Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջրի պակասորդը վերածվել է Ադրբեջանի անվտանգային և քաղաքական գերակա հարցերից մեկի, իսկ Սևանը՝ տարածաշրջանի կարևորագույն ջրային ռեսուրսը». Վահե Դավթյան

Նոյեմբեր 03,2025 23:40

Ալիևի՝ «ռուսական կայսերական քարտեզներում Սևանա լիճ գոյություն չունի, այլ կա Գոյչա» հայտարարությունը պետք է դիտարկել Ադրբեջանի ներքին ջրային ճգնաժամի և տարածաշրջանային ռեսուրսների վերահսկման նկրտումների համատեքստում։

Այսօր ջրի խնդիրը դարձել է միջազգային անվտանգության առանցքային գործոններից մեկը։ ՄԱԿ-ի Հազարամյակի նպատակների 6-րդ կետը վերաբերում է հենց ջրային անվտանգությանը։ Ըստ ՄԱԿ-ի՝ աշխարհում 1  միլիարդից ավելի մարդ զրկված է քաղցրահամ ջրից օգտվելու հնարավորությունից, իսկ մինչև 2030 թ. կարող է առաջանալ շուրջ 700 մլն կլիմայական փախստականների հոսք ջրի պաշարների բացակայության հետևանքով։

Այս ամենը վկայում է, որ ջուրը դառնում է ոչ միայն կենսական ռեսուրս, այլև աշխարհաքաղաքական ազդեցության գործիք։

Ադրբեջանում քաղցրահամ ջրի պակասորդը վերջին տարիներին գնալով ավելի է խորանում։ Ինքը՝ Ալիևը մեկ անգամ չէ, որ խոսել է ջրի ռացիոնալ օգտագործման անհրաժեշտության մասին։

Համաշխարհային բանկի տվյալներով՝ մեկ շնչին բաժին հասնող վերականգնվող քաղցրահամ ջրի ներքին պաշարները Ադրբեջանում կազմում են ընդամենը 851 խմ, մինչդեռ Հայաստանում՝ ավելի քան 2329 խմ։ Սա նշանակում է, որ Բաքուն աստիճանաբար կանգնում է էկոլոգիական և սոցիալ-տնտեսական լուրջ սպառնալիքների առաջ։ Միջազգային փորձագետներն անգամ զգուշացնում են հնարավոր էկոլոգիական աղետի մասին, եթե հարցը չստանա համակարգային լուծում։

Ստեղծված իրավիճակում Ադրբեջանի համար կենսական է դառնում նոր ջրային աղբյուրների ապահովումը։ Ջրի պակասորդը վերածվել է Ադրբեջանի անվտանգային և քաղաքական գերակա հարցերից մեկի, իսկ Սևանը՝ տարածաշրջանի կարևորագույն ջրային ռեսուրսը, ակնհայտորեն մտնում է Բաքվի գեոռազմավարական հաշվարկների դաշտ՝ մերկացնելով պաշտոնական Երևանի նարատիվները «խաղաղության հաստատման» մասին:

Ք.գ.դ., պրոֆեսոր Վահե Դավթյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930