Լրահոս
Օրվա լրահոսը

Այս աշխատությունը նորովի է ներկայացնում Տաթևի վանական համալիրը և Սյունիքն առհասարակ, քանի որ աշխատության բուն նպատակն ու խնդիրը եղել է Սյունյաց հոգևոր-մշակութային կենտրոն Տաթևի վանքի միջնադարյան «առաքելությունը» լուսաբանելը

Նոյեմբեր 05,2025 09:30

«Ապա աթոռակալեց երանելի, բազմավաստակ, արքայատիպ Տեր-Հովհաննեսը՝ հրեշտակների ու մարդկանց սիրելին՝ երեսունութ տարի։ Սա կանգնեցրեց Տաթևի երկնակառույց քավարանը, որի գովելի գործերի հանգամանքների մասին մեծ ճոխությամբ եմ ուզում պատմել»։

 Ստեփանոս Օրբելյան․ «Սյունիքի պատմություն»․ Երևան 1986թ․, էջ՝ 168

 

Մեր ժողովրդի պատմությունն այսօր ունի նոր բացահայտումների խնդիրներ։ Այս առումով կարևորվում են նոր ուսումնասիրությունները հատկապես արհեստավարժ գիտնականների կողմից։ Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում ՀԱԻ կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտության և ազգագրության» մասնագիտական խորհրդի նիստում կայացավ նույն գիտական կառույցի Վիմագրության բաժնի վարիչ, պ. գ. թ. Արսեն Հարությունյանի «Միջնադարյան Տաթևը և նրա գրավոր-մշակութային ժառանգությունը» խորագրով դոկտորական ատենախոսության պաշտպանությունը։

Արսեն Հարությունյան

Ներկա էին ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը, տարբեր բաժինների աշխատակիցներ, թեմայով հետաքրքրվող գիտնականներ, ուսանողներ, զբոսավարներ։ Ատենախոսության թեման հաստատվել է ՀՀ ԳԱԱ ՀԱԻ գիտական խորհրդի նիստում։

Երվանդ Գրեկյան

Մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարն է պ․ գ․ դ․ Երվանդ Գրեկյանը։

Արման Եղիազարյան

Պաշտոնական ընդդիմախոսներն էին պ․ գ․ դ․ պրոֆեսորներ Կարեն Մաթևոսյանը, Համլետ Պետրոսյանը և Արման Եղիազարյանը։

Համլետ Պետրոսյան

Առաջատար կազմակերպությունն է Երևանի պետական համալսարանը։ Ներկայացվող ատենախոսությունը նվիրված է Սյունյաց հոգևոր-մշակութային կենտրոն Տաթևի վանքի և հարակից վանքապատկան գյուղերի պատմական նկարագրին և գրավոր ժառանգության համալիր քննությանը:

Աշխատությունը բաղկացած է ներածությունից, ինչպես նաև՝ «Տաթևի վանական համալիրը և վիմական արձանագրությունները», «Տաթևի վանքը՝ գրչության և ուսումնագիտական կենտրոն», «Որոտանի կիրճի՝ Տաթևի վանքապետական հին գյուղատեղերի պատմամշակութային ժառանգությունը», «Տաթևի վանքին հարակից փոքր եկեղեցիները», «Անապատական շարժման վերազարթոնքը Սյունիքում» գլուխներից և եզրակացություններից։

Պավել Ավետիսյան

Մասնագիտական խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ․ գ․ դ․ Պավել Ավետիսյանը ներկայացրեց ատենախոսին, կարևորեց աշխատությունը։ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, պ․ գ․ դ․, պրոֆեսոր Հայկ Ավետիսյանը ևս անդրադարձավ ատենախոսությանն ու կարևորեց այն։ Աշխատությունը ներկայացնելուց հետո ներկաները հարցեր ուղղեցին ատենախոսին, որից հետո ելույթ ունեցան նաև ընդդիմախոսները, արվեցին որոշ դիտողություններ և առաջարկներ։ Այնուհետ փակ, գաղտնի քվեարկությամբ ատենախոսությունը հաստատվեց միաձայն և Արսեն Հարությունյանին շնորհվեց պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

Ինչպես նշեց Ա․ Հարությունյանը՝ ատենախոսության գաղափարը ծնվել է դեռևս 2014-2015 թթ., երբ Տաթևի վանքի վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ մասնակցություն է ունեցել վանքի հնագիտական պեղումներին՝ պ․ գ․ թ․ Հուսիկ Մելքոնյանի ղեկավարությամբ։ Վիմագրագետը նորից ընթերցել է նախկինում հրատարակված և դեռևս անտիպ վիմագրերը։

Նշված հնագիտական պեղումներից հետո՝ 2018-2023 թթ. արդեն իրականացվել են վիմագրագիտական բնույթի դաշտային-հավաքչական աշխատանքները, որոնց արդյունքում ընդօրինակվել է 9-19-րդ դարերի 220 նորահայտ արձանագրություն։ Բացի այդ՝ ճշգրտումներ են արվել նախկինում հրատարակված 140 միավոր վիմագրերում, լուսանկարվել և չափագրվել են 1000-ից ավելի միջնադարյան հուշարձաններ։ Դրանց թվում կան նաև մինչ այդ անհայտ եկեղեցի, մատուռ, քառանիստ կոթող, թևավոր խաչ, խաչքար, տապանաքար և այլն։

Աշխատությունում Տաթևի վանքի պատմությունը լուսաբանվում է բացառապես գրավոր հուշարձանների՝ վիմական արձանագրությունների, ձեռագրերի հիշատակարանների, մատենագրական աղբյուրների, դիվանական վավերագրերի, այդ թվում նաև՝ այլալեզու կալվածագրերի և հրովարտակների, ինչպես նաև՝ հայ արվեստի համալիր ուսումնասիրության համապատկերում։

Տեղում հեղինակի կողմից ուսումնասիրվել են նաև Ֆրանսիայի ազգային գրադարանում, Մխիթարյան միաբանության Վենետիկի և Վիեննայի մատենադարաններում Տաթևից հայտնի ձեռագրերը, իսկ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց, Զմմառի, Նոր Ջուղայի Սբ Ամենափրկիչ վանքերի մատենադարաններում պահվող անհրաժեշտ ձեռագրերն ուսումնասիրվել են լուսապատճենների հիման վրա։

Տաթևի վանքի, հարակից պատմական հուշարձանների, պատմական իրադարձությունների գիտական նոր ուսումնասիրությունը գրավոր աղբյուրների, հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութերի միջոցով մեծապես կարևորվում է մեր պատմության միջնադարյան շրջափուլը նորովի լուսաբանելու տեսանկյունից: Ա․ Հարությունյանի այս աշխատությունը նորովի է ներկայացնում միջնադարում կարևոր դեր ունեցած Տաթևի վանական համալիրը և Սյունիքն առհասարակ, քանի որ աշխատության բուն նպատակն ու խնդիրը եղել է Սյունյաց հոգևոր-մշակութային կենտրոն Տաթևի վանքի միջնադարյան «առաքելությունը» լուսաբանելը։

«Արդարև, Հայրապետական աթոռի՝ Վաղարշապատ-Էջմիածնից դուրս լինելու և հատկապես, հեռավոր Կիլիկյան թագավորության մայրաքաղաք Սսում հաստատվելու (1293-1441 թթ․) պարագայում Սյունյաց մետրոպոլիտական աթոռն է ստանձնել երկրի արևելյան մասում հոգևոր կենտրոնի և Հայ եկեղեցու ճշմարիտ դավանության պահպանման բուն առաքելությունը։ Ավելին, 13-14-րդ դարերում լայնորեն ծավալված ունիթորական կամ միարարական շարժումը կասեցնելու համար հենց Տաթևի վանքն է հանդիսացել հիմնական կենտրոնը, որի առաջնորդների և րաբունապետերի ջանքերով միայն հաջողվել է Հայրապետական աթոռը Կիլիկիայից փոխադրել Մայր հայրենիք և վերահաստատել Վաղարշապատ-Էջմիածնում (1441 թ.)», -գրված է աշխատության սեղմագրում (էջ 4)։

Նույն ժամանակ Տաթևի վանքը կարևոր դեր է ունեցել մեր երկրի հոգևոր և աշխարհիկ կյանքում։ Լինելով Սյունիքի հոգևոր և ավատատիրական կենտրոնը՝ ունեցել է վանքապատական և հարկատու շուրջ 700 գյուղ։ Եվ Տաթևի՝ որպես հոգևոր-մշակութային կենտրոնի բուն էությունը միջնադարի, հատկապես զարգացած և ուշ շրջափուլերում ներկայացնելու համար հեղինակն առաջ է քաշել 8 հիմնախնդիր՝ Սբ․ Եվստաթեոս առաքյալի ինքնությունը, Ստ․ Օրբելյանի պատմագրքում վկայված առանցքային դրվագները, նորահայտ և հրատարակված սկզբնաղբյուրների միջոցով պարզել հուշարձանների շինարարական փուլերը, անդրադարձ Տաթևի դպրոցին, ամբողջացնել վանքի ձեռագրական ժառանգությունը, Տաթև, Հալիձոր, Շինուհայր, Խոտ և Հարժիս գյուղերի օրինակով ցույց տալ հարակից բնակավայրերի սոցիալական կարգավիճակը միջնադարում, պարզել վանքամերձ լքված գյուղերում առկա եկեղեցիների կապը բուն համալիրի հետ, անդրադարձ Սյունիքում անապատական շարժման վերազարթոնքին։

Հույս ունենանք՝ այս աշխատությունը շուտով կհրատարակվի և կդառնա հանրության սեփականությունը։

 

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930