Երևանում իր աշխատանքն է շարունակում «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային երկօրյա համաժողովը։ Միջոցառմանը մասնակցում են մոտ 50 փորձագետներ 16 երկրներից, այդ թվում՝ երկուսն Ադրբեջանից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկրորդ պանելային քննարկման մասնակից, ադրբեջանցի փորձագետ, Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի ղեկավար Ռուսիֆ Հուսեյնովն իր ելույթում նշեց, որ ռեգիոնալ հարթակների առկայությունն, ինչպիսին է «3+3»-ը, անչափ կարևոր է պետությունների միջև համագործակցությունը խթանելու համար։
«Այդուհանդերձ, որոշ պատճառներից ելնելով՝ «3+3» ձևաչափը լիարժեքորեն չգործեց, և այս պահին էլ դեռ հայտնի չէ, թե այն ինչ ապագա կունենա։ Առավել կարևոր է Հարավային Կովկասի երեք հանրապետությունների ներդաշնակ համագործակցությունը։ Ես ոգևորված եմ տարածաշրջանային ինտեգրման որոշ ծրագրերով։ Մեզ համար օրինակ կարող է ծառայել Բալթյան երկրների միջև համագործակցությունը, որոնք պահպանել են փոխկապակցվածությունը։ Եթե այդ տարբերակը մեզ մոտ չգործի, ապա կարող ենք նայել դեպի Արևելք և փնտրել այլընտրանքային տարբերակներ։ Չնայած որոշ տարաձայնություններին՝ Կենտրոնական Ասիայի երկրները կարողացել են ստեղծել համագործակցության համատեղ հարթակ և աշխուժորեն աշխատում են նաև արտաքին գործընկերների հետ»,- ասաց Հուսեյնովը։
Նա հույս հայտնեց, որ հարավկովկասյան երկրներին կհաջողվի միասին ստեղծել հետագա համագործակցության տեսլական՝ ունենալով եռակողմ շփումների գործուն մեխանիզմներ։
«Եթե ոմանք կարծում են, որ աշխարհաքաղաքական խնդիրները մեզ կխանգարեն, ապա մենք այդ դեպքում կարող ենք առաջ շարժվել փոքր, բայց հաստատուն քայլերով։ Վերջերս հրատարակեցինք մի աշխատություն, որում առաջարկել ենք ստեղծել տարածաշրջանային աղետներին համատեղ ուժերով արձագանքելու մեխանիզմ, ինչը կարող է համագործակցության փոխշահավետ հարթակ ձևավորել»,- ասաց ադրբեջանցի փորձագետը։
Կարդացեք նաև
Ռուսաստանի արտաքին հարաբերությունների խորհրդի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը նշեց, որ խաղաղության գործընթացը Հարավային Կովկասում մեկնարկեց երկու ստատուս-քվոների փոփոխությունից հետո։
«Խաղաղության բոլոր պայմանագրերն ունեն հեղինակներ։ Ադրբեջանա-թուրքական տարբերակը կարող է տարբերվել իրանական կամ ռուսական կողմի ընկալումներից, ուստի անհրաժեշտ է հաշվի առնել ռեգիոնալ մյուս երկրների շահերը։ Հենց այդ նպատակով Իրանն առաջարկեց ձևավորել «3+3» հարթակը։ Խաղաղությունն ամրապնդելու համար պետք է հաշվի առնել տարբեր դիտանկյուններ՝ առաջին հերթին քննարկելով պետությունների կենսական շահերը, այլ ոչ թե սահմանել բաժանարար գծեր։ Չորս մարդ ստացել է խաղաղության Նոբելյան մրցանակ՝ իսրայելա-արաբական հակամարտության կարգավորման գործում մեծ ներդրում ունենալու համար, սակայն կոնֆլիկտը տակավին չի հանգուցալուծվել և խլում է նորանոր կյանքեր, հետևաբար պետք է գետնի վրա հասկանալ հակամարտությունների իրական պատճառները»,- ասաց Մարկեդոնովը։
Վրաստանի Հանրային կապերի ինստիտուտի ղեկավար Թոռնիկե Շարաշենիձեն նշեց, որ միջազգային իրադարձությունները միաբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո զարգանում են չափազանց արագ, առավել ակտիվ գործում են այլ ազդեցիկ բևեռներ, ընթանում են պատերազմներ, որոնք փոխում են նախկինում հաստատված ստատուս-քվոն։
«Բազմաթիվ երկրներ այս կամ այն չափով ներգրավված են ուկրաինական հակամարտության մեջ, և այդ հանգամանքը հետագայում հաստատ իր ազդեցությունն է թողնելու ընդհանուր աշխարհակարգի վրա։ Հարավային Կովկասը նույնպես պետք է պատրաստ լինի մոտալուտ փոփոխություններին։ Հարավկովկասյան երկրները մանևրելու անհամեմատ քիչ հնարավորություններ ունեն, հետևաբար պետք է խթանեն փոխգործակցությունը՝ միասին դիմակայելով մարտահրավերներին։ Հարավային Կովկասն աշխարհագրորեն չի կարող դուրս մնալ գլոբալ զարգացումներից։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն կհաստատվի հնարավորինս շուտ, և մենք տարածաշրջանը կդարձնենք ոչ միայն տրանսպորտային մեծ հանգույց, այլև կայունության հարթակ»,- ասաց Շարաշենիձեն։
Իրանի Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի ավագ հետազոտող Հասան Շիրզադին էլ նշեց, որ խաղաղության գործընթացն այժմ սաղմնային վիճակում է, հետևաբար անհրաժեշտ է դրան վերաբերվել խնամքով և հոգատարությամբ։
«Տարածաշրջանային համագործակցությունը ենթադրում է ազատ առևտրի գոտիների առկայություն, արտոնյալ պայմաններ, ընդհանուր շուկա, միասնական արժույթ, որոնք կհանգեցնեն լիարժեք ինտեգրման։ Բայց այդ ամենը ստեղծված իրավիճակում դեռ հնարավոր չէ։ Այդուհանդերձ, սա կարելի է դիտարկել որպես սկիզբ։ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունն իրանցիները ծանր տարան, քանի որ մենք բարիդրացիական հարաբերություններ ունենք երկու երկրների հետ, ուստի շահագրգռված ենք նրանց միջև խաղաղության հաստատմամբ։ Մեր սահմանը միշտ բաց է եղել դրկից հարևանների համար։ Նրանք այսօր էլ օգտագործում են Իրանի ճանապարհները։ Մենք դեմ ենք պատերազմներին, թեև ապրում ենք ուժի պարտադրման պայմաններում և գտնվում ենք պատժամիջոցների ներքո։ Եթե ուզում ենք մնայուն և տևական խաղաղություն, ապա ձգտումը պետք է լինի բոլորի կողմից։ Իրանի քաղաքականությունը հիմնված է բոլոր հարևանների հետ բարեկամության և խաղաղ գոյատևման սկզբունքի վրա, և այդ քաղաքականությունը մշակելիս՝ հաշվի ենք առնում բոլորի կենսական շահերը։ Այդ նպատակով ել նպաստել ենք «3+3» հարթակի ձևավորմանը»,- ասաց Շիրզադին։


















































