Սպորտի կառավարման կենտրոնի՝ նախկին «Միկա» մարզադահլիճում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների եւ երիտասարդների առաջնությունը:
Մրցումային առաջին օրը Հայաստանն ուներ երեք մասնակից եւ բոլորն էլ առավելության հասան մրցակիցների նկատմամբ: 57 կգ քաշային կարգում մոլդովացու հետ բավականին ծանր մենամարտում հաղթանակը շնորհվեց Տիգրան Հովսեփյանին: Այնուհետեւ, 63,5 քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը հավասար պայքարում պարտության մատնեց Վրաստանի ներկայացուցչին, իսկ օրվա հաղթական վերջակետը դրեց 67 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը, որը պայքարից դուրս թողեց Սերբիայի ներկայացուցչին:
Այսօր երեկոյան Անդրանիկ Մարտիրոսյանը ռուս մրցակցի հետ կանցկացնի իր երկրորդ մենամարտը: Նրանից հետո ռինգ կմտնեն Սամվել Սիրականյանը՝ 75 կգ եւ Ալբերտ Հարությունյանը՝ 80 կգ քաշային կարգ:
Կարդացեք նաև
Ցերեկը Մ 23 տարիքային խմբում ըստ հաջորդականության պայքարի մեջ կներգրավվեն Հայաստանի աղջիկների հավաքականի անդամներ, 48 կգ քաշային Լուսինե Գեւորգյանը, 52 կգ՝ Արեւիկ Դոխոլյանը, 54 կգ՝ Լուսյա Ավետիսյանը, 57 կգ՝ Ջուլյա Լալայանը, 60 կգ՝ Էլիդա Քոչարյանը, 63 կգ՝ Սոնա Հարությունյանը: Իսկ երեկոյան 57 կգ քաշային կարգում առաջին մենամարտը կանցկացնի երիտասարդական հավաքականի անդամ Էլեն Պապյանը:
Հայաստանի բռնցքամարտիկները զգում են հանդիսականի աջակցության կարիքը, մանավանդ, որ մուտքը «Միկա» մարզադահլիճ ազատ է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































