Ստրասբուրգի հայազգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը «Ժողովրդավարությունը վտանգված է. ինչպե՞ս կարող ենք այն վերակենդանացնել» խորագրով ժողովրդավարության համաշխարհային ֆորում-2025-ի խոսնակներից է։
Արդեն տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 5-7-ը Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդում անցկացվում է ամենամյա ժողովրդավարության համաշխարհային ֆորումը։ Ստրասբուրգն այս օրերին ֆորումի շրջանակներում հյուրընկալել է ԵԽ անդամ երկրներից հարյուրավոր քաղաքականություններ մշակողների, ակտիվիստների, փորձագետների, մտավորականների և երիտասարդների։ Ֆորումի 2000-ից ավելի մասնակիցներ ուսումնասիրում են քաղաքացիների՝ ժողովրդավարությունից հրաժարվելու պատճառները և փնտրում լուծումներ՝ ժողովրդավարական մշակույթն ամրապնդելու, ապատեղեկատվության դեմ պայքարելու և քաղաքացիական մասնակցությունը խթանելու համար։
Քննարկվում են թեմաներ, ինչպիսիք են լրատվամիջոցների վերափոխման ազդեցությունը ժողովրդավարության վրա, մշակույթի և մշակութային քաղաքականության դերը, քաղաքացիների մասնակցությունը ժողովրդավարության հիմքերի ամրապնդման համար և այլն։
Aravot.am-ը Ժաննա Բարսեղյանից հետաքրքրվեց՝ նրա կարծիքով ո՞րն է այսօր ժողովրդավարության ամենամեծ մարտահրավերը, Ստրասբուրգի քաղաքապետը պատասխանեց․ «Առաջինը քաղաքացիների կողմից վստահության պակասն է ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքական գործիչների նկատմամբ։ Ֆրանսիայի օրինակով կարող եմ նշել, որ վստահության պակասը լուրջ խնդիր է։
Կարդացեք նաև
Սակայն չեմ կարծում՝ քաղաքացիներն այլևս հետաքրքրված չեն մասնակցայնությամբ։ Տեղական մակարդակում նկատելի է նրանց ակտիվությունը՝ հատկապես, երբ բաց դռների օրեր, մասնակցային նախաձեռնություններ ենք ունենում։ Այնպես որ, չեմ կարծում՝ ժողովրդավարությունը մեռնում է, ուղղակի մենք պետք է վերակենդանացնենք այն և ժողովրդավարությանը նոր շունչ տանք։
Երկրորդ խնդիրը, որը տեսնում եմ, ապատեղեկատվությունն է։ Ֆեյք նյուզի տարածումը սոցիալական մեդիայում ոչ միայն ազգային մակարդակով է տեղի ունենում, այլև տեղական։ Ուստի տեղական մակարդակում շատ կարևոր է աշխատել կրթական հաստատությունների, երեխաների, երիտասարդների հետ, որպեսզի նրանց շրջանում զարգացնենք քննադատական մտածողությունը։ Այսպես կօգնենք երիտասարդներին օգտագործել վստահելի տեղեկատվության աղբյուրներ և ստանալ փաստահեն տեղեկատվություն»։
Փաստմանը՝ նկատում է վստահության պակաս քաղաքական գործիչների և ժողովրդավարական համակարգերի նկատմամբ և հարցին՝ ի՞նչ կարծիք ունի՝ ՀՀ-ում հանրությունը վստահո՞ւմ է քաղաքական գործիչներին, ի՞նչ կասեք հայկական ժողովրդավարության մասին՝ մանավանդ այն համատեքստում, որ Հայաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչները բանտարկվում են, ճնշումների ենթարկվում, նաև հոգևորականների նկատմամբ են ճնշումներ իրականացվում, Ժաննա Բարսեղյանը պատասխանեց․ «Չեմ կարող խոսել Հայաստանում ժողովրդավարության մասին ընդհանուր առմամբ, քանի որ այնտեղ չեմ եղել մի քանի տարի։ Բայց որպես Ստրասբուրգի քաղաքապետ՝ կարող եմ տեղեկացնել, որ Վանաձորի հետ ենք նոր համագործակցություն զարգացնում, որն ուղղված է կանանց իրավունքների, կանանց՝ քաղաքականություն մուտք գործելուն աջակցությանը։ Տեղյակ եմ, որ ՀՀ-ում քիչ են կին քաղաքապետերը, այնպես չէ, որ Ֆրանսիայում իրավիճակն այս առումով կատարյալ է»։
Հետաքրքրվեցինք՝ արդյոք իրատեսական համարո՞ւմ է ՀՀ-ի՝ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործընթացները, Ժաննա Բարսեղյանն այս առիթով հիշեց, երբ 2 տարի առաջ Փարիզի քաղաքապետի գլխավորած ֆրանսիական պատվիրակության կազմում էր, այցելել էին Լաչինի միջանցք, սակայն իրենց թույլ չէին տվել այն անցնել․ «Մենք մարդասիրական օգնություն էինք բերել։ Դատապարտեցինք Ադրբեջանի կողմից իրականացվողը։ Մեր այցից մի քանի շաբաթ հետո տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի բնակչության բռնի տեղահանումը (exodus)։ Ներկայիս գործընթացները հաշվի առնելով՝ հույս ունեմ, որ ապագայում կարող են դրական զարգացումներ լինել, բայց շատ կարևոր է, որ հայ ժողովրդի իրավունքները պաշտպանվեն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ստրասբուրգ



















































Շատ անատամ հայտարարություն:
Հայտարարություն էլ չի:
‘Շատ կարևոր է, որ հայ ժողովրդի իրավունքները պաշտպանվեն:’
Վերցրել եք ‘Շատ կարևոր է, որ X ժողովրդի իրավունքները պաշտպանվեն:’ -ը ու դրել ‘հայ’ x-ի տեղը:
Իսկ այն, որ Ձեր այցելությունից ՀԵՏՈ եղավ Էթնիկ քլինսինգ (Ձեր օգտագործմամբ exodus-ը) միայն հարցեր է առաջեցնում;
Այս օրերին բլոկադայի տակ է Հայաստանը: Մի գնացք ցորենով (նախկինում ցորենը Արցախի աճեցրածն էր) Ազրբժանը թույլ տվեց հասնի Հայաստան: Քանի որ մոտիկից ծանոթ եք նման եղելություններին` արդո՞կ տեղեկացված եք թե ինչ գին մուծեց Հայաստանը այս ՄԱՍՆԱԿԻ դե-բլոկադային: