Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը Սերժ Սարգսյանի գործով հրատապ նիստ է հրավիրել․ «Ես չեմ տեսնում խաղաղություն։ Ուղղակի չեմ տեսնում»

Նոյեմբեր 05,2025 11:32

«Ես չեմ տեսնում խաղաղություն։ Ուղղակի չեմ տեսնում»,- իր գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով ղազախական եւ ռուսական ցորենի՝ Ադրբեջանի տարածքով խաղաղության հետ զուգահեռ Հայաստան գալու մասին իշխանական դաշտի հրճվանքի մասին հարցին։

Ի դեպ, այսօր Սերժ Սարգսյանի գործով նիստ նախատեսված չէր։ Այն հրավիրվել է անակնկալ։ Պատճառների մասին հարցին Սերժ Սարգսյանը չպատասխանեց։ Ասաց՝ նիստը սկսվի՝ հասկանալի կդառնա։

Նախորդ նիստերում հանվել էր հանրապետությունից Սերժ Սարգսյանի բացակայելու արգելքը։ Ենթադրություններ կային, որ հրատապ նիստը նախագահի խափանման միջոցի հետ է կապված։

Նիստը սկսվելուց հետո պարզվեց, որ հրատապ նիստում կքննվի դատախազի միջնորդությունը: Դատավոր Գիվի Հովհաննիսյանը հայտարարեց, որ դատախազ Ծովակ Մնացականյանը երեկ ուշ երեկոյան միջնորդություն է ներկայացրել՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել՝ հանրապետությունից չբացակայելու արգելքը։

Նիստը կշարունակվի դռնփակ կարգով, քանի որ միջնորդության քննությունը ենթադրում է անձնական տվյալների հրապարակում։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հանրային մեղադրողը, հիշեցնենք, գործով մեղադրյալներ Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի եւ Ալեքսան Ալեքսանյանի դեմ գույքային հայց էր ներկայացրել։ Ընդհանուր առմամբ, դատախազությունը հօգուտ պետբյուջեի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից իբրեւ փոխհատուցում պահանջում է 3 միլիարդ 337 միլիոն 557 հազար 657 դրամ, Սերժ Սարգսյանից եւ Վալերի Գրիգորյանից՝ 76 միլիոն 852 հազար դրամ, Սերժ Սարգսյանից եւ Ալեքսան Ալեքսանյանից՝ 526 միլիոն 520 հազար դրամ։ Դատարանը նրանց ճանաչեց գույքային պատասխանող։

Հիշեցնենք, որ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, երկու գործ էր քննվում. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի եւ Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ՝ Եռաբլուր պանթեոնի հարակից տարածքներում  գտնվող «Տոյոտա» ավտոսրահին պատկանող հողատարածքների գործը։ Այս գործով երրորդ նախագահին մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին․ խոսքը հողերի օտարման մասին է։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն Իսակովի պողոտայի որոշ հողամասեր ՀՀ երկրորդ նախագահին պատկանող «Տոյոտա-Երեւան»-ին փոխանցելու համար, էժան գնով է վաճառել: Իշխանությունը շահարկում է հողակտորների՝ Եռաբլուրին մոտ լինելու հանգամանքը, սակայն այդ հողակտորները մեծամասամբ Եռաբլուրի դիմացի մայթին են, դրանց մի մասն էլ Չինաստանի դեսպանատան կառուցմանն է հատկացվել։ Սերժ Սարգսյանի փաստաբանը հայտարարել է, որ իրականության հետ կապ չունեցող մեղադրանք է` քաղաքացիաիրավական գործարքները դատախազությունը քրեականացրել է։ Մյուս գործը գործարար Սիլվա Համբարձումյանի՝ «դարի կաշառքների» գործն է, որով անցնում են բազմաթիվ պետական պաշտոնյաներ։ Այս գործով վաղեմության ժամկետը լրացել է դեռ երկու տարի առաջ: Դատավորը միավորեց գործերը։ Նախագահ Սերժ Սարգսյանին վերաբերվող այլ վարույթներ էլ կան։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել