային ու ցուրտ համայնքի համար։ Նաեւ՝ քաղաքի ընդհանուր տեսքն է փոխվել։ Շենքերը դարձել են գեղեցիկ, խնամված, քաղաքի մուտքը՝ ավելի հաճելի։ Սա նաեւ էսթետիկ մեծ արդյունք է, որը գնահատում են թե՛ բնակիչները, թե՛ հյուրերը»,-նշեց համայնքապետը։

Ի դեպ, ծրագրում ընդգրկված բոլոր շահագրգիռ կողմերը վստահ են, որ եթե ծրագիրը շարունակի տարածվել մարզի մյուս համայնքներում, ապա  Սյունիքը կարող է դառնալ Հայաստանի էներգաարդյունավետության լավագույն օրինակը։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930