Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախյան մշակութային կյանքի շարունակականությունը նոր և նշանակալի արտահայտություն է ստանում թատրոնի բեմահարթակի վրա». Արցախի թեմ

Նոյեմբեր 05,2025 13:52

Արցախի թեմ. Արցախի մայր թատրոնի վերակազմավորումը ոչ միայն գեղարվեստական իրադարձություն է, այլև խորհրդանշական դրսևորում այն գաղափարի, որ Արցախը շարունակում է ապրել՝ իր խոսքի, ստեղծագործության և հավատքի ուժով

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի վերակազմավորման և նոր պայմաններում անդրանիկ ներկայացման առիթով Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է․

«Սիրելի արցախցիներ,

Արցախյան մշակութային կյանքի շարունակականությունը նոր և նշանակալի արտահայտություն է ստանում՝ թատրոնի բեմահարթակի վրա։

Արցախի Վահրամ Փափազյանի անվան մայր թատրոնի դրամատիկական խմբի դերասանները կրկին միավորվել են՝ նպատակ ունենալով վերականգնելու արցախյան թատրոնի ստեղծագործական ավանդույթներն ու գեղարվեստական ժառանգությունը։

Նոյեմբերի 12-ին հանդիսատեսը հնարավորություն կունենա ականատես լինելու Ալեքսանդր Մանասյանի «Արցախյան սիրո հեքիաթ կամ Արա, պա ստի պեն կինի՞» ստեղծագործության բեմադրությանը՝ ծնունդ առած Ռուզաննա Խաչատրյանի բեմականացման և բեմադրության ներքո։

Ներկայացումը հնչելու է արցախյան բարբառով՝ ընդգծելով Արցախի ինքնատիպ մշակութային ինքնությունը և պահպանման արժանի բարբառային հարուստ մշակույթը։ Արցախի մայր թատրոնի վերակազմավորումը ոչ միայն գեղարվեստական իրադարձություն է, այլև խորհրդանշական դրսևորում այն գաղափարի, որ Արցախը շարունակում է ապրել՝ իր խոսքի, ստեղծագործության և հավատքի ուժով՝ ապացուցելով մշակութային ինքնության անխզելի շարունակականությունը նույնիսկ ամենաբարդ պայմաններում։

Այս նախաձեռնությունը նաև բացառիկ հնարավորություն է Արցախից բռնատեղահանված մեր հայրենակիցներին կրկին միավորվելու իրենց հարազատ մշակութային տիրույթում՝ լսելու և վերապրելու այն խոսքային ու հուզական միջավայրը, որն Արցախը դարեր շարունակ պահել է իր հարուստ բարբառի ու ավանդույթների մեջ։ Ուստի հորդորում ենք արցախցիներին և Արցախի մշակույթի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունեցող մեր բոլոր հայրենակիցներին՝ իրենց ներկայությամբ նոր շունչ ու ոգևորություն հաղորդել արցախյան խոսքի ու հոգևոր մշակույթի պահպանմանը միտված այս կարևոր նախաձեռնությանը։

Մեր խորին գնահատանքն ու երախտագիտությունն ենք հայտնում «ԴԻԱԼՈԳ» կազմակերպությանը և նրա նախագահ Յուրի Նավոյանին՝ արցախյան մշակութային ժառանգության պահպանման, զարգացման և հանրահռչակման ուղղությամբ իրականացվող հետևողական նախաձեռնությունների և արդյունավետ գործունեության համար։ Նրա իրականացրած աշխատանքը կարևոր ներդրում է ոչ միայն Արցախի մշակութային ինքնության պահպանման, այլև ազգային հիշողության շարունակականության ապահովման գործում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930