«Մի քանի մտահոգություններ ունենք՝ կապված քաղաքական, իրավական միջավայրի հետ, որում այս ընտրությունները տեղի են ունենում։ Ըստ երևույթին՝ կառավարական պաշտոնյաների միջամտության և ճնշման պայմաններում, չնայած դրանք պետք է լինեն անկախ ինստիտուտներ, քաղաքական, կրոնական հաստատությունների, անկախ դատական համակարգի, բոլոր այս ոլորտներում վերջին շաբաթվա ընթացքում լսել ենք ծավալուն ապացույցներ, թե ինչպես է կառավարությունը ոչ պատշաճ կերպով միջամտում»,- Երևանում կազմակերպված Հայաստանում Ժողովրդավարության Միջազգային Դիտարանը (IODA) մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց IODA գործադիր խորհրդի անդամ Սառա Լի Ուիթսոնը։
Դիտարանն ամփոփեց Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ժողովրդավարական պայմանների դիտարկման և վերլուծության նպատակով իրականացվող փաստահավաք առաքելության առաջին փուլի արդյունքները։
Սառա Լի Ուիթսոնը նշեց՝ իրենց դիտարկումներով հատկապես մտահոգիչ են քաղաքականապես մոտիվացված ձերբակալությունները ընդդիմադիր գործիչների՝ այդ թվում «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի, եկեղեցու առաջնորդների, արքեպիսկոպոսների, հոգևորականների նկատմամբ․ «Որոշ դեպքերում այս անձանց ձերբակալությունները և այլ առերևույթ քաղաքական մոտիվացիա ունեցող ձերբակալություններն իրականացվում են ոստիկանության՝ չափից ավելի բռնի գործողություններով՝ օգտագործելով անվտանգության մեծաթիվ ուժեր՝ ձերբակալելով հրապարակայնորեն ցուցադրվող չափից ավելի ուժի կիրառությամբ։ Մեզ հատկապես մտահոգում է նախնական կալանքի՝ չափազանց երկար ժամկետների կիրառությունը։
Հատկապես հարկ է նշել, որ պարոն Սամվել Կարապետյանը՝ ամենահայտնի քաղաքական կուսակցություններից մեկի առաջնորդը, մնում է տնային կալանքի տակ, և դժվար է պատկերացնել, որ ազատ ու արդար ընտրություններ կարող են տեղի ունենալ այն պայմաններում, երբ քաղաքական կուսակցության առաջնորդը, որն ընդամենը մեղադրվում է խոսքի հետ կապված իրավախախտման մեջ, մնում է ազատազրկված: Դա լավ տպավորություն չի թողնում ՀՀ ժողովրդավարության համար։ Որևէ կառավարություն չպետք է խոսքի հետ կապված աղոտ դրույթների հիման վրա թիրախավորի քաղաքական հակառակորդներին։ Պետական պաշտոնյաներին հիշեցնում ենք, որ իրենք չպետք է զրպարտության հոդվածները հիմք ընդունեն և որպես քաղաքական գործիչներ՝ անհիմն քաղաքական հայցեր ներկայացնեն իրենց քաղաքական հակառակորդների, ընդդիմախոսների դեմ»։
Կարդացեք նաև
Փաստմանը՝ Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանն իր ելույթում եկեղեցուն մեղադրեց խաղաղությանը դեմ լինելու մեջ և հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք այդ մեղադրանքները, IODA գործադիր խորհրդի անդամ, նախկինում Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը պատասխանեց․ «Մենք այստեղ չենք, որպեսզի այս ընտրություններին մեկին կողմ կամ դեմ հանդես գանք, մենք որևէ դիրքորոշում չունենք այս երկրի առաջ ծառացած քաղաքական հարցերում։ Մենք չենք գնահատի այս հարցում եկեղեցու դիրքորոշումը։ Բայց եկեղեցին ամեն իրավունք ունի հանդես գալու իր դիրքորոշմամբ, կողմ կամ դեմ լինել կառավարության գործողություններին։ Ժողովրդավարությունը դրա մասին է։ Մենք այստեղ ենք, որ ասենք՝ հիմա եկեղեցու՝ վարչապետից տարբերվող դիրքորոշում ունենալու հանգամանքը վարչապետին իրավունք չի տալիս սկսել վրեժխնդիր լինել, միջամտել այս կարևոր կառույցին և հոգևոր անկախությանը»։
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































