Նիկոլ Փաշինյանն էլ հրաշալի տեսավ, ավելին՝ մեկ անգամ ևս համոզվեց, որ չունի հանրային աջակցություն: Ընդհանրապես չունի: Ու վաղը, երբ ոստիկանությունն ու իշխանական ճնշման լծակները չլինեն, խիստ կասկածելի է, որ Հովհաննավանքի մոտ եկածների նույնիսկ կեսի կեսը մնա իր կողքին:
Բայց դա տեսնելով ու գիտակցելով հանդերձ, ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը:
Նա ավելի սրամիտ բան չի կարող մտածել, քան… նույն գործելակերպը շարունակելն է: Հիմա էլ որոշել է Թալինում «միջոցառում» անել: Դրա պատճառն էլ պարզ է. Թալինում համայնքապետը մոլեռանդ «նիկոլական» է: Թե թալինյան հավաքին ինչ պատկեր կարձանագրվի, կանխատեսելի է: Բայց թույլ տանք մեզ նկատել, որ ակցիաների տեղերը փոխելիս հանրագումարային բովանդակությունը չի փոխվում:
Իսկ բովանդակությունը տվյալ պարագայում սին է: Փաշինյանը, դիրքավորվելով որպես իրականության զգացողությունը կորցրած, բայց իրավապահ ու ռեպրեսիվ մարմիններին ցանկացած անօրինական հրահանգ տալու ունակ ղեկավար, ըստ էության, նպատակադրվել է ոչնչացնել Հայ առաքելական եկեղեցին՝ որպես ազգային-հոգևոր կառույց: Դա ծրագիր «մաքսիմումն» է, որը համապատասխանում է նաև ադրբեջանական կողմի պահանջներին:
Կարդացեք նաև
Ծրագիր «մինիմումը», պետք է ենթադրել, այն է, որ Փաշինյանը փորձում է ձևավորել գոնե «այլընտրանքային ՀԱԵ», այսինքն՝ ստանալ իբր կրկնօրինակ «կառույց» և դրանով հակադրվել Մայր Աթոռին ու ՀԱԵ-ին: Դե, ինչպես 90-ականներին կասեին, «կոոպերատիվ եկեղեցի»:
Համարձակվենք ենթադրել, որ դրանից միայն դատարկ աղմուկ է դուրս գալու և ուրիշ ոչինչ: Մեծ հաշվով, թե՛ նախորդ, թե՛ վերջին, ու վստահ ենք՝ նաև առաջիկա քպական կիրակնօրյա հավաքները ընդամենը վերստին հաստատելու են, որ Փաշինյանը չունի հանրային աջակցություն, իսկ, որ ավելի կարևոր է, մեր հանրությունն իր մեծամասնության մեջ առողջ է: Ճիշտ է, հանրությունը հիմնականում լուռ դիմադրություն է դրսևորում, բայց դա էլ իր պատճառներն ունի:
Մյուս կողմից՝ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի շնորհիվ, թող տարօրինակ չհնչի, նախ՝ հենց Եկեղեցու ներսում բացահայտվում են քպական «գործակալները»: Չենք կասկածում, որ մեր հոգևոր հայրերն անկեղծորեն ցավ են ապրում նման «հիվանդ ոչխարներ» ունենալու համար, և նույնիսկ նրանց չէին կամի տալ առողջ «գայլի» երախը: Սակայն կյանքն ու փորձություններն իրենց շտկումներն են բերում:
Մյուս հատկանշական պարագան այն է, որ ինչ Փաշինյանն ավելի մոլեգին է սկսել հակաեկեղեցական քայլեր անել, այնքան ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսել հաճախել ամենատարբեր եկեղեցիներ, մանավանդ՝ կիրակնօրյա պատարագների: Հասկանալի է, որ քպական իշխանությունն ու այն գլխավորող Նիկոլ Փաշինյանը նմանապես դա տեսնում են, դրանից ավելի են հերսոտում և էլ ավելի անընդունելի, «կարմիր գծեր» ջնջող քայլերի են դիմում:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում


















































                        
         
         