Լրահոս
Օրվա լրահոսը

«Համապատասխան միջավայրերում այդ հանգամանքները ներկայացվում են, իմ հանդիպումների շրջանակում այդ օրակարգը ներառված չէ»․ Ժաննա Անդրեասյանը՝ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Ստրասբուրգում բարձրացնելու մասին

Նոյեմբեր 05,2025 20:35

«Կարծում եմ՝ մշակույթը հզոր ուժ ունի։ Պատմությունը մեզ ցույց է տվել, որ պետք չէ թերագնահատել մշակույթի ուժը։ Բոլոր այն խոսակցությունները, որոնք դժվար է ունենալ շատ ուրիշ իրավիճակներում, արվեստի լեզվով արվում են ավելի պարզ ու հասկանալի։ Այդ ուժն օգտագործելով՝ իրական ժողովրդավարական արժեքները հասարակության մեջ կարող ենք ամրապնդել»,-Aravot.am-ի հարցին՝ մշակույթի միջոցով հանուն ժողովրդավարության հնարավո՞ր է պայքարել բռնատիրական և կոռումպացված ռեժիմների դեմ, որոնք օրեցօր նոր գործիքներ են կիրառում, այսպես պատասխանեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ստրասբուրգում ՝ Եվրոպայի խորհրդում անցկացվում է Ժողովրդավարության համաշխարհային ֆորում-2025-ը։ «Ինչպե՞ս կարող են մշակույթն ու մշակութային քաղաքականությունը ամրապնդել ժողովրդավարությունը» թեմայով լիագումար նիստի ընթացքում Ժաննա Անդրեասյանը հանդես եկավ՝ որպես խոսնակ։ Նա կարևոր համարեց ԵԽ գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված Եվրոպայի նոր ժողովրդավարական համաձայնագիրը և վստահեցրեց՝ ՀՀ կառավարությունը ողջունում է այն։

Մեզ հետ զրույցում նշեց․ «Մշակութային կրթությունը պետք է դառնա մեր կրթական համակարգի հիմնասյուներից մեկը, որով կխթանենք մեր երեխաների ստեղծարարությունը, նորարարությունը, քննական մտածողությունը։ Այնտեղ, որտեղ կան այս հատկությունները, վստահ լինենք, որ որևէ բռնատիրական ռեժիմ չի կարող գոյատևել, որովհետև ստեղծարարությունն ու քննադատական մտածողությունը թույլ են տալիս ձևավորել իրական քաղաքացիների, որոնք հանրային շահերի, պետության համար կանգնած են»։

Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեցինք՝ Ստրասբուրգում իր հանդիպումների ժամանակ հնչեցրե՞լ է այն հարցը, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի տարածքում ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը, նա պատասխանեց․ «Մշակութային ժառանգության պահպանության հարցերը կարևոր են, և կան միջազգային կառույցներ, որոնք ունեն ուղիղ մանդատ այս թեմաներով զբաղվելու համար, ինչպիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ն է։ Կարծում եմ՝ համապատասխան միջավայրերում այս համապատասխան հանգամանքները, իրավիճակները ներկայացվում ու քննարկվում են։

Ինչ վերաբերվում է այստեղ իմ ունեցած հանդիպումներին, դրանք հիմնականում վերաբերում են առավելապես կրթության, մարդու իրավունքների կրթության, քաղաքացիական կրթության և ԵԽ-ում ունեցած ավելի լայն համագործակցության շրջանակին։ Ձեր նշած օրակարգը ներառված չէ իմ հանդիպումների շրջանակում»։

Հարցին՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին լրացուցիչ չե՞ք խոսում, Ժաննա Անդրեասյանն այսպես արձագանքեց․ «Հանդիպումներն այդ օրակարգի շուրջ չեն։ Այն անձինք, որոնց հետ հանդիպում ենք, ունենք համագործակցության կոնկրետ շրջանակ, որի շուրջ խոսում ենք, և դա շատ կարևոր շրջանակ է։ ԵԽ-ն մեզ մեծապես աջակցել է տարբեր բարեփոխումների ընթացքում ՝ այդ թվում օրինակ՝ կրթության ոլորտի բարեփոխումներին, հանրակրթության չափորոշիչ վերանայման, չափորոշիչի շրջանակում ուսուցիչների վերապատրաստման, հմտությունների զարգացման հարցում։ Ու մեր օրակարգում այս թեմաների քննարկումներն են»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930