Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ խճճվում ես այլևայլությունների մեջ և սուտ օրակարգի հետևում, թե իբր եկեղեցի ես «փրկում» կամ «մաքրում»․ այլևս լսում եք, բայց չեք հասկանում, նայում եք, բայց չեք տեսնում. Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան

Նոյեմբեր 04,2025 19:40

Ժամեր առաջ լսեցի տեր Տարոն քահանա Հունանյանի հարցազրույցը, ով սուտ էր որակել «Ազատություն» ռադիոկայանին հոկտեմբերի 8-ին տված իմ հարցազրույցը՝ կապված իր ծառայության վայրը լքելու հետ, և չէի կարող չարձագանքել, առավել ևս, որ նշել էր, թե «չի չարանում»՝ անգամ խոստանալով աղոթել հոգուս փրկության համար։ Ես՝ Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ Սամվել վարդապետ Մխիթարյանս, թեմն առաջնորդում եմ 2024թ․-ի մայիսի 27-ից։

Հարցազրույցում տեր Տարոնի կողմից նշվեց, որ արձակուրդ ստացել է 1,5 տարի առաջ, այն էլ՝ անժամկետ (մեջբերումը՝ «Ազատություն» ռ/կ-ին տված իր հարցազրույցից), Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կողմից, ինչը բացարձակ սուտ է, քանի որ 1,5 տարի առաջ Բագրատ սրբազանն այլևս չէր հանդիսանում Տավուշի թեմի առաջնորդը։ Այդ իսկ պատճառով քահանան չէր կարող ստանալ արձակուրդ։

Եթե տեր Տարոն քահանան ցանկանում է փաստացի առաջնորդվել ըստ հրամանների և իր կողմից տրված զեկուցագրի, ապա նշեմ, որ Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրամանով տեր Տարոն քահանա Հունանյանը 2022 թվականի մարտի 18-ից ազատվել է Գեղարքունյաց թեմից և ծառայության է կոչվել Տավուշի թեմում։

Նույն թվականին իմ՝ իբրև Հաղարծին վանքի վանահոր, խնդրանքով, տեր Տարոն քահանա Հունանյանը Տավուշի թեմի նախկին առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կողմից նշանակվեց ոչ միայն Հաղարծին վանքի լուսարարապետ, ինչպես ինքն է տեղեկացնում, այլ նաև Դիլիջան համայնքի Թեղուտ և Հաղարծին գյուղերի հոգևոր հովիվ։

Տեր Տարոն քահանա Հունանյանի՝ ծառայության վայրից բացակայելու հետ կապված ոչ մի խնդիր չի եղել մինչև 2022 թվականի հոկտեմբերի 26-ը։ Այս ամսաթվից սկսած հաճախակիացան տեր հոր բացակայությունները՝ մեզ վերջերս հայտնի դարձած խնդիրների պատճառով։

Հավաստում եմ, որ 2023թ․-ի Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագին՝ հունվարի 5-ին անգամ, լուսարարապետ տեր հայրը վանք հասավ, երբ արդեն սկսվել էր Սուրբ պատարագը։ Տեր հայրը 2023թ․-ին գրեթե չներկայացավ ծառայության․ միայն մի քանի ամսվա կտրվածքով՝ 2023թ․-ի օգոստոսի 1-ից մինչև 2024թ․-ի փետրվարի 7-ը, տեր հայրը վանքից բացակայել է 116 օր։

Սա թեև իմ՝ իբրև վանահոր, խնդիրն էր, սակայն գտնվում էր թեմի առաջնորդի տիրույթում։ 2024թ․-ի մայիսի 27-ից, իբրև Տավուշի թեմի Առաջնորդության փաստացի պատասխանատու և արդեն իսկ Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ, խոսել եմ տեր Տարոնի հետ, այն էլ՝ ոչ առանձին, նաև խոսել եմ իրեն շատ հարազատ մեր հոգևոր եղբայրների հետ, սակայն՝ անարդյունք, և մինչ օրս նա ծառայության վայրում չէ (ք․ Իջևան, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի)։ Այս մասին գիտեն և կարող են վկայել Հաղարծին վանքի և Իջևան քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մեր հավատացյալները, որոնք ներկա են Տավուշի թեմի հոգևոր կյանքից ներս։

Իսկ թե ինչու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և Կարգապահական հարցերի հանձնախումբն իրեն նոր է հիշել, ինչպես նշում է տեր Տարոն քահանան, ապա նրան ավելի վաղ չեն հիշել այն պարզ պատճառով, որ ես մինչ այդ նրա առնչությամբ դրսևորել եմ հոգևոր կամք ու նրան ընդառաջելու ցանկություն և մինչև սույն թվականի սեպտեմբերի 14-ը նրա բացակայությունների համար, իբրև Առաջնորդական տեղապահ, ես ոչ մի դիմում չեմ ներկայացրել Վեհափառ Հայրապետին կամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և Կարգապահական հարցերի հանձնախմբին՝ կարծելով, թե նա կկարողանա կարգավորել անձնական խնդիրները (որոնք, ի դեպ, այդպես էլ չկարգավորվեցին) և կվերադառնա ծառայության։ Նրա հետ կապված միակ մեղավորությունս այս է։

Իսկ ինձ համար եղբայրաբար աղոթելու փոխարեն ձեզ համար աղոթեք՝ այս քայքայիչ գործելաոճի և պարզ հավատացյալներին գայթակղության տանելու համար։

«Կեղծավո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը և ապա հստակ կտեսնես՝ քո եղբոր աչքից շյուղը հանելու համար» (Մատթեոս 7:5)։

 

Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930