«Ռուս-ուկրաինական հակամարտությունը ստեղծեց արտաքին պահանջարկի բավականին մեծ ալիք, ինչը գնաճը Հայաստանում տարավ վերեւ: Կենտրոնական բանկը ստիպված էր արձագանքել այդ իրողությանը: Այդ ալիքը հաղթահարելուց հետո՝ մենք 2023թ հունիսից սկսեցինք մեղմման փուլը, ու այս պահի դրությամբ հասել ենք 6․75%-ի: Մեր վերջին նվազեցումը եղել է փետրվար ամսին, դրանից հետո կայուն ենք պահել տոկոսադրույքները»,- պատասխանելով լրագրողի հարցին՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի թեմայով ասուլիսում նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Նա հիշեցրեց, որ քովիդին հաջորդող ժամանակահատվածում կրկնակի բարձր՝ 8 %-ը գերազանցող գնաճ կար, սակայն այս պահի դրությամբ ԿԲ խորհուրդը ավելի մեղմ է տեսնում ռիսկերի դրսեւորման հավանականությունը: Մարտին Գալստյանի ձեւակերպմամբ, ներկայումս ԿԲ-ի քաղաքականությունը բավականին համարժեք է:
Ինչ վերաբերվում է վարկերի տոկոսադրույքների վերաբերյալ հարցին՝ ԿԲ նախագահն ասաց, որ սպառողական վարկերը ընդհանուր վարկերի ընդամենը 22%-ն են. «Բոլոր մեծ վարկատեսակներն իրենց բնույթով ոչ ռիսկային են, ոչ էլ մեծ տոկոսներ ունեն: Մի բան հստակ է՝ երբ ժամանակին մենք տոկոսներն իջեցնում էինք, դրան ամենաշատն արձագանքում էր մեր եկամտաբերության կորի, այսինքն՝ պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի կարճաժամկետ հատվածը:
Այս անգամ մենք տեսնում ենք, որ օգոստոսից սկսած՝ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Մեր մեկնաբանությունն այն է, որ դա եւս մեր գործողությունների արդյունքում է, որովհետեւ պարտադիր պահուստավորման նորմ ենք փոխել, ու բանկերի համար ազատել ենք մոտ 180 միլիարդի ավելցուկ, իրացվելիություն, որը կարող է ուղղվել տարբեր նպատակների»:
Կարդացեք նաև
Մարտին Գալստյանը նաեւ հավելեց. «Այդ ամենի արդյունքում եկամտաբերության կորի միջնաժամկետ եւ երկարաժամկետ հատվածը մոտ 50-60 բազիսային կետով նվազել է: Ինչ վերաբերում է վարկերին, այդտեղ շահույթի մարժան այդքան մեծ չէ…Իհարկե, կան սպառողական վարկեր, որոնք կարող են մինչեւ 20 % բարձր լինել՝ կախված հաճախորդի ռիսկայնությունից: Ամեն դեպքում, միջին սպառողական վարկը 20 %-ից ցածր է»:
Նա շեշտեց, որ Հայաստանում վարկերի տոկոսադրույքներն ավելի բարձր չեն, քան տարածաշրջանում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































                        
         
         
                                
                                
                                
                                