Օրերս «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը վկայակոչելով OC Media-ի հրապարակումը եւ հստակ փաստեր՝ նշել էր, որ վատ նորություն ունի Նիկոլ Փաշինյանի եւ նրա քարոզիչների համար, եւ նրանց շեփորած խաղաղությունը միֆ է, քանի որ Ադրբեջանն իրականում այլ նպատակներ ունի:
Aravot.am-ը ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանից մեկնաբանություն խնդրեց Արման Թաթոյանի ներկայացրած փաստերի եւ Ադրբեջանի անթաքույց նկրտումների մասին: Տիկին Հայրապետյանը հիշեցրեց, որ դեռեւս 2023 փետրվարին Aravot.am-ի հետ համագործակցությամբ իր հեղինակային հաղորդման մեջ զգուշացրել էր, որ Ադրբեջանի բռնապետը «պատմաքաղաքական հիմք» է ստեղծում իր հետագա ագրեսիվ քաղաքական քայլերի համար, պատմական կեղծարարությունները, դրանք՝ պետական քաղաքականության մաս դարձնելու քաղաքականությունը պարզ ճշմարտության մասին են՝ Ադրբեջանի նպատակը միայն Արցախի զավթումը չէ, Արցախի հարցը «փակելուց», այսինքն՝ այն հայերից «ազատելուց» հետո, սկսվելու է Հայաստանի Հանրապետության տարածքի զավթման գործընթացը: Ինչ վերաբերվում է «խաղաղության» ադրբեջանական տեսլականին, ադրբեջանագետը դեռեւս երկու տարի առաջ էր նշել, որ դա «խաղաղություն» է առանց հայերի՝ հայկական պետականության ու տարածքների հաշվին:
Նա նաեւ նշել էր, որ Հայաստանի Հանրապետությունը որպես «Արևմտյան Ադրբեջան» դիտարկելու, այդ նորաստեղծ կեղծ կատեգորիան պաշտոնական փաստաթղթերում շրջանառելու փաստը ՀՀ ղեկավարությանը եւ դիվանագետներին տալիս է հստակ գործիքակազմ՝ միջազգային կազմակերպություններին եւ գործընկերներին ցույց տալու Ադրբեջանի վարած բացահայտ ծավալապաշտական քաղաքականությունն ու դրա վտանգները, հետեւաբար ՀՀ քաղաքական ղեկավարությունն ավելի լավ կանի իր ներքին եւ արտաքին քաղաքականությունը կառուցի այն փաստի գիտակցմամբ, որ Ադրբեջանի ախորժակը Արցախով չի սահմանափակվում:
«Իրականում Իլհամ Ալիեւը բավականին պարզ եւ ուղիղ տեքստով Հայաստանի դեմ զավթողական ծրագրերի դեմ խոսել է առաջին անդամ 2022թ դեկտեմբերի 24-ին, եւ Արման Թաթոյանի մոտ եւս կար այդ հղումը: Նա ասել է, որ Հայաստան անունով պետություն այս տարածաշրջանում չի եղել, ներկայիս Հայաստանը իրենց պատմական հողն է: Նա արդեն շրջանառության մեջ էր դրել «Արեւմտյան Ադրբեջան» երեւույթը ու դրանից հետո հանձնարարականներ է ուղարկել, ընդ որում դրա մասին նաեւ իր ելույթում կա՝ փոխել դասագրքեր, խոսույթներ, եւ ամեն բան այնպես ներկայացնել, իբր հայերը այդ տարածաշրջանում չունեն պետություն, հայերի այս պետությունն ադրբեջանականն է եւ դա ադրբեջանցիներից խլվել է: Տարբեր հրապարակումներով նշել են, թե ինչպես է այդ դիսկուրսը մտել Ադրբեջանի պատմության դասագրքեր: Ընդ որում, նույնիսկ ադրբեջանցի հետազոտողներն են դա արձանագրել, եւ ադրբեջանցի տարբեր հետազոտողներ, որոնք հիմնականում արտերկրում են ապրում, հստակ գրում են, որ այդ կոնցեպտների եւ ատելության շարունակականությունն ապահովելով՝ Ադրբեջանը ցույց է տալիս, որ ինչ-որ պահից կարող է նորից վերադառնալ պատերազմական վիճակի: Այդ ռիսկերը տեսնում եւ դրա մասին խոսում են նաեւ որոշ դիսիդենտ ադրբեջանցիներ»,-նշեց Տաթեւիկ Հայրապետյանը:
Կարդացեք նաև
«Այս թեմայի թիվ 1 շահառուն Հայաստանի Հանրապետությունն է, սպառնալիքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության դեմ: 2023թ փետրվարին եմ խոսել դրա մասին, որ եթե հայ դիվանագետներին հստակ պահանջներ չուղղվեն, ապա այդ խնդիրը լրջանալու է եւ գնալով ավելի վտանգավոր է դառնալու: Փաստացի, ավելի քանի 2 տարվա կատարյալ անգործության եւ ինչ-որ տեղ այդ ամենը լռեցնելու կամ անհարկի համեմատություններ անցկացնելու միջոցով այդ խոսույթը դարձավ լուրջ պետական քարոզչություն եւ հստակ ծրագիր, ու Ադրբեջանը ցույց է տալիս, որ օգոստոսի 8-ի խաղաղության շոու ծրագրից հետո որեւէ կերպ չի պատրաստվում հրաժարվել իր զավթողական կոնցեպտներից:
Իսկ տարբեր հանգամանքներ, այդ թվում՝ OC Media-ի հրապարակումը, Արման Թաթոյանի բերած փաստերը, արտասահմանում արվող այլ հետազոտություններ, նաեւ հետազոտություններ, որոնք ինքս եմ անում, ցույց են տալիս, որ սա հստակ զավթողական ծրագիր է, որը երկարաժամկետ առումով դրվում է Ադրբեջանում, որը ինչ-որ պահի կարող է վերածվել հնարավոր պատերազմի առիթի: Սովորաբար առաջինը խոսույթն է ստեղծվում:
Ալիեւի ելույթում բոլորը ֆիքսվեցին Սեւան-Գյոյչա արտահայտության վրա, բայց ինքը շատ ավելի կարեւոր մի խոսք ուներ, Ալիեւն ասաց՝ մենք պետք է ստեղծենք մեր ճշմարտությունը ու դա պարտադրենք բոլորին, այսինքն` հրահանգավորեց՝ ստեղծել Ադրբեջանի համար ցանկալի «ճշմարտություն» եւ այդ «ճշմարտությունն» ընկալելի դարձնել բոլորի համար: Սա էր այդ ամբողջ ելույթի գլխավոր շեշտը, ոչ թե այս կամ այն արտահայտությունը: Հրահանգն է հստակ, պետական կարգադրությունը՝ Հայաստանի Հանրապետության տարածքը բոլոր հնարավոր միջոցներով ներկայացնել որպես «հին ադրբեջանական հող» եւ դա սպառել թե պետության ներսում, թե դրանից դուրս»,-նշեց մեր զրուցակիցը:
Ադրբեջանագետին խնդրեցինք վերծանել նաեւ Ալիեւի արտաբերած՝ այսպես կոչված «ադրբեջանցիների անվտանգ եւ արժանապատիվ վերադարձ» արտահայտությունը:
«Արման Թաթոյանը եւս դրան անդրադարձել էր, որ Ադրբեջանը փորձել է հայցեր ներկայացնել այդ թեմայով, ու դատարանը մերժել է վաղեմության ժամկետի հետ կապված: Ինչ վերաբերվում է այդ ձեւակերպումներին, իրենք ՄԱԿ-ին ուղղված 2 նամակ ունեն 2023թ. կարծեմ մարտ եւ մայիս ամիսներին, որտեղ գրում են՝ քանի որ Հայաստանում անվտանգ չի լինելու, իրենք պետք է ունենան զինված ուժեր: Սա Հայաստան դեսանտ իջեցնելու հստակ ու այդ ճանապարհով գնալու զավթողական ծրագիր է: Ընդ որում, իրենք չեն ասում՝ խաղաղության ենք գնում, սա ասում են մարդիկ, որոնք պետական մակարդակով հայատյացություն են քարոզում, որոնք շուտով պատրաստվում են եւս մեկ անգամ տոնել հայերի դեմ իրականացված էթնիկ զտումը, որտեղ իրենց ղեկավարը պարբերաբար հայերին ներկայացնում է որպես թշնամի, որտեղ ազգությամբ հայերը պատանդ են, ու այս իրավիճակում գալիս է այն անհեթեթ պնդումը, որ մենք ունենք իրավունքներ»,-պարզաբանեց Տաթեւիկ Հայրապետյանը:
Նա նաեւ ընդգծեց. «Ամրագրենք, որ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքն ամրագրված է միջազգային դատարանով, մենք ունենք հստակ ամրագրված իրավունք, որն այսօր անտեսվում է, մինչդեռ իրենք չունեն այդ առումով իրավունք եւ պատմական փաստեր, դրա համար էլ գնում են քարոզչության, «ճշմարտություններ» թելադրելու ճանապարհով: Դրանից գալիս է այդ ամենը աղմկոտ դարձնելու խնդիրը: Ադրբեջանի այս ամբողջ տեղեկատվական փուչիկն իրականում շատ հեշտ ու խելացի ռազմավարության դեպքում կարելի է պայթեցնել եւ ուղղել Ադրբեջանի դեմ: Ցավոք, Հայաստանի Հանրապետության իշխանություններն իրենց անհարկի զուգահեռներով նորմալ են դարձնում Ադրբեջանի՝ փաստական հիմքից ու տրամաբանությունի զուրկ պնդումները»:
Ադրբեջանագետը հավելում է. «Մեր մասին կան իրական պատմական փաստեր, դա Հայաստանի Հանրապետության ներքին թելադրած դիսկուրս չէ, որ հավատաս կամ չհավատաս: Հայոց ցեղասպանությունը մեր հորինածը չէ, եթե չլինեն միջազգային բազմաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ, ներկաներ, շատերը նույնիսկ չէին իմանա, թե ինչ է տեղի ունեցել Օսմանյան կայսրությունում: Շատ հաճախ ինձ համար գերադասելի կլիներ, որ իշխանություններն ընդհանրապես չմեկնաբանեին, քան անցկացնեին զուգահեռներ, որոնցով ոչ միայն մեզ են վնասում, այլեւ նորմալ են դարձնում Ադրբեջանի անհարկի զավթողական պնդումները, սա է ինձ համար խորքային խնդիրը…
Խնդիրը նաև այն է, որ Հայաստանի Հանրապետության դեմ 5, 10 կամ 15 տարի անց կարող են առաջանալ նոր սպառնալիքներ։ Եթե ժամանակին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ տրվեր ճիշտ գնահատական և լիներ պատշաճ վերաբերմունք, մենք կարող էինք կանխել 2020 թ. պատերազմը։ Երբ քո հակառակորդը քեզ հետ խոսում է ուղիղ, պարզ տեքստով, ձևավորում է քո դեմ խոսույթ և հետո այն օգտագործում է քո դեմ՝ սանձազերծելով պատերազմ, իսկ արդեն մեկ անգամ դա արել է և այժմ կրկին անում է՝ արդեն Հայաստանի Հանրապետության դեմ, ու դու չես ուզում հասկանալ, ուրեմն խնդիրը քո ընկալման և հասկանալու հետ է կապված։
Դու կարող ես դա կանխել խելացի դիվանագիտական, քաղաքական եւ տեղեկատվական քայլերով՝ առանց այն հասցնելու մարդկային կյանքերի գնով կանխելու անհրաժեշտության։ Սակայն այսօր զբաղված ես այդ ամենը նորմալացնելու փորձերով։ Ի դեպ, Ալիեւի ելույթից հետո նրանց պաշտոնական լրատվամիջոցներն արդեն էլ ավելի մեծ թափով են սկսել թիրախավորել Հայաստանը և հայ ժողովրդին»,- նշեց Տաթևիկ Հայրապետյանը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































