Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, և նրա որդուն ձերբակալելու որոշում է կայացվել, հայտնել էր փաստաբան Արա Զոհրաբյանը:
Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը «Ազատությանը» փոխանցել է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը): Նրանք ձերբակալվել են:
Հիշեցնենք, որ ըստ փաստաբանի՝ «Դեպքը տեղի է ունեցել այսպես. Համբարձումը նոյեմբերի 1-ին ժամը 14:40-ի սահմաններում, իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն է մոտեցել մի մարդ և առաջարկել է մասնակցել «Հանրապետություն» կուսակցության ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել:
Այս բոլորը տեսագրված է: Դուք կարող եք ինքներդ տեսնել, որ տեսանյութում որևէ կոնֆլիկտ չկա: Այս հանդիպումը եղել է Ներսիսյանների տան դիմաց, ավելի վաղ, քան «Հանրապետություն» կուսակցության նախընտրական հանդիպումը»:
Կարդացեք նաև
Արա Զոհրաբյանը այսօր հայտնել է. «Գևորգ Ներսիսյանը և որդին՝ Համբարձում Ներսիսյանը ձերբակալված են: Ցուցմունքներ են տվել, ներկայացվել է տեսագրությունը քննիչին: Սպասում ենք, թե ինչ որոշում կընդունեն: 12 ժամվա ընթացքում պետք է դատարան դիմեն կալանքի համար կամ ազատ արձակեն»։


















































