Սույն թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) մրցանակի շնորհման աշխատանքները համակարգող խորհուրդը հայտարարեց ՀՀ ԳԱԱ 2025թ․ մրցանակի դափնեկիրներին։
Ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների հիմնարար հետազոտությունների բնագավառում մրցանակը շնորհվել է Տիգրան Մաղաքյանին և Տիգրան Մովսիսյանին՝ «Աստղերի զարգացման վաղ փուլերում էրուպտիվ ակտիվության դրսևորումները» աշխատանքի համար։
Ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների կիրառական մշակումների բնագավառում մրցանակը շնորհվել է Գագիկ Այվազյանին՝ «Սև սիլիցիումի ստացումը, հետազոտումը և կիրառումը միկրոէլեկտրոնային սարքերում» աշխատանքի համար։
Քիմիայի, կյանքի և Երկրի մասին գիտությունների հիմնարար հետազոտությունների բնագավառում մրցանակը շնորհվել է Արամ Պետրոսյանին, Վահրամ Ղազարյանին, Գայանե Տոնոյանին, Ջերալդ Գիստերին, Մարեկ Շաֆրանսկուն՝ «Ամինոթթուների նոր աղեր, աղերի նոր դասի բացահայտում և դրանց հնարավոր կիրառությունը» աշխատանքի համար։
Կարդացեք նաև
Քիմիայի, կյանքի և Երկրի մասին գիտությունների կիրառական մշակումների բնագավառում մրցանակը շնորհվել է Սուրեն Խառատյանին՝ «Ջերմային անալիզի նոր սերնդի սարքավորման նախագծում, պատրաստում և շահագործում (Արագագործ Ջերմաստիճանային Սկաներ)» աշխատանքի համար։
Հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում մրցանակը շնորհվել է Արամ Քոսյանին և Երվանդ Գրեկյանին՝ «Հայկական լեռնաշխարհի միջավայրային պատմությունը. շրջակա միջավայր, կլիմայական փոփոխություններ և քաղաքակրթական գործընթացներ» աշխատանքի համար։
Բժշկագիտության բնագավառում մրցանակը շնորհվել է Ասատուր Ասատրյանին, Հայրապետ Բարսեղյանին, Արայիկ Ոսկանյանին, Հայկ Հարությունյանին, Անահիտ Հախեյանին՝ «Կենդանի դոնորից լյարդի փոխպատվաստման ներդրումն ու զարգացումը Հայաստանում. առաջին քայլերից դեպի կայուն մասնագիտական ծրագիր» աշխատանքի համար։
Մրցանակները շնորհվում են մեդալի, վկայագրի և դրամական պարգևի ձևով: Յուրաքանչյուր մրցանակի դրամական պարգևի չափը կազմում է 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ։
Հիմնարար հետազոտությունների ոլորտում ՀՀ ԳԱԱ մրցանակը շնորհվում է վերջին 5 տարիների ընթացքում ձեռք բերված կարևորագույն հիմնարար գիտական արդյունքների, արժեքավոր գործի, հայտնագործության կամ աշխատանքների շարքի համար։ Կիրառական մշակումների դեպքում ՀՀ ԳԱԱ մրցանակը շնորհվում է վերջին 10 տարիների ընթացքում ստացված գիտատեխնոլոգիական կամ գիտաարտադրական արդյունքների, ապրանքայնացման պատրաստ կամ ներդրված կիրառական մշակումների համար։ ՀՀ ԳԱԱ մրցանակը ֆինանսավորում են «ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ» և «ԼԻԿՎՈՐ» ընկերությունները։
ՀՀ ԳԱԱ 2025թ․ մրցանակի պարգևատրման արարողությունը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (ք․ Երևան, Մարշալ Բաղրամյան 24, 1-ին հարկ), «Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օր» միջոցառման շրջանակում։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին


















































