Լրահոս
Օրվա լրահոսը

Պարսկերեն լեզվով նորավեպ` հայ հերոսներով

Նոյեմբեր 04,2025 23:07

Նորավեպի (նովելի) հեղինակը իրանահայ Ռոբերտ Սաֆարյանն է, որն առավել հայտնի է որպես կինոռեժիսոր և կինոքննադատ։ Նորավեպը կոչվում է «Եթե ձյունը չդադարի տեղալ» և հրատարակվել է Թեհրանում։

Նովելը Իրանի հայերի սովորությունների մասին է,  նաև` սիրո և կանացի ապրումների. հերոսները Անահիտ, Ջուլիետա և Սարո քույր-եղբայրն են, Զավեն-Արփիկ զույգն են և նրանց փոքրիկը և ընտանիքների մյուս անդամները։ Նրանք երկու հարևան ընտանիքի զավակներ են. Սարոյենք հայոց եկեղեցու խնամակալն են և տարածքում են բնակվում։ Անահիտը Զավենի պատանեկան սերն է, իսկ Արփիկը Զավենի ապագա կինը։

Զավենն ու Սարոն համադասարանցի և խաղընկեր են։ Դեպքերը տեղի են ունենում Իրանի Իսլամական հեղափոխությունից առաջ և զարգանում են դրանից հետո։ Դեռահասները մեծանում են. Սարոյի քույրերը` ավանդապաշտ Անահիտն ու Ջուլիետան, ժամանակակից աղջիկներ են դառնում, մոդայիկ հագուստներ են հագնում։

Դա պահպանողական Սարոյի դուրը չի գալիս և մի անգամ վառում է Անահիտ քրոջ զգեստապահարանի կարճ շրջազգեստները։ Հեղափոխությունն այս երկու ընտանիքներին միմյանցից հեռացնում է. Սարոյենք երկրից գաղթում են. Զավենն իր բախտն այլ տեղ է փնտրում, բայց միշտ հիշում է Անահիտի պատանեկան շրջանի տաք շունչը։

«Եթե ձյունը չդադարի տեղալ»-ը, նորավեպ գրելու Սաֆարյանի առաջին փորձն է. «Չեշմեհ» հրատարակչականը նովելների հրատարակման շարք է սկսել և ներառել է նաև հայ հեղինակի գործը, որը և ընդառաջվել է իրանցի ընթերցողների կողմից։ Իրանահայ գրողներից քչերն են, որ պարսկերեն լեզվով են ստեղծագործում․ դրանցից կարելի է հիշել Զոյա Փիրզադին, Վահե-Արմենին, Յուրիկ Քարիմ-Մասիհին, Արազ Բարսեղյանին և Կարո Տերտերյանին (ճանաչված երգիչ Վիգենի եղբայրը)։

Ռոբերտ Սաֆարյանը ևս երկու գրքույկով ներկայացրել է դրվագներ իրանահայ կյանքից` մեկը «Երկու մշակույթի կրողներ» անունով և մեկը իր պատանեկան եւ երիտասարդության շրջանի հուշերը` «Սանայի պողոտայի երկհարկանի տունը» խորագրով։ Իրանահայ կինոռեժիսորը վավերագրական ֆիլմ է նկարել նաև իրանահայ բանաստեղծ և թարգմանիչ Ազատ Մաթյանի կյանքի և գործունեության մասին, այն վերնագրելով` «Երկու գաղթի արանքում»։ Նա վավերագրել է նաև Իրանի 1979 թվականի հեղափոխական անցուդարձերը, դա անվանելով՝ «Երկխոսություն հեղափոխության հետ»։

Սաֆարյանն Իրանում առավել հայտնի է իր «Կինոյի պատմություն» (Film History) գրքի թարգմանությամբ, որն մինչ այժմ վերահրատարակվել է 14 անգամ. գրքի հեղինակներն են կինոգետներ David Bordwell֊ը և Kristin Thompson֊ը։ Նա պարսկերենի է թարգմանել նաև կինոգետ Robin Wood-ի «Հումանիզմը կինո-քննադատությունում» (Humanism in filmcriticism)։

Իրանահայ կինոգետը հրատարակած ուսումնասիրություններ ունի Փարաջանովի և իրանցի կինոռեժիսոր Քիա Ռոստամիի ստեղծագործությունների մասին։

Ռոբերտ Սաֆարյանն Իրանի Կինոյի և թատրոնի բարձրագույն դպրոցի շրջանավարտ է՝ վավերագրական ֆիլմերի փառատոնի ժուրիի անդամ, կինոհանդեսի խմբագիր, Սպահանի Արվեստի դպրոցի հրավիրյալ դասախոս։

Անցյալում եղել է նաև հայկական «Հույս» երկշաբաթաթերթի խմբագիր։ Սաֆարյանը սոցցանցերում ունի իր անձնական էջը, որտեղ պարսկերեն լեզվով և քննական ակնոցով ներկայացնում է կինոաշխարհի վերջին նորությունները։

Տիգրան Դավուդյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930