Լրահոս
Օրվա լրահոսը

Անձնական տվյալների նման արտահոսքը կարող է օգտագործվել թշնամական պետությունների կողմից՝ պետական կառույցների վարկաբեկման կամ անհատների նկատմամբ ճնշում գործադրելու համար. «Փաստ»

Նոյեմբեր 04,2025 10:46

Անձնական կյանքի գաղտնիության խախտումը լուրջ մարտահրավեր է ոչ միայն բարոյական տեսանկյունից, այլև քաղաքական և իրավական հարթությունում։ Երբ անձի կյանքի մանրամասները, ընտանեկան հարաբերություններն ու հաղորդակցությունները դառնում են հանրային սեփականություն՝ առանց իրենց համաձայնության, դա ընդամենը մեկ մարդու իրավունքների խախտում չէ։ Դա հարված է ամբողջ հանրության վստահությանը պետության, իրավական համակարգի և, ընդհանուր առմամբ, հասարակության արժեհամակարգի նկատմամբ։ Եթե մարդը չի կարող վստահ լինել, որ իր մասնավոր կյանքը պաշտպանված է՝ անկախ իր դիրքից, պաշտոնից կամ հանրային ճանաչվածությունից, ապա հասարակությունը դադարում է լինել անվտանգ և ազատ։ Այս իրականությունը ստեղծում է անվստահություն ոչ միայն անհատների, այլև ինստիտուտների միջև, խաթարում է հանրային համերաշխությունն ու իրավական պետության հիմքերը։

Այս խնդիրը հատկապես սրվում է այն ժամանակ, երբ անձնական կյանքի գաղտնիության խախտումները դառնում են քաղաքական գործիք։ Տեղեկատվական հարձակումների, մանիպուլ յացիաների, շանտաժի, վարկաբեկման կամ հանրային ճնշման նպատակով տարբեր խմբեր, այդ թվում՝ քաղաքական ուժեր, հաճախ են օգտագործում անձնական կամ ընտանեկան կյանքի տվյալները։ Սա հատկապես բնորոշ է իշխանություն ներկայացնող ուժերին, որոնք ունեն հասանելիություն հատուկ կառույցների կողմից իրականացված «գործողություններին»: Սրա օրինակները, ցավոք, հաճախակի են դարձել Հայաստանում, երբ լրատվամիջոցներում հայտնվում են տարբեր ձայնագրություններ ու տեսանյութեր, որոնք մեծամասամբ, ամենայն հավանականությամբ, ձեռք են բերվել նույն հատուկ ծառայությունների միջոցով ու, «չգիտես ինչպես», հայտնվել են իշխանական կամ իշխանամերձ լրատվամիջոցներում:

Այսպիսի պրակտիկան ոչ միայն անընդունելի է բարոյական և իրավական տեսանկյունից, այլև վտանգավոր է երկրի համար՝ թուլացնում է ազգային անվտանգությունը, հասարակական վստահությունը և պետական ինստիտուտների հեղինակությունը։ Ի վերջո, նմանատիպ միջադեպերը կարող են օգտագործվել նաև արտաքին ուժերի կողմից՝ դիվերսիոն, քարոզչական կամ շանտաժային նպատակներով, ինչը արդեն վերածվում է ազգային անվտանգության սպառնալիքի։ Անձնական տվյալների նման արտահոսքը, մասնավոր կյանքի խախտումները կարող են օգտագործվել թշնամական պետությունների կողմից՝ մեր երկրի և քաղաքացիների դեմ տեղեկատվական պատերազմում՝ հասարակության բևեռացման, պետական կառույցների վարկաբեկման կամ անհատների նկատմամբ ճնշում գործադրելու համար։

Այս համատեքստում անձնական կյանքի գաղտնիության պաշտպանության խնդիրն արդեն վաղուց դուրս է եկել անհատական դաշտից և դարձել է համազգային և համամարդկային մարտահրավեր։ Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ամբողջական, համակարգված և բազմամակարդակ մոտեցում։ Նախ՝ պետությունն իր պարտականությունն ունի՝ մշակելու և կիրառելու խիստ, ժամանակակից ու արդյունավետ օրենսդրական մեխանիզմներ, որոնք ոչ միայն կներկայացնեն անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը, այլև կերաշխավորեն դրա գործնական պաշտպանությունը։ Անհրաժեշտ է ապահովել դատաիրավական արդյունավետ համակարգ, որը կարձագանքի նման խախտումներին՝ հատուկ սահմանված պատասխանատվության մեխանիզմներով։ Պետք է ունենալ պատասխանատվության կոնկրետ ուղղություններ՝ ինչպես անհատների, այնպես էլ իրավաբանական անձանց համար, որոնք խախտում են անձնական կյանքի գաղտնիության նորմերը՝ լինի դա ապօրինի նկարահանում, ձայնագրություն, տվյալների արտահոսք կամ տեղեկատվության չարտոնված շրջանառություն։ Բայց դժվար է ապահովել նման բարեփոխումներ ու նախաձեռնություններ այն երկրներում, որտեղ իշխանություններն իրենք էլ, մեղմ ասած, դեմ չեն նման «սլիվներին»:

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930