Լրահոս
Օրվա լրահոսը

Գտնվելով այստեղ՝ Բաքվում, ես ավելի, քան երբևէ ոգեշնչված եմ «Ավրորա» մրցանակի դափնեկիրներով և «Ավրորայի» ավելի լայն համայնքով՝ մարդկանցով, որոնք առանց ճանաչման կամ ուշադրության արժանանալու ձգտման ծառայում են ուրիշներին. Ռուբեն Վարդանյան

Նոյեմբեր 04,2025 17:46

Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ «Ավրորայի» 10-ամյակի կապակցությամբ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեության 10-ամյակի կապակցությամբ նախաձեռնության համահիմնադիր, ներկայում Բաքվում ապօրինի կալանքի տակ պահվող բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանը կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի միջոցով, ուղերձ է փոխանցել «Ավրորայի» համայնքին.

Սիրելի՛ ընկերներ, աջակիցներ և գործընկերներ,
Նախևառաջ՝ շնորհակալ եմ։ Ձեր հավատքը, առատաձեռնությունն ու վստահությունը հնարավոր դարձրին այն, ինչը մի ժամանակ անհնար էր թվում։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 10-ամյակի նախօրեին, անձնապես ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել բոլոր այն ընկերներին ու բարերարներին, որոնք հավատացին Հայաստանում ծնունդ առած՝ մարդասիրական համաշխարհային նախաձեռնություն սկսելու տեսլականին, վստահեցին ինձ և աջակցեցին իրենց առատաձեռնությամբ: Հենց նրանց նվիրվածությունը վառեց այն կայծը, որն ի վերջո վերածվեց «Ավրորա» շարժման։

Երբ 2014 թվականին մեր ընտանիքն առաջին անգամ ձեռնամուխ եղավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և «Ավրորա» մարդասիրական մրցանակի կյանքի կոչմանը, մենք այն պատկերացնում էինք որպես ութ տարվա ճանապարհ՝ մինչև 2023 թվականը՝ հուսալով, որ «Ավրորան» կվերածվի միջազգային շարժման՝ ունենալով արմատներ Հայաստանում և երախտագիտության գործուն առաքելություն, որը կշարունակեն ուրիշները։

Համավարակի պատճառով մեր նախանշած ժամկետը երկարաձգվեց մինչև 2024 թվականը, երբ Երևանում բացվեց Ավրորա Մարդիգանյանին եւ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակը՝ որպես երախտագիտության և հույսի խորհրդանիշ։ Այս իրադարձությունը դարձավ նաև հանգրվանային՝ ազդարարելով իմ ակտիվ մասնակցության ավարտը։

Ես խորապես շնորհակալ եմ Նուբարին և Վարդանին, ովքեր ի սկզբանե աջակցեցին նախաձեռնությանը որպես համահիմնադիրներ։ Առանձնահատուկ երախտագիտությունս եմ հայտնում Նուբարին և նրա ընտանիքին՝ 2023 թվականից հետո «Ավրորայի» առաջնորդությունը ստանձնելու և այն հաջորդ փուլ տանելու համար։ Հուսով եմ, որ Միացյալ Նահանգներում տեղակայված լինելու դեպքում էլ այն կշարունակի պահպանել իր հայկական արմատները։

Շնորհակալություն եմ հայտնում խորհրդի և ընտրող հանձնաժողովի բոլոր անդամներին` «Ավրորայի» առաքելությանը նվիրված լինելու, քրտնաջան աշխատանքի և հանձնառության, ինչպես նաև՝ այն իսկապես եզակի երևույթ դարձնելու գործում ձեր աջակցության համար։

«Ավրորայի» հիմքում դրված գաղափարը՝ երախտագիտությունը, մարդկային հիմնարար արժեք է։ Մեկնաբանելով Սբ Ֆրանցիսկոսի մտքերը՝ կցանկանայի ընդգծել, որ «երախտագիտությունն է ծնում ամենաիսկական ցնծությունը»։ Եվ իսկապես, գործուն երախտագիտությունը, կամ՝ «Երախտագիտությունն՝ ի գործ»-ը առողջ ու կարեկից ցանկացած համայնքի առանցքում է։

Գտնվելով այստեղ՝ Բաքվում, ես ավելի քան երբևէ ոգեշնչված եմ «Ավրորա» մրցանակի դափնեկիրներով և «Ավրորայի» ավելի լայն համայնքով՝ մարդկանցով, որոնք առանց ճանաչման կամ ուշադրության արժանանալու ձգտման ծառայում են ուրիշներին։ Հենց այս անխոնջ ջանքերն են մարմնավորում «Ավրորայի» ոգին։ Դուք իսկական հերոսներ եք, և «Ավրորայի» հիմնադիրները մշտապես հույս են փայփայել, որ շատերը կհետևեն ձեր օրինակին:

Նախաձեռնության 10-ամյակի կապակցությամբ «Ավրորային» մաղթում եմ շարունակական հաջողություններ՝ խորը հավատով, որ երախտագիտությունը կշարունակվի արտահայտվել գործով։

Երախտագիտությամբ և հույսով՝
Ռուբեն Վարդանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930