Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտը հիմնադրվել է 2014 թվականին և նպատակ ունի Հայաստանում խթանել հումանիտար գիտությունների զարգացումը և քննական ներդրում ունենալ ոլորտի ընթացիկ միջազգային քննարկումներում։ Իր գոյության 11 տարիների ընթացքում Ինստիտուտն իրականացրել է բազմաթիվ տեղական ու միջազգային հետազոտական նախաձեռնություններ, հրատարակել 13 անուն գիրք և այսօր հայագիտության ոլորտում միջազգային համարում ունեցող հաստատություն է։
Հովհաննիսյան ինստիտուտը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը սկսել են համագործակցել 2020 թվականի սեպտեմբերից՝ մեկնարկելով «Մշակույթ և արդիականացում» հետազոտական ծրագիրը։ Ծրագրի նպատակն է բազմագիտակարգ պատմաքննական ուսումնասիրությունների միջոցով պարզել հայաստանյան կյանքում ավանդված վարքուբարքի և արդիականացման գործընթացների միջև հակասություններն ու դրանց հետևանքները։
Հետազոտություններին և դրանց հետ կապված միջոցառումներին կարելի է ծանոթանալ ծրագրի` https://modernities.am կայքում։
Ինստիտուտի և Կառավարության միջև համագործակցությունը եղել է գաղտնագրված և գաղտնազերծվել է 2025 թվականի հոկտեմբերի 30-ին։ Գաղտնագրման և գաղտնազերծման հիմքերի և ընթացակարգերի հետ կապված հարցերին լավագույնս տիրապետում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Մեր կողմից կարող ենք ասել, որ հետազոտությունները կարևորվել են հեղափոխությունից հետո բարեփոխումների օրակարգի ու ինստիտուտների կայացման տեսանկյունից և առնչվել են մեր հանրության՝ պատմական փորձից բխող խնդրահարույց և զգայուն առանձնահատկություններին, ներքին հակասություններին։
Իհարկե մենք չենք տիրապետում, թե կոնկրետ հետազոտություններն ինչպիսի կոնկրետ կիրառություն են ստացել բարեփոխումների և քաղաքականությունների մշակման գործում, բայց մեր հետազոտությունների հանրային նշանակությունը հաստատող դիպվածային վկայություն է Կառավարութան ղեկավարի՝ 2024 թվականի հուլիսի մեկին՝ Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ հնչեցրած խոսքը, որտեղ նա, խոսելով «կառավարության գործընկեր կազմակերպության» մասին, հղում է մեր ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությանը։
«Մշակույթ և արդիականացում» ծրագրի շրջանակում Ինստիտուտի հնգամյա աշխատանքի արդյունքները նախևառաջ կայքում հրապարակված 20 ծավալուն հետազոտություններն են (ևս հինգը կհրապարակվեն տարեվերջին)։ Այս հետազոտությունների համար առանցքային կարևորություն ունեցող 23 գրավոր աղբյուրներ անցել են բնագրագիտական մշակում, թվայնացվել և հրապարակվել հետազոտողների ծավալուն ներածություններով («ուղենշային տեքստեր»)։ Նույն հետազոտությունների համար արխիվային, հաճախ նորահայտ 247 նյութեր («վավերագրեր») նույնպես անցել են բնագրագիտական մշակում, թվայնացվել և հրապարակվել են հետազոտողների նախաբաններով։
Կազմակերպվել է 2 միջազգային գիտաժողով, որոնց մասնակցել են ոլորտի առաջնակարգ մասնագետներ Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ավստրալիայից, Շոտլանդիայից, Ֆինլանդիայից։ Կազմվել է հետազոտությունների աղբյուրները ներկայացնող 12 մատենագիտական ցանկ և հրապարակվել։ Աշխատանքի արդյունքները բաց և հասանելի են մեր կայքում։ Դրանց կարող եք ծանոթանալ մեկնաբանության մեջ դրված ֆայլում հավաքագրված հղումներով։ Մեկնաբանություններում դրված է նաև ծրագրի շրջանակում Ինստիտուտին հատկացված միջոցների տնօրինման հնգամյա պատկերը ներկայացնող ամփոփ բյուջեն։
Ուրախ կլինենք, եթե ժամանակ գտնեք և ծանոթանաք մեր արած աշխատանքի հետ։ Հուսով ենք, որ այն ինքներս մեզ մեր հակասություններով բացահայտելու և ինքնաճանաչման նոր հնարավորություններ բացելու տեղիք կտա։
Հովհաննիսյան ինստիտուտ


















































