Չափազանց անգրագետ է պետք լինել կամ պարզապես իրականությունը չտեսնելու մեծ ցանկություն է պետք ունենալ՝ չհասկանալու, որ ադրբեջանցիների ներկայությունը մեր երկրում առարկայական, շատ լուրջ վտանգներ է ներկայացնում։ Պատահական չէ, որ Արցախյան պատերազմից հետո Ալիևը հայտարարել էր, թե իրենք Երևան են վերադառնալու, սակայն ոչ տանկերով։ Հիմա նա արդեն քիչ-քիչ անցնում է այդ ուղղությամբ գործնական քայլերի իրականացմանը։
Ու դրա համար նախ պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն։ Ու պատահական չէ, որ պահանջ է առաջ քաշվում ՀՀ Սահմանադրությունը փոխելու առումով: Ավելի խորքային իմաստով Ադրբեջանին ոչ միայն ՀՀ Անկախության հռչակագրի դրույթների մասին սահմանադրական հղումն է մտահոգում (իսկ ավելի կոնկրետ՝ Արցախի ու Ցեղասպանության մասին հիշատակումը), այլև Բաքվից շահագրգռված են այնպիսի դրույթներ ներմուծել ՀՀ Սահմանադրության և օրենսդրության մեջ, որ ադրբեջանցիները Հայաստան գան ու ինտեգրվեն հասարակության մեջ ու կարևոր գործոն դառնան Հայաստանի ներսում։ Եթե ադրբեջանցիների իրավունքները լիովին պաշտպանված են լինում, ապա դժվար չէ պատկերացնել հետագա զարգացումները: Սա, ըստ էության, ագրեսիայի շարունակություն է, ուղղակի այլ ուղղությամբ։ Իսկ դրա համար, քանի դեռ Թրամփն է ԱՄՆ նախագահն, ու նա անձամբ է փորձում միջնորդական դերակատարություն ստանձնել՝ փորձելով բարձրացնել խաղաղարարի իր իմիջը, թուրք-ադրբեջանական կողմը փորձելու է իր ագրեսիան շարունակել ոչ ռազմական ճանապարհով, մինչև որ հարմար միջազգային իրադրություն ստեղծվի Հայաստանի հետ կապված իր ծրագրերն իրականացնելու համար, այդ թվում՝ չի բացառվում, որ նաև ռազմական ագրեսիայի միջոցով։ Իսկ ռազմական երանգներից զուրկ ագրեսիան կարող է լինել ինչպես Հայաստանի ժողովրդագրական կազմը փոխելու, այնպես էլ տնտեսական ներխուժման, Հայաստանը որոշակի ապրանքների ներմուծման հետ կապված կախվածության մեջ գցելու, Հայաստանի արտադրությունը՝ հատկապես գյուղատնտեսական ոլորտում ոչ մրցունակ դարձնելու միջոցով։ Իսկ եթե, օրինակ՝ այդ պայմաններում սահմանները կրկին փակվեն, ապա Հայաստանի տնտեսությունը կարող է ուղղակի կաթվածահար լինել։ Այս կոնտեքստում առնվազն տարօրինակ է իշխանավորների ու սատելիտների հրճվանքը Ադրբեջանի տարածքով հացահատիկի ներմուծման առումով: Տարօրինակ է, եթե չասենք ավելին: Ի վերջո, այստեղ առկա է ոչ միայն կախվածության մեջ գցելու մեծ վտանգ, այլև պարենային անվտանգության խնդիր: Բայց սա արդեն առանձին խոսակցության թեմա է:
Մեկ այլ լուրջ խնդիր է այն, որ հարևան երկու երկրներից՝ Թուրքիայից ու Ադրբեջանից քաղաքացիներ կամ գործարարներ կարող են հայտնվել ու մեծ քանակությամբ անշարժ գույք, հող ու այլ կապիտալ ձեռք բերել՝ այդպիսով մեծ դերակատարություն ձեռք բերելով տնտեսության ու, ըստ այդմ, նաև տարվող քաղաքականության վրա։
Իսկ ինչո՞ւ է կոնկրետ Հայաստանը այսպիսի նշանառության տակ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, ինչո՞ւ են ուզում կուլ տալ։ Պատասխանը շատ պարզ է. մեր երկիրն, իրենց պատկերացմամբ, այն «թույլ օղակն» է, որի միջոցով կարող են իրականություն դառնալ հեռուն գնացող պանթուրքական ծրագրերը։ Իսկ դրա համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել, քանի որ Հարավային Կովկասը, որը ավանդականորեն եղել է Ռուսաստանի ազդեցության գոտի, այսօր ավելի շատ թուրքական ազդեցությունն է կրում, քանի որ Ռուսաստանն զբաղված է Ուկրաինայում ընթացող պատերազմով։ Իսկ այն, որ հապաղելու դեպքում Մոսկվան իսկապես կարող է կորցնել Հարավային Կովկասը, ուղղակի կասկած չկա։ Պատահական չէ, որ Բաքվի խոսափողները հայտարարում են Հարավային Կովկասը Պետրոս Առաջինից ազատագրելու մասին: Դա կոնկրետ ուղերձ է Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու հետ կապված։ Չէ՞ որ հենց Պետրոս Առաջինն է, որ առաջին անգամ ռուսական պետությունը դարձրել է գործոն Հարավային Կովկասում։
Կարդացեք նաև
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































