Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում Եվրոպայի ռաբբիների համագումարի անցկացման վերաբերյալ Հայաստանը բաց է թողնում ռազմավարական հնարավորություն

Նոյեմբեր 04,2025 23:50

Հարութ Սասունյան

www.TheCalforniaCourier.com

Անցած շաբաթ տեղի ունեցավ նշանակալի զարգացում, որում ներգրավված էին Ադրբեջանը, Թուրքիան և Իսրայելը: Մինչ մենք կենտրոնացած ենք Հայաստանի ներքին ճգնաժամերի վրա, չպետք է անտեսենք հարևան երկրներում, հատկապես թշնամական երկրներում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները, քանի որ դրանք մեծ ազդեցություն ունեն Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության վրա:

Այս շաբաթ, վերջին պահին չեղարկվեց Եվրոպայի ռաբբիների 33-րդ համաժողովը, որը նախատեսված էր անցկացնել Բաքվում՝ 2025 թվականի նոյեմբերի 3-6-ը։ Համաժողովին պետք է մասնակցեին հարյուրավոր ռաբբիներ աշխարհի տասնյակ հրեական համայնքներից, այդ թվում՝ Եվրոպայից, Միացյալ Նահանգներից և Իսրայելից։ Սա լինելու էր ռաբբիների առաջին համաժողովը, որը կանցկացվեր մահմեդական երկրում։ Իսրայելի գլխավոր ռաբբիներ Դավիթ Յոսեֆը և Կալման Բերը, ինչպես նաև սփյուռքի նախարար Ամիխայ Չիկլին և ժառանգության նախարար Ամիխայ Էլիյահուն նախատեսում էին մասնակցել։ Քանի որ համաժողովը պետք է անցկացվեր Ադրբեջանի կառավարության հրավերով, նախագահ Իլհամ Ալիևը հանդես էր գալու գլխավոր ելույթով՝ այդ առիթն օգտագործելով հրեաների հանդեպ Ադրբեջանի իբր հանդուրժողականության և Իսրայելի հետ դաշինքի մասին պարծենալու համար։

Չեղարկումից առաջ Եվրոպայի ռաբբիների համաժողովը հայտարարել էր, որ Բաքվի համաժողովի մասնակիցները «կքննարկեն Ադրբեջանի ամրապնդվող հարաբերությունները համաշխարհային հրեական համայնքի հետ՝ մեծ ուշադրություն դարձնելով նրա հնարավոր ընդգրկմանը Աբրահամի համաձայնագրերում… Ադրբեջանը կանգնած է երկխոսության, դիվանագիտության և հրեական շարունակականության խաչմերուկում»։

Լրատվական աղբյուրները նշել են չեղարկման մի շարք պատճառներ.

– Թուրք քաղաքական գործիչների, մասնավորապես «Վաթան» (Հայրենիք) կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի առարկությունները, որը նամակ էր հղել նախագահ Ալիևին՝ հորդորելով նրան չհյուրընկալել հրեական համաժողովը։

– Իրանում և Թուրքիայում բնակվող ադրբեջանցիներից ստացված մտահոգիչ անվտանգության ազդանշաններ և հավաստի սպառնալիքներ, որոնք նպատակ ունեին վնասել համաժողովի մասնակիցներին։

– Սպառնալիքներ Իրանի կառավարության կողմից։ «Երուսաղեմ փոստը» հրապարակել էր հոդված հետևյալ վերնագրով. «Իրանը սպառնում է Ադրբեջանին՝ ստիպելով չեղարկել Եվրոպայի ռաբբիների համաժողովը»։

Արդյունքում Իսրայելի արտաքին հետախուզության ծառայությունը (Մոսադը) սահմանեց ճանապարհորդության սահմանափակումներ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաների և կրոնական գործիչների համար։

Ադրբեջանը մեծապես ապավինում է Իսրայելին՝ միլիարդավոր դոլարների առաջադեմ զենքեր ձեռք բերելու համար, որոնք վճռորոշ դեր խաղացին 2020 թ․ Արցախյան պատերազմում՝ սպանելով և վիրավորելով հազարավոր հայ զինվորների, և գրավելով Արցախի մեծ մասը: Այս զենքերի դիմաց Ադրբեջանը Իսրայելին վաճառում է տարեկան ավելի քան մեկ միլիարդ դոլարի նավթ (Իսրայելի նավթի ընդհանուր ներմուծման 43 տոկոսը), որն օգտագործվում է Գազայում և այլ վայրերում ռազմական գործողությունների համար:

«Israel National News»-ը հաղորդել է, որ «Թուրքիայում և Իրանում բնակվող ադրբեջանցիների կողմից, որոնք դեմ են Բաքվում համաժողովի անցկացմանը, սոցիալական ցանցերում սկսել են տարածվել թշնամական հրապարակումներ»։ Այս սպառնալիքներից հետո ռաբբիները որոշել են չեղարկել իրենց համաժողովը և այն անցկացնել ավելի ուշ՝ մեկ այլ երկրում։

Չեղարկումից առաջ Եվրոպայի ռաբբիների համաժողովը հայտարարել էր, որ մասնակիցները կքննարկեն «Աբրահամի համաձայնագրերը, կրոնի ազատության խթանումը և Եվրոպայում հակասեմիտիզմի դեմ պայքարը»։ Եվրոպայի ռաբբիների համաժողովի նախագահ ռաբբի Պինհաս Գոլդշմիդտը նշել էր, որ իր կազմակերպության նպատակն է խթանել երկխոսությունը, միջկրոնական գործունեությունը և հանրային ներգրավվածությունը։

Ադրբեջանը կօգտագործեր ռաբբիների համաժողովի անցկացումը Բաքվում՝ որպես քարոզչական հաղթանակ՝ կեղծ կերպով ներկայացնելով իրեն որպես բոլոր կրոնների և ռասաների հանդեպ հանդուրժողական երկիր։

Հետաքրքիր է, որ այս տարվա հունիսին չեղարկվեց նաև Եվրոպայի ռաբբիների համաժողովի մշտական կոմիտեի նիստը, որը նախատեսված էր անցկացնել Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում: Բոսնիայի աշխատանքի և սոցիալական քաղաքականության դաշնային նախարարը արգելեց այդ նիստը՝ դեմ լինելով Գազայում Իսրայելի կողմից պաղեստինցիների զանգվածային սպանություններին: Ի պատասխան՝ Եվրոպական Միության հանձնաժողովը հայտարարություն տարածեց՝ քննադատելով չեղարկումը. սա «Եվրոպայի սրտում հրեական կրոնական առաջնորդներին թիրախավորող դիտավորյալ մերժման գործողություն էր»:

Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները, որոնք իրենց երկրները նկարագրում են որպես «մեկ ազգ, երկու պետություն», սերտ դաշնակիցներ են՝ կիսելով նմանատիպ էթնիկ, կրոնական և մշակութային կապեր: Հետևաբար, երկու երկրների միջև հրապարակային անհամաձայնությունները հազվադեպ են: Այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ վեճեր տեղի են ունեցել։

2009 թվականին Հայաստանն ու Թուրքիան մոտ էին արձանագրությունների վավերացմանը, ինչը կհանգեցներ հայ-թուրքական սահմանի բացմանը: Ադրբեջանի կառավարությունը քննադատեց այդ արձանագրությունները և մեղադրեց թուրք ղեկավարներին՝ իրենց խոստումներից հետ կանգնելու մեջ, ըստ որի սահմանը չէր բացվելու, քանի դեռ հայկական կողմը զիջումների չէր գնացել Արցախի հարցում։ Բաքուն սպառնաց պատասխան քայլով՝ դադարեցնելով նավթի արտահանումը Թուրքիա: Ադրբեջանը նույնիսկ փակեց իր տարածքում գործող մի շարք թուրքական մզկիթներ: Վերջապես, նախագահ Էրդողանը, ենթարկվեց ադրբեջանական ճնշումներին և հանձնարարեց Թուրքիայի խորհրդարանին չվավերացնել հայ-թուրքական արձանագրությունները:

Սա կարող էր հարմար առիթ լինել Հայաստանի համար՝ սեպ խրելու Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Ցավոք, ինչպես միշտ, Հայաստանի պաշտոնյաները «երբեք բաց չեն թողնում առիթը՝ բաց թողնելու առիթը»։

Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկրորդ վեճը տեղի ունեցավ 2024 թվականին, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հայտարարեց, որ Թուրքիան վճռորոշ դեր է խաղացել Ադրբեջանի հաղթանակում 2020 թվականի Արցախյան պատերազմում: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մի պաշտոնյա հակադարձեց Էրդողանին՝ կեղծորեն պնդելով, թե Ադրբեջանի ռազմական հաղթարշավին որևէ օտարերկրյա զորք չի մասնակցել:

Եվրոպական ռաբբիների համաժողովը Բաքվում անցկացնելու պլանավորումը կրկին տարաձայնություններ առաջացրեց Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Ադրբեջանը Իսրայելի սերտ դաշնակիցն է, մինչդեռ Թուրքիան որդեգրել է ծայրահեղ թշնամական դիրքորոշում Իսրայելի նկատմամբ՝ այնքան, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը չի թույլատրի թուրքական ուժերի ներկայությունը Գազայում խաղաղապահ առաքելություն շրջանակում։

Հայաստանի պաշտոնյաները կրկին չկարողացան օգտվել Հայաստանի թշնամիների միջև առկա հակասությունից։ Ընդհակառակը, Հայաստանի ղեկավարները, կարծես, համառորեն ձգտում են  հաճոյանալ Ադրբեջանին և Թուրքիային, նույնիսկ այն դեպքերում, երբ երկուսը տարաձայնություններ ունեն միմյանց հետ։

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել