Լրահոս
Օրվա լրահոսը

Մանդատներից հրաժարվելու դիմումներ՝ կալանավայրերից․ Ի՞նչ է կատարվում Գյումրիում

Նոյեմբեր 04,2025 20:15

Քիչ առաջ տեղի ունեցավ Գյումրու թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստը։

Հանձնաժողովը ի գիտություն ընդունեց Գյումրու ավագանու «Կոմունիստական կուսակցության» խմբակցության՝ երկամսյա կալանքի տակ գտնվող երկու անդամների՝ Գևորգ Ղուկասյանի ( խոսքը Վարդան Ղուկասյանի եղբոր թոռի մասին է, Ա․Ն․) և Սպարտակ Սահակյանի մանդատներից հրաժարվելու մասին Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանի արձանագրությունները ու նրանց մանդատները տրամադրեց ցուցակի հաջորդ թեկնածուներին։

Մանդատներ տրամադրեցին Սամսոն Էլբակյանին ու Տիգրան Ավագյանին։

Նշենք սակայն, որ իր ընդդիմադիր հայացքներով ու սուր քննադատություններով աչքի ընկնող ֆերմեր Տիգրան Ավագյանը ևս երկամսյա կալանքի տակ է գտնվում, ամենայն հավանականությամբ նա ևս կհրաժարվի մանդատից։

 

Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը պարզաբանեց, որ Տիգրան Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանքը, բայց դատարանի վճռով նա անգործունակ չի ճանաչված, դրա համար էլ տրամադրում են մանդատը։

«Կարող է վաղը ազատ արձակվել», -ասաց հանձնաժողովի նախագահը։

Նկատենք նաև, որ այսօր «Կոմունիստական կուսակցություն» խմբակցությունից որևէ ներկայացուցիչ չէր մասնակցում նիստին, չկա նախկին ոգևորությունը, նկատելի է, որ Գյումրիում մանդատ վերցնելը դառնում է ռիսկային։

Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարում է առաջին փոխքաղաքապետը՝ Ավետիս Առաքելյանը, որը նրա փեսան է։

Գյումրիում քաղաքապետի կալանավորմանը հաջորդեցին Վարդան Ղուկասյանի հարազատների, թիմակիցների, համախոհների մասսայական կալանավորումը, ու քանի որ հերթը հասավ ավագանու «Կոմունիստական կուսակցության» խմբակցության անդամներին, այս քաղաքում ընդդիմադիրների իշխանությունը պահելու, քվորում ապահովելու ու քաղաքի կյանքը չպարալիզացնելու նպատակով կալանավորվածները հերթով վայր են դնում մանդատները՝ հնարավորություն տալով այն փոխանցել հաջորդ թեկնածուներին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930