«Որակյալ լրագրությունը դիմակայունության, ժողովրդավարության, բազմակարծության, հանրային ներգրավվածության ապահովման բանալին է։ Բայց, ցավոք, այսօր այն բռնատիրական ռեժիմների ճնշումների ներքո է գործում և վտանգված է։ Ամենուր մեդիա բազմակարծությունը և մամուլի ազատությունը հարձակման է ենթարկվում»,- Ստրասբուրգում անցկացվող «Ժողովրդավարությունը վտանգված է. ինչպե՞ս կարող ենք այն վերակենդանացնել» խորագրով ժողովրդավարության համաշխարհային ֆորումի «Ինչպե՞ս է լրատվամիջոցների վերափոխումը ազդում ժողովրդավարության վրա» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց Լրագրողների պաշտպանության կոմիտեի պաշտպանության գծով փոխտնօրեն Թոմ Գիբսոնը։
Արդեն տեղեկացրել ենք, որ Ստրասբուրգում անցկացվում է Ժողովրդավարության համաշխարհային եռօրյա ֆորումը։ Այն միավորում է քաղաքականություններ մշակողներին, ակտիվիստներին, փորձագետներին, մտավորականներին և երիտասարդներին ամբողջ աշխարհից։ Նոյեմբերի 5-7-ն անցկացվող ֆորումի ընթացքում նրանք ուսումնասիրում են քաղաքացիների՝ ժողովրդավարությունից հրաժարվելու պատճառները և փնտրում լուծումներ՝ ժողովրդավարական մշակույթն ամրապնդելու, ապատեղեկատվության դեմ պայքարելու և քաղաքացիական մասնակցությունը խթանելու համար։
Մեդիային, մամուլի ազատությանն ու անկախ լրագրությանը նվիրված քննարկման ընթացքում բանախոսները մտահոգություն հայտնեցին՝ անկախ մեդիան ամբողջ աշխարհում լուրջ սպառնալիքների ներքո է։ Թոմ Գիբսոնն ահազանգեց՝ մեդիայի նկատմամբ վստահությունն անկում է ապրում, մյուս կողմից՝ հատկապես անկախ մեդիան, իրավական, հոգեբանական, տնտեսական և այլ սպառնալիքների ու ճնշումների ներքո է։
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Տանակա Ակիհիկոյի համոզմամբ՝ լրագրությունն ամենակարևոր գործիքներից է, որով հնարավոր է ամրացնել ժողովրդավարությունը․ «Աշխարհում քաղաքական իրավիճակը դիտարկելով՝ ուզում եմ նշել, որ ժողովրդավարական դիմակայունությունն անկում է ապրում։ Իհարկե, կան նաև օրինակներ, երբ ժողովրդավարությունը ցույց է տվել դիմակայունություն, օրինակ՝ Հարավային Կորեայում, երբ այս տարի ԱԺ-ն չընդունեց նախագահի կողմից ներկայացված՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին օրենքը։ Բայց ընդհանուր առմամբ՝ աշխարհում լուրջ ճգնաժամ է նկատվում ավանդական լրագրության տարածման հարցում։ Ավանդական լրագրությունը սոցիալական մեդիայի տարածման պատճառով լուրջ մարտահրավերների առաջ է»։
Կարդացեք նաև
Մալայզիայի Նոթինգհեմի համալսարանի հումանիտար գիտությունների դպրոցի դոցենտ Գայատրի Վենկիտեսվարայի կարծիքով՝ այս մարտահրավերներին դիմակայելու համար պետք է գործարկել հաղորդակցության այլընտրանքային գործիքներ․ «Քաղհասարակությունը, լրագրողական և ակադեմիական համայնքը պետք է դիտարկեն հաշվետվողականության նոր մեխանիզմների ներդրումը։ Այսօր լուրջ սպառնալիք են նաև մեծ տեխնոլոգիական ընկերությունները, որոնք ձեռք են բերում մեդիա կորպորացիաներ, և փաստացի որոշումներ կայացնողները դառնում են միլիոնատերերը՝ շատ դեպքերում առանց հաշվետվողականության։ Հաշվետվողականության մեխանիզմների ներդրմանը զուգահեռ՝ պետք է զարգացնել նաև հանրային լրագրությունը»։
Վենետիկի հանձնաժողովի անդամ Դեյվիդ Կայեն, հղում կատարելով Մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիայի դրույթներին, որոնցով պաշտպանվում է խոսքի և կարծիքի ազատությունը, նշեց․ «Պետք է արձանագրենք, որ խոսքի և կարծիքի ազատությունը միայն տվյալ անձին չի վերաբերվում, այլ բոլորի իրավունքն է փնտրել ու գտնել տեղեկատվություն։ Այսինքն՝ կառավարությունների պարտավորությունն է ոչ միայն չխոչընդոտելը խոսքի և կարծիքի ազատությանը, այլև պարտավորությունն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ անձը կարող է իրացնել իր այս իրավունքը»։ Ըստ Դեյվիդ Կայեի՝ աշխարհում մեկ այլ բացասական միտում է նկատվում․ կառավարությունները մանիպուլացնում, օգտագործում են մեդիայի գործիքները քարոզչության և ապատեղեկատվության տարածման համար։
Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Դիվինա Ֆրաու-Մեյգսի կարծիքով՝ այս մարտահրավերներին դիմակայելու համար կարևոր է մեդիագրագիտությունը, լրագրողական կրթությունն ու փաստերի ստուգումը․ «Պետք է հստակ սահմանել բոլոր մարտահրավերները և սեղանին դնել համապատասխան կրթական ծրագրեր, որոնցով հնարավոր կլինի դիմակայել սպառնալիքներին։ Անհրաժեշտ են մեդիայի ներկայացուցիչների, քաղհասարակության և ակադեմիական շրջանակի համատեղ ջանքերը։ Եվրոպան կարող է դա անել, մենք դարձել ենք այսպես կոչված լաբորատորիա, որտեղ կարող են ներդրվել այս մեխանիզմները, լավագույն փորձը, որը հետագայում կարող է տարածվել այլ աշխարհամասերում։ Անկախ լրագրության հիմնասյուներից է փաստերի ստուգումը, ինչը շատ ենք կարևորում կրթական ծրագրերում։ Մեդիագրագիտությունը, տվյալների լրագրությունը մեր կրթական ծրագրերի հիմքում են»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ստրասբուրգ


















































