Լրահոս
Օրվա լրահոսը

Տարիներ շարունակ սեռական բնույթի խոսքեր էր շռայլում Նիկոլի ու իր թիմի մասին՝ կամաչեմ անգամ կրկնել. Տեր Վրթանես քահանա Բաղալյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 04,2025 11:36

«Հրապարակի» զրուցակիցը Տեր Վրթանես քահանա Բաղալյանն է:

– Անգամ որոշ ընդդիմադիրներ կարծում էին, թե այս կիրակին Հովհաննավանքում ավելի մարդաշատ ու տպավորիչ կլինի, քան նախորդ կիրակի էր: Եթե հաշվի առնենք, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր, եւ ՔՊ-ն ջանք ու եռանդ չէր խնայել Հովհաննավանքը լցնելու ուղղությամբ, բայց արդյունքում ընդամենը 400-500 մարդ էր հավաքվել, մեծ մասը՝ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ըստ Ձեզ` ինչո՞ւ է Փաշինյանի հակաեկեղեցական արշավը ձախողումներ արձանագրում:

– Մտածում էին, որ Հովհաննավանքի տարածքը կարող են լցնել` վարչական ռեսուրսի կիրառմամբ, բայց քանի որ այն նաեւ գյուղական բնակավայր է, բնակչության հիմնական մասը հարգում եւ շատ բարձր է գնահատում Տեր Սարգիս քահանա Սարգսյանին, որի տարեդարձն է այսօր: Նա շատ սիրված քահանա է, Ապարանի եկեղեցում էր ծառայում, այժմ` Հովհաննավանքում: Ստեփան Ասատրյանին աջակցում է գյուղի մի չնչին հատվածը, սա է նաեւ պատճառը, որ մարդիկ խուսափեցին գնալ Հովհաննավանք: Իշխանությունը մտածում էր, որ վարչական ռեսուրսով, տարբեր տեղերից մարդկանց բերելով՝ կարող է հաջողության հասնել, բայց շնորհիվ լրագրողների` բացահայտվել են այն մարդկանց դեմքերը, ովքեր վերջին 6-7 տարիներին մասնակցում են նմանաբնույթ ակցիաների: Մշտապես նույն ագրեսիվ դեմքերը, նույն անադեկվատ կեցվածքը, նույն բառապաշարը: Անգամ եկեղեցու տարածքում իրենց չեն կարողանում դրսեւորել: Մեկը սեռական բնույթի հայհոյանքներ էր տալիս, մեկը սիգարետ էր ծխում, մյուսն արեւածաղիկ էր ուտում, մյուսը բղավում ու անիծում էր: Այնտեղ տեսանք նաեւ հայտնի մարզպետներին, քաղաքապետերին: Ես ֆիքսեցի նաեւ Բյուրականի համայնքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներին, որոնք զբաղվում են աղբահանության հարցերով: Հավանաբար, համայնքապետարանն էր պարտադրել այդ մարդկանց՝ ներկա գտնվել: Մի խոսքով, ահռելի վարչական ռեսուրս էր կիրառվել, սակայն մարդկանց թիվը չէր ավելացել: Տեսանք նաեւ գազելներից իջնող մարդկանց, ովքեր խուսափում էին լրագրողների հետ զրույցներից, որովհետեւ ասվել էր իրենց, որ ոչ մի պարագայում չխոսեն, բերաններից ավելորդ բան չթռցնեն: Ենթադրում եմ, որ հենց այս ձախողումը ստիպեց՝ հաջորդ հավաքն անցկացնել Թալինում, քանի որ այն քաղաքային բնակավայր է, եկեղեցին ավելի փոքր է` տարածքով, մտածում են՝ գոնե վարչական ռեսուրսի կիրառմամբ Թալինի եկեղեցին կարող են լցնել: Էլի դպրոցներից, համայնքապետարաններից պարտադրանքով մարդկանց կբերեն, տպավորություն կստեղծեն, որ աջակիցների մի մեծ խումբ ունեն: Ամենացավալին այն է, որ եկեղեցու բակում հայտնված այդ մարդկանցից եւ ոչ մեկը չկարողացավ իրեն ճիշտ դրսեւորել: Ոչ մի կին գլխաշոր չէր կրում, ոչ մի տղամարդ իրեն հավատացյալի պես չէր պահում: Նույնիսկ չգիտեին, թե ինչ տոն է, ինչ խորհուրդ ունի տոնը: Այդ մարդիկ երբեւէ ո՛չ եկեղեցի էին գնացել, ո՛չ պատարագի: Հովհաննավանքի կյանքին մշտապես եղել են անհաղորդ ու հիմա վերադասի պարտադրանքով միայն հայտնվում են այնտեղ: Մի մասը հերյուրանքներ է տարածում, մի մասը` չարություն: Ստեփանի անպատասխանատու հայտարարությունը լսեցի, ասում է` դե, մենք չունենք մեր խոսքերի հիմնավորումը, բայց թող կաթողիկոսը մեզ դատի տա: Այսինքն` իր նման բոլորը կարող են ավել-պակաս ինչ-որ բաներ խոսել եւ անցնել առաջ, բայց չէ՞ որ ասողը՝ ինքը, պարտավոր է իր ասածներն ապացուցել: Նա հստակ կերպով զրպարտիչ է: Նույնիսկ եկեղեցիներ օծելու մասին խոսեց ու այնպիսի ստեր ասաց, որ ուղղակի իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Իմ ժամանակ երբ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցին վերաօծվեց, այն կատարվեց զրո դրամով: Չկա մեկը, որ կարող է ասել, թե հարյուր դրամ է ինձ տվել` եկեղեցին վերաօծելու ժամանակ: Ասեմ ավելին` սրբազան հորը, վերաօծումից հետո, խնդրեցի մեզ հետ ճաշի մասնակցել, սակայն նա նույնիսկ ճաշին չմասնակցեց: Մենք` գյուղացիներով ենք ճաշին մասնակցել: Այդքանից հետո ո՞նց կարելի է նման անլուրջ ու անպատասխանատու հայտարարություններ անել: Այդ մարդը` Ստեփանը, լուրջ չէ, ավելորդ է անգամ այդ անլուրջ մարդու մասին խոսելը: Տեր Սարգիսը եղել է իմ համակուրսեցին: Միասին ենք սովորել 1995-1998 թվականներին: Ասում է` Տեր Սարգիսը «խադավիկ» է եղել, բայց քանի որ կաթողիկոսի բարեկամն է, քահանա են ձեռնադրել: Այ անգրագետ, ո՞նց կարելի է առանց ամոթի զգացման նման ստեր արտաբերել: Տեր Սարգիսը դեռ շատ վաղուց ավարտել է Մանկավարժականի պատմության ֆակուլտետը եւ երկար ժամանակ Արագած եւ Ծաղկունք գյուղերի դպրոցներում պատմություն է դասավանդել: Նա հիմա ո՞նց դարձավ «խադավիկ», թեպետ ո՞վ ասաց, որ «խադավիկ» աշխատելն ամոթ է: «Խադավիկությունը» նորմալ մասնագիտություն է, հարյուրավոր «խադավիկներ» Ստեփան Ասատրյանից անհամեմատ բարոյական են, թեպետ նրանց ձեռքերը յուղոտ են, սակայն հոգին մաքուր է, խիղճը մաքուր է, ի տարբերություն իրեն: Ժամանակին նա Արայիկ Հարությունյանին «Սորոսի բիճ» էր ասում, իսկ Նիկոլին` «ոչխար», վերջին հայհոյանքներն էր տալիս, հիմա դարձել է իշխանակա՞ն: Մենք, ի տարբերություն իրեն, երբեք ոչ մեկին, անգամ Նիկոլին չենք հայհոյել: Այժմ ինքը մոռացել է իր հայհոյանքները եւ անամոթաբար մեզ վրա գործ է տալիս: Տարիներ շարունակ այնպիսի սեռական բնույթի խոսքեր էր շռայլում Նիկոլի ու իր թիմի մասին, որ ես հիմա կամաչեմ անգամ դրանք կրկնել:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930