ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին ԱԺ-ում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ մի շարք հարցեր ուղղեց՝ ԱՆԻՖ-ից մինչև Փարաքարի սպանություն:
«Դուք Հ1-ի հարցազրույցի ժամանակ ասել եք, որ կողմերի միջեւ եղել է լարվածություն: Կողմերից մեկը պարզ է՝ ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը, որը ջախջախիչ պարտության էր մատնել իշխող՝ Քաղաքացիական պայմանագրին, բայց կողմերից երկրորդի մասին դուք ոչինչ չեք ասում…
Ո՞վ էր այդ երկրորդ կողմը, եթե երկրորդ կողմը սպանություն իրականացնող այն անձն էր, ապա բոլորը գիտեն Փարաքարում, որ սպանություն կատարողը եւ Վալոդյա Գրիգորյանը երբեւէ որեւէ առնչություն չեն ունեցել… Այն մարդու մասին եմ խոսում, ում դուք մեղադրում եք սպանություն կատարելու մեջ, իսկ օժանդակողն ընդհանրապես չի ընդունում իր մեղադրանքը:
Հիմա ուզում եմ հետաքրքրվել՝ ինչո՞ւ է Քննչական կոմիտեն որոշակի կաշկանդվածություն դրսեւորում, արդյոք դրա հետ կապ ունի՞ այն իրողությունը, որ մի կողմը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներն են, դրա համար բավարարվում եք միայն Ախտոյան եղբայրներից մեկին 2 անգամ հարցաքննության հրավիրելով, ընդ որում՝ մի եղբայրը, որը սպանությունից առաջ երկրից հեռացել է, նրան Զվարթնոց օդանավակայան է ճանապարհել այն անձը, որն այսօր մեղադրվում է սպանություն կատարելու մեջ, սակայն այս կապը չգիտես ինչու հնարավոր չի լինում բացահայտել: Ես ուզում եմ ձեր կաշկանդվածության մասին անկեղծ խոսեք»,-Արթուր Պողոսյանին դիմեց Թագուհի Թովմասյանը:
Կարդացեք նաև
Ընդդիմադիր պատգամավորը նաեւ փորձեց ձեռնաշղթաներ նվիրել Քննչական կոմիտեի ղեկավարին՝ բիզնեսի տուգանքների մասին խոսելիս: «Քանի որ կալանքների մասով շատ ակտիվ եք եւ չեք վարանում կալանքի միջնորդություններ ներկայացնելիս, այդ առիթով ուզում եմ ձեզ խորհրդանշական նվեր հանձնել: Հուսամ դա կօգտագործեք, կդնեք ձեր սեղանին եւ ամեն անգամ ձեռնաշղթաները տեսնելիս՝ կհիշեք, որ քաղաքացիներին ուղղակի կալանքի տանելն ամենաճիշտ որոշումը չէ»,-ասաց Թովմասյանը: Խորհրդանշական նվերի հանձնումը, սակայն, խոչընդոտվեց իշխանական պատգամավորների կողմից, սպառնացին անգամ ընդհատել նիստը:
Նիստն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































