Սպորտի կառավարման կենտրոնում՝ նախկին «Միկա» մարզահամալիրում, այսօր բռնցքամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների եւ երիտասարդների առաջնության մրցումային երկրորդ օրն է:
Ցերեկային մրցահերթում ռինգը տրամադրվել էր աղջիկների առաջնության մասնակիցներին: Հայաստանից հանդես եկան 48 կգ քաշային Լուսինե Ավետիսյանը, 52 կգ՝ Արեւիկ Դոխոլյանը, 57 կգ՝ Ջուլյա Լալայանը, 60 կգ՝ Էլիդա Քոչարյանը եւ 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը: Մեր աղջիկներից առաջին արգելքը հաղթահարեցին Արեւիկ Դոխոլյանն ու Էլիդա Չախոյանը:
Չափազանց դրամատիկ ստացվեց հատկապես Էլիդա Քոչարյանի եւ սերբ Քրիստինա Կուլուխովայի մենամարտը: Երկուսն էլ ռինգում շատ ակտիվ էին ու միմյանց բազմաթիվ հարվածներ էին հասցնում: Այդ պարագայում երկրորդ ռաունդում բելառուս ռեֆերի Վյաչեսլավ Տիտովը համարեց, թե Քրիսինայի հարվածը տեղ հասավ եւ բացեց հաշիվը:
Կարդացեք նաև
Մինչդեռ, իրականում Էլիդան անհարմար տեղաշարժի ժամանակ էր մի փոքր կորցրել հավասարակշռությունը: Ինչեւէ, ի պատիվ Էլիդա Քոչարյանի, նա դրանից չընկճվեց ու ավելի ակտիվ սկսեց գրոհել: Սերբ մարզուհին ստիպված էր անընդհատ գրկել մրցակցին՝ այդպես սահմանափակելով նրա գրոհների թափը եւ հարվածների քանակը, ինչի համար երրորդ ռաունդում նկատողություն ստացավ:
Իսկ երբ մենամարտն ավարտվեց, հաղորդավար մրցավարը հայտարարեց, որ երեք ռաունդների արդյունքում Էլիդա Քոչարյանը 3:0 հաշվով հաղթանակի է հասել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































