Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույնիսկ կասկածում եմ՝ Ադրբեջանում այդքան շատ քաղբանտարկյալներ եղե՞լ են պատմական այդքան կարճ ժամանակաշրջանում». Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Փաստ»

Նոյեմբեր 04,2025 10:22

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշում է՝ եթե Փաշինյանն ունի մինչև 15 տոկոս ձայն, ընտրազանգված, դա նշանակում է երաշխավորված հաղթանակ սպասվող խորհրդարանական ընտրություններում։ «Սա միանշանակ է, որովհետև ընդհանուր 15 տոկոս քվեն այն հանգամանքում, երբ սովորաբար ընտրողների մոտ 50 տոկոսն է ներկայանում ընտրություններին, ինքնաբերաբար կրկնապատկվում է, դառնում 30 տոկոս։ Գումարեք բյուջեի վարչական ռեսուրսները, կեղծիքները, որոնք այսօրվանից արդեն իրականացվում են, և խնդրեմ՝ Փաշինյանի հաղթանակը պատրաստ է։ Կարծում եմ՝ քաղաքական ընդդիմությունը սա լավ է հասկանում, բայց դա հասկանալով հանդերձ դեռևս համապատասխան քայլեր չի ձեռնարկում դա կանխելու համար։ Զուգահեռ Փաշինյանն ուզում է ավելի վստահ լինել իր գալիք հաղթանակում և հանրությանը մոլորեցնելու տարբեր գործողություններ է իրականացնում, այդ թվում՝ նաև վարկաբեկելով և փչացնելով բոլոր այն ինստիտուտները, որոնք կարող են իր համար հակառակ ճամբարը կոնսոլիդացնող գործոն հանդիսանալ։ Եկեղեցին դրանցից մեկն է, բանակը դրանցից մեկն է, ազգային կուսակցությունները և այլն։ Դրա համար նա հետևողականորեն աշխատում է բոլորի դեմ. ում կարող է վարկաբեկել, վարկաբեկում է, ում կարող է ձերբակալել, ձերբակալում է, կարո՞ղ է այլ հետապնդումներ իրականացնել, անում է։ Մեծ հաշվով, կարողանում է արդյունք ստանալ։ Ցավոք, Փաշինյանին հաջողվել է ինչ-որ չափով հանրության մեջ նույնականացնել իրեն և ընդդիմությանը։ Մարդիկ ասում են՝ բոլորն էլ նույնն են, բան չի փոխվելու։ Սա մի թեզ է, որը ծառայում է բացառապես Նիկոլի շահերին, և Նիկոլը դրա հետևից գալիս է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելիք-Շահնազարյանը։

Բայց հասարակությունն էլ կարծես իմունիտետ է ձեռք բերում տարբեր լուրերի, տեսանյութերի, առհասարակ ինֆորմացիոն հոսքերի առումով, և արձագանքում է՝ դրանք կարող են իրական չլինել։ «Տեսնում եմ, որ կան արժեքներ, որոնց նկատմամբ հասարակությունը անտարբեր չէ։ Եկեղեցին դրանցից մեկն է, սա միանշանակ է։ Անցած երկու կիրակի օրերին, երբ Փաշինյանը, ըստ էության, իրենց այդ ակցիան կատարեց Եկեղեցում ժողովրդի բացակայության պայմաններում, միևնույն ժամանակ Արագածոտնի թեմի մնացած բոլոր եկեղեցիները լեփ-լեցուն էին։ Մարդիկ, ովքեր սովորաբար չէին գնում պատարագներին, այս կիրակի գնացել էին։ Դա հանրային ուղերձ է, որը տրվում է էլիտաներին ժողովրդի կողմից, որ Նիկոլի այս քաղաքականության հետ մենք համաձայն չենք, որ այդ գործողությունները մեր շահերի, արժեքների, հավատքի դեմ է։ Ժողովուրդը ուղերձը տալիս է և սպասում է առաջնորդության. եթե կլինի այդ առաջնորդությունը, կլինի նաև հաջողություն Նիկոլի օրակարգերը թուլացնելու տեսակետից։ Պետք է այդ առաջնորդությունը ձևավորել, որովհետև ժամանակ առ ժամանակ ժողովուրդն այդ ուղերձը տալիս է և սպասում է գործողությունների։ Պարզ է, որ ժողովուրդն ինքը ոչինչ չի նախաձեռնելու, կայացած ինստիտուտները դա պետք է անեն՝ ի դեմս կուսակցությունների, Եկեղեցու, առաջնորդների և այլն։ Կարևոր է հասկանալ ժողովրդի այս ուղերձը և տեր կանգնել այդ պահանջին», – նշում է մեր զրուցակիցը։

Նիկոլ Փաշինյանը, կարծես, ունի եվրոպական տարբեր երկրների և կառույցների աջակցությունը, չէ՞ որ վերջիններս բառացի աչք են փակում Հայաստանում տեղի ունեցող ապօրինությունների վրա։ «Միանշանակ ունի աջակցություն, և դա փաստ է։ Նիկոլ Փաշինյանը չի վախենում նախապես հայտարարել քաղաքական հետապնդումների մասին, հետո սկսել մարդկանց լցնել բանտերը։ Տասնյակներով քաղբանտարկյալներ կան Հայաստանում, նման բան երբեք այստեղ չի եղել։ Նույնիսկ կասկածում եմ՝ Ադրբեջանում այդքան շատ քաղբանտարկյալներ եղե՞լ են պատմական այդքան կարճ ժամանակաշրջանում։ Տեսե՞լ եք երբևէ ինչ-որ քննադատական խոսք Արևմուտքից։ Նույնիսկ չի էլ մտածում, որ կարող է քննադատության արժանանալ, և հանգիստ իր գործն անում է՝ չմտածելով ո՛չ օրենքի, ո՛չ պատասխանատվության, ո՛չ բարոյականության, ո՛չ քննադատությունների, ո՛չ մի բանի մասին։ Նա իր սև գործն անում է, այդ թվում՝ Արևմուտքի շատ գործուն աջակցության միջոցով»,-եզրափակում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930