Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում տեղական ինքնակառավարումը կազմալուծված է. «Անկախ դիտորդ» դաշինքն ահազանգում է

Նոյեմբեր 04,2025 16:02

«Անկախ դիտորդ» դաշինքն ահազանգում է, որ չարաշահվում են պետական իշխանության վարչական ռեսուրսները, և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապօրինի որոշմամբ կրկին կանխվում է համայնքի ղեկավարի ընտրությունը:

Մասնավորապես, ինչպես հայտնի է, Վանաձորում 2021 թվականին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները վիճարկվել էին: Ու թեև, թե՛ միջազգային պրակտիկայով, թե՛ հայաստանյան օրենսդրությամբ սահմանված են ընտրական վեճերի քննության սեղմ ժամկետներ ու բողոքարկման սահմանափակ հնարավորություններ (որպեսզի վիճարկումը չխանգարի ընտրությունների արդյունքում իշխանության ձևավորմանը), այդուհանդերձ, այդ սահմանափակումները խախտելով դատաիրավական համակարգը 4 տարի է, ինչ խոչընդոտում է Վանաձորում տեղական իշխանության ձևավորմանը:

Նախևառաջ, դա դրսևորվեց ընտրությունների վիճարկման գործընթացի երկարացմամբ, որտեղ, բացի այդ, որպես հայցի ապահովման միջոց դատարանը արգելք էր սահմանել Վանաձորում համայնքի ղեկավարի ընտրության հարցով նիստ գումարելու վրա:

Ու թեև օրերս վերոնշյալ դատական գործը կարճելուն (վեճի վերացմանը) զուգահեռ, Հարկադիր կատարման ծառայությունը «Հայրենիք» կուսակցության դիմումի հիման վրա վերացրեց համայնքի ղեկավար ընտրելու արգելքը, հույս առաջացավ, որ Վանաձորը, վերջապես, կունենա համայնքի ղեկավար, սակայն, հարկադիր կատարողի տվյալ որոշումը վերացվեց վերադասի կողմից:
Այլ կերպ ասած, Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայությունն այլևս իրականացնում է գոյություն չունեցող վեճի հայցի ապահովում, որի սահմաններում արգելում է Վանաձորում տեղական իշխանության ձևավորումը:

Այսպիսով, պետական իշխանությունը զավթել է Վանաձոր քաղաքում տեղական իշխանությանը և ապօրինի միջոցներով կանխում է ընտրություններով տեղական իշխանության ձևավորումը:

«Անկախ դիտորդ» դաշինքը հավատում է, որ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ձևավորվեն համայնքի բնակիչների քվեներով: Դաշինքն անթույլատրելի է համարում դատաիրավական համակարգի տապալումը և ժողովրդավարության հիմնարար սկզբունքի խախտումը՝ ապօրինի միջամտություններով:

«Անկախ դիտորդ» դաշինք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930