Լրահոս
Օրվա լրահոսը

Քաշքշոց, ծեծկռտուք՝ Արթիկի գաղութում․ դատապարտյալները խոչընդոտել էին հիմնարկի բնականոն աշխատանքը

Նոյեմբեր 03,2025 15:28

Aravot.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 24-ին խաթարվել է Արթիկ քրեակատարողական հիմնարկի բնականոն աշխատանքը․ պատիժը կրող հինգ դատապարտյալներ՝ Ա․Տ․-ն․ Հ․Թ․-ն․ Ա․Գ․-ն, Տ․Ղ-ն և Ա․Հ․-ն զբոսանքի տրամադրման գործընթացի ժամանակ չեն ենթարկվել աշխատակիցների օրինական պահանջին։

Ավելին՝ նրանք սկսել են քաշքշել, անկանոն հարվածել ու սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցների հասցեին, նրանց քաշքշելով դուրս են հանել։

Դատապարտյալներից մեկը՝ Հ․Թ․-ն ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի պատասխանատու, արդարադատության կապիտան Վ․Բ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Փաստի առթիվ հոկտեմբերի 25-ին Արթիկի և Անիի քննչական բաժնում հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 454 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հոկտեմբեր 25-ին հաղորդել էր. «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իրավիճակը կայուն է և լիովին վերահսկելի

Վերջին շրջանում ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում քրեական ենթամշակույթի, արգելված իրերի դեմ պայքարի, խցերից չթույլատրված առարկաների և սահմանված չափանիշներին չհամապատասխանող կահույքի դուրսբերման աշխատանքները և այլ իրավաչափ գործողություններն ազատազրկված անձանց մոտ առաջացնում էին դժգոհություններ, որոնք ուղեկցվում էին անօրինական պահանջներով։

Հոկտեմբերի 24-ին ծառայողների կողմից վերոնշյալ հերթական գործողությունների իրականացման ընթացքում ազատազրկված անձինք խաթարել են հիմնարկի բնականոն աշխատանքը, ցուցաբերել են անհնազանդություն, անհարգալից վերաբերմունք և բացահայտ ագրեսիվ վարքագիծ՝ ֆիզիկական ուժ գործադրելով ծառայողների նկատմամբ։

Քրեակատարողական ծառայողների կողմից տարված բացատրական և կանխարգելիչ աշխատանքների արդյունքում իրավիճակը կարգավորվել է։ Ներկայում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իրավիճակը կայուն է և գտնվում է ամբողջական վերահսկողության ներքո։

Միաժամանակ հարկ է նշել, որ նմանօրինակ անհնազանդության դրսևորումները հակաօրինական են և առաջացնում են օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվության հիմքեր»:

Կատարվածից հետո փոխվեց «Արթիկ» ՔԿՀ պետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930