Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր այն հարցերը, որոնք վերաբերելու են ինքնիշխանությանը, իրավազորությանը, լուծված են. լինելու է Հայաստանի ուղիղ ինքնիշխանությունն այդ ենթակառուցվածքի նկատմամբ, գործելու է Հայաստանի ուղիղ իրավազորությունը. Միրզոյան

Նոյեմբեր 05,2025 22:33

Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Խաղաղության քուիզ. զրույց Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ» խորագրով քննարկմանը՝ հարցուպատասխանի ձևաչափով։

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել խաղաղության բաղադրիչներին, երաշխիքներին, հաշտեցման գործընթացի առանձնահատկություններին, տարբեր ուղղություններով ռազմավարական գործընկերությունների զարգացման դինամիկային, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային այլ զարգացումներին։

Նախարար Միրզոյան. «Շատ լավ է, որ այնպիսի երկիր, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, հետաքրքրություն ունի։ Սա առաջին հերթին ունի տնտեսական բաղադրիչ: Ես քիչ առաջ խոսեցի մեր և Ադրբեջանի ենթակառուցվածքներով Եվրոպական միության և Հեռավոր Արևելքի փոխկապակցվածության մասին, բայց դա նաև մեր բոլորի համար ունի քաղաքական նշանակություն։ Ե՛վ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար նաև խաղաղության գործիքներից մեկն է դառնում և խաղաղության երաշխիքներից մեկն է:

Բանակցում ենք Միացյալ Նահանգների հետ, կլինի հայ-ամերիկյան ձեռնարկություն, որը կկառուցի այդ երկաթուղին և կզբաղվի ամենօրյա կառավարմամբ։ Սա չի նշանակում, կրկին, այդքան խոսում ենք, բայց տարբեր հարցերի մեջ ես այդ ենթատեքստը տեսնում եմ, սա չի նշանակում ամերիկյան վերահսկողություն ենթակառուցվածքի նկատմամբ։

Բոլոր այն հարցերը, որոնք վերաբերելու են ինքնիշխանությանը, իրավազորությանը, լուծված են. լինելու է Հայաստանի ուղիղ ինքնիշխանությունն այդ ենթակառուցվածքի նկատմամբ, գործելու է Հայաստանի ուղիղ իրավազորությունը։

Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, որովհետև այն առնվազն արդեն ստորագրված և հրապարակված է, և հետևաբար վերահսկողությունն, անվտանգությունը, դրանից բխող բոլոր հարցերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան բացառիկ իրավունքն են, և այդ իրավունքը որևէ կերպ չի խախտվելու։

Ինչ վերաբերում է Թուրքիային, հետաքրքիր նրբերանգ կա այստեղ: Իմ կարծիքով Թուրքիայի հետ մեր երկխոսությունը կամ Թուրքիայի հետ հարաբերություններն այս առումով՝ Ձեր նշած ասպեկտով, Ադրբեջանի հետ եղած իրավիճակի հայելային հակապատկերն են: Նկատի ունեմ, որ Ադրբեջանի հետ մենք ունենք կառավարությունների միջև հաստատված խաղաղություն, համաձայնեցված սկզբունքներ, գործընթաց, որը պետք է շարունակվի առանձին հարցերի շուրջ։ Պետք է ջանք գործադրվի նաև հասարակությունների միջև, մարդկանց միջև այդ հաշտեցման ուղղությամբ։

Թուրքիայի պարագայում, ես կասեի իրավիճակը ճիշտ հակառակն է։ Տարիներով, տասնամյակներով փակ սահմանների պայմաններում մարդիկ գնացել են, այցելել են իրար, առևտուր է եղել և կա, շատ շոշափելի: Խնդիրն այն է եղել, որ այդ առևտուրը երրորդ երկրով է անցել։

Թռիչքներ են եղել և այսօր էլ կան։ Պայմանավորվածություն կա ավելացնել թռիչքները և՛ դեպի Երևան, և՛ դեպի Գյումրի, և՛, ըստ այդմ, Թուրքիայի այլ քաղաքներ՝ Ստամբուլ, ենթադրաբար՝ Անկարա և այլն։ Այսինքն, այդ խնդիրը մենք Թուրքիայի հետ երբեք չենք ունեցել: Թուրքիայի հետ խնդիրը եղել է այն, որ սահմանը եղել է փակ և դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել։ Հիմա այդ  բացը պետք է լրացվի, սա է պակասում»։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930