Նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ` սահմանելով 6․75%։ Որոշվել է նաեւ ՀՀ ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 8.25 %, իսկ ՀՀ կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %:
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ասուլիսում նշեց, որ 2025թ երրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը փոքր ինչ արագացել է՝ սեպտեմբերին կազմելով 3,7%, եւ այդ ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճը եւս ավելացել է՝ կազմելով 3,5 %:
«2025 թ. երրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունում եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի աճի հետագա դանդաղման, իսկ ԱՄՆ-ում՝ զուգահեռաբար նաեւ գնաճի արագացման ռիսկերը պահպանվում են: ԱՄՆ-ի առեւտրային քաղաքականության եւ դրա մակրոտնտեսական ազդեցությունների շուրջ անորոշությունը դեռեւս առկա է: Միջնաժամկետում, ԱՄՆ-ի պետական պարտքի մեծացման պայմաններում, բարձր է մնում երկարաժամկետ տոկոսադրույքների աճի շուրջ անորոշությունների մակարդակը: ԱՄՆ-ում սպառման աճի բարձր տեմպը շարունակում է նպաստել հարաբերականորեն բարձր տնտեսական աճի և գնաճային միջավայրի ձևավորմանը: Այդուհանդերձ, ԱՄՆ-ում ֆինանսական ակտիվների գների հնարավոր ճշգրտման եւ աշխատաշուկայի պայմանների թուլացման ռիսկերը կարող են բացասական ազդեցություն ունենալ միջնաժամկետ աճի հեռանկարի վրա»,- նշեց ԿԲ նախագահը:
Ապա հավելեց, որ միեւնույն ժամանակ, Հայաստանի հիմնական գործընկեր մյուս երկրներում միջնաժամկետ աճի ու պահանջարկի թուլացման ռիսկերն աստիճանաբար առարկայանում են: Նրա խոսքով, նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել, իսկ պարենի համաշխարհային գների աճը՝ որոշակիորեն մեղմվել։ Չնայած սրան, Մարտին Գալստյանը նշեց, որ այնուամենայնիվ աշխարհաքաղաքական անորոշությունները եւ միջազգային առեւտրային հարաբերություններում լարվածությունը շարունակում են համաշխարհային տնտեսությունում գնաճի տատանողականության աղբյուր հանդիսանալ…Եվ հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում հիմնականում կպահպանեն կամ աստիճանաբար կթուլացնեն դրամավարկային խիստ պայմանները»:
Կարդացեք նաև
Դառնալով Հայաստանին, Մարտին Գալստյանը տեղեկացրեց, որ 2025 թ. երրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունն ավելացել է, ու բարձր տնտեսական ակտիվությանը նպաստել են շինարարության եւ ծառայությունների ճյուղերի բարձր աճը, ինչպես նաեւ որոշ կարճաժամկետ ոչ կառուցվածքային գործոնների ազդեցությունը. «2024 թ. եւ 2025-ի առաջին եռամսյակում արձանագրված դանդաղումից հետո, 2025 թվականի երկրորդ և երրորդ եռամսյակներում արձանագրվել է տեղական ապրանքների եւ ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի աճ:
Ի թիվս այլնի, նա հավելեց, որ մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները, ընդհանուր առմամբ, ակնկալում են, որ ՀՀ կենտրոնական բանկը միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը մինչեւ 6.25-6.5%: Քննարկված ռիսկերի եւ առկա անորոշությունների պայմաններում, մի կողմից՝ Խորհուրդը դիտարկել է Ա տիպի սցենարներ՝ կապված հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությամբ համաշխարհային չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ինչպես նաեւ ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձևավորման հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքների ուղի։
Խորհուրդը քննարկել է նաեւ Բ տիպի սցենարներ՝ ներառյալ համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարի եւ անշարժ գույքի գների հնարավոր, աստիճանական ճշգրտման պայմաններում տնտեսությունում թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման ու խորացման վերաբերյալ ռիսկեր, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքների ուղի: Արդյունքում՝ կարեւորելով Ա տիպի սցենարներից բխող մակրոտնտեսական ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը ներկա շրջափուլում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները եւ պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի եւ գների կայունության ապահովման համար»:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ ԿԲ նախագահն ասաց. «Մենք շարունակաբար նկատում ենք, որ երկու կողմերի ռիսկերի էականությունը որոշակի չեզոքանում է: Այսինքն, եթե Բ տիպի ռիսկերի մեջ նայում էինք, որ անշարժ գույքի գների հնարավոր գահավիժում, անկում է եւ այլն, հիմա ավելի մեղմ եւ հարաբերականորեն հանդարտ են տեղի ունենում գների ճշգրտումները: Մյուս գործոններն էլ, ֆիսկալի մասից եկող ազդակներն էլ տեսնում ենք, որ կառավարությունը ֆիսկալ կարգապահության տեսանկյունից բարձունքի վրա է: Մյուս տարվա բյուջեում էլ տեսաք, որ 5,5 %-ը բյուջեի դեֆիցիտի իջեցնում են մինչեւ 4,5%, ինչը բավականին լավ է»:
Անդրադառնալով համաշխարհային տնտեսությունից եկող ազդակներին՝ նա նշեց, որ ԱՄՆ-ում կա որոշակի անորոշություն՝ հիմնականում կապված իրենց երկարաժամկետ վարքագծի հետ. «Այդ ամենի ներքո որոշակի մեղմում կա այն ֆոնի, որի մեջ մենք գործում ենք, բայց միեւնույն ժամանակ առաջ նայելով՝ խորհրդի մեծամասնությունն այն կարծիքին է, որ Ա տիպի ռիսկերի հանդեպ պետք է ավելի աչալուրջ լինել ու ավելի ուշադիր հետեւել ռիսկերի մատերիալիզացիային»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































