Լրահոս
Օրվա լրահոսը

Մի մասն ինքնամատուցվում է Արևմուտքին և խնդրում իրեն օգտագործել որպես հակառուսական «բաստիոն», մյուս մասն ինքնամատուցվում է Ռուսաստանին ու խնդրում իրեն օգտագործել որպես «ֆորպոստ». «ՉԻ»

Նոյեմբեր 07,2025 09:30

Վերջին շրջանում հանրային գիտակցության մեջ ներարկվում է ևս մի կեղծ այլընտրանք։ Դա արտահայտվում է մոտավորապես այսպես․ օրինակ՝ բացահայտ ռուսական կողմնորոշմամբ որևէ (լավ վճարվող) «ազգափրկիչ» ռուսական որևէ լրատվամիջոցի հարցազրույց է տալիս ու հարցը ներկայացնում այնպես, թե Հայաստանը պիտի ընտրություն կատարի իրական անվտանգության ու «Մաքդոնալդսի» միջև, կամ՝ որևէ նիկոլական (առնվազն նույնքան լավ վճարվող) «ազգափրկիչ», ի պատասխան Նիկոլի քաղաքականության արդյունքում Սյունիքի գլխին կախված սպառնալիքների վերաբերյալ ընդդիմության պնդումների, լուսանկարներ է տեղադրում Գորիսից՝ Էյֆելյան աշտարակի մոդելով, սիրուն նստարաններով ու «իրանց ամեն ընչով»։ Այսպիսով ստեղծվում է կեղծ այլընտրանք՝ իբր Հայաստանի դեպքում տարբերակներն ընդամենը երկուսն են…

Հարց է ծագում՝ իսկ երրորդ տարբերակ չկա՞։ 90-ականների Հայաստանը, օրինակ, Արևմուտքի կողմից ընկալվում էր որպես «տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ», բայց հրաժարվում էր դառնալ հակառուսականության պլատֆորմ և իսկապես արժանապատիվ հարաբերություններ ուներ Ռուսաստանի հետ, ինչն անվտանգային առումով չափազանց կարևոր էր (դրա շնորհիվ, օրինակ, բացառվեց Թուրքիայի միջամտությունն արցախյան առաջին պատերազմին)։ Ու դա փայլուն արդյունքներ տվեց։

…Բայց՝ չէ, մեր քաղաքական դաշտը հստակ երկու մասի է բաժանված․ մի մասն ինքնամատուցվում է Արևմուտքին և խնդրում իրեն օգտագործել որպես հակառուսական «բաստիոն», մյուս մասն ինքնամատուցվում է Ռուսաստանին ու խնդրում իրեն օգտագործել որպես «ֆորպոստ»։ Երկու դեպքում էլ արդյունքները կանխատեսելի են․ դառնում ենք կամիկաձե, ընդ որում՝ հայերեն ասած, «չուժոյ պախմել»։ Իսկ ամենասարսափելին այն է, որ ինքնամատուցվող քաղաքական ուժերի այս դիրքավորումները կապ չունեն նրանց սկզբունքների ու արժեհամակարգի հետ, նրանք պարզապես պայքարում են հանուն իշխանության և այդ պայքարում դրսի աջակցություն են մուրում՝ թքած ունենալով, թե դրա դիմաց ինչ գին պիտի վճարի երկիրը։

Մեծ հաշվով՝ ամենավտանգավոր ընտրակեղծիքը հենց սա է, երբ համատեղ ուժերով հասարակությանը համոզում են, թե իբր ոչ մի երրորդ տարբերակ էլ չկա, կամ «գուբերնիա» ենք դառնում, կամ «վիլայեթ»։ Եվ որևէ ուժ, որը կկարողանա ջարդել այս կարծրատիպը, առաջիկա ընտրություններում լուրջ հաջողություններ կունենա։

 

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930