Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող Արցախի հայկական մշակութային ժառանգությունը լրջորեն վտանգված է: Ադրբեջանի նպատակն է արցախահայությանը զրկել իր հողի եւ իր ժառանգության հետ կապից, ահազանգում է ֆրանսահայ գիտնական Պատրիկ Տոնապետյանը, ավելացնելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կամ ԱԼԻՖ-ը չեն կարող այստեղ միջամտել՝ առանց Ադրբեջանի համաձայնության:
«Մենք գտնվում ենք բարդ եւ ծանր իրավիճակում»,- բացատրում է Պատրիկ Տոնապետյանը: «Արցախի հայկական մշակութային ժառանգությունը լրջորեն վտանգված է: Այն այժմ գտնվում է մի պետության սահմաններում՝ Ադրբեջանում, որն ակնհայտորեն թշնամական է տրամադրված այդ ժառանգության նկատմամբ»:
Վաստակավոր գիտնականի խոսքով, խնդիրը վաղուց անցել է վերահսկելի շրջանակներից: «Ինչպե՞ս կարելի է ճնշում գործադրել մի երկրի վրա, որ նա պաշտպանի այնպիսի մշակութային ժառանգություն, որի գոյությունն իսկ չի ընդունում»,- հարցնում է նա: «Մենք՝ գիտնականներս, արվեստի՝ ճարտարապետության պատմաբաններս, արդեն մի քանի տարի է, որ գործում ենք մի ուղղությամբ, որը միակն է, որ մեզ հասանելի է. դա տեղեկատվությունն է: Տեղեկություն հասցնելը, ցույց տալ Արցախի հայկական մշակութային ժառանգություն հարստությունը, ցույց տալ այն ավերածությունները, որոնք գործվել են այս վերջին տարիների ընթացքում, մարդկանց բացատրել, թե ինչումն է վտանգը, թե որքան ծանր են, բոլորիս եւ ամբողջ աշխարհի համար ի՞նչ նշանակություն ունեն այդ պատմամշակութային ժառանգության կորուստները: Սա՛ է մեր գլխավոր թիրախը, մեր գլխավոր նպատակը, եւ որը մենք կարող ենք իրականացնել. դա մեր հնարավորությունների սահմաններում է գտնվում: Իսկ դրանից այն կողմ՝ հասնել նրան, որ միջազգային կազմակերպություններ գտնվեն, որոնք կարողանան գործել եւ ինչ-որ գործողություններ պարտադրել մեկ այլ պետության՝ Ադրբեջանին, ներսում՝ իր գրաված տարածքի վրա գտնվող հուշարձանների կապակցությամբ, դա համարյա թե անհնար է»:
Միջազգային փակուղի
Կարդացեք նաև
Պատրիկ Տոնապետյանը հիշեցնում է, որ մշակութային ժառանգության պահպանման միջազգային միակ իրավասու կառույցը ՅՈՒՆԵՍԿՕ-ն է՝ ՄԱԿ-ի համակարգում գործող կազմակերպությունը. «Միա՛կ, միջազգային միա՛կ կազմակերպությունը, որ գոյություն ունի եւ ունի այդպիսի նպատակ եւ պե՛տք է իրականացնի այդպիսի գործողություններ, դա ՅՈՒՆԵՍԿՕ-ն է՝ Միավորված ազգերի կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպությունը: Ո՞րն է մեխանիզմը: Ամեն մի պետություն, որ խնդիրներ ունի կամ օգնության կարիք ունի՝ իր ժառանգությունը պաշտպանելու, վերանորոգելու, ամրացնելու համար, դիմում է այդ, հատուկ դրա համար ստեղծված կազմակերպությանը, բայց դա ինքն է անում, տվյալ պետությունն է անում, տվյալ պետությունն է դիմում ու խնդրում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն գա օգնի կամ խորհուրդներով օգնի, որպեսզի տվյալ գործողությունները իրագործվեն տվյալ երկրի ներսում, իր իսկ տարածքում գտնվող հուշարձանների վրա: Այսինքն, դրսից մեկ այլ պետություն կամ մեկ այլ կազմակերպություն կամ գիտնականների մի որեւէ միություն չի կարող, պարզապես չի կարող ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմել, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն պարտադրի տվյալ պետությանը ինչ-որ գործողություն: Դա պարզապես անհնար է:
Եվս մեկ մարմին կա, որն ստեղծվել է մի քանի պետությունների կողմից, այդ թվում՝ Ֆրանսիայի: Այսպիսով, մի քանի պետություններ հիմնել են այդ կազմակերպությունը, որը կոչվում է ԱԼԻՖ: Այն փորձում է աշխատել, փորձում է օգնել այն տարածքներում, որտեղ կոնֆլիկտներ են եղել: Բայց այստեղ նորից նույն սահմանափակումը կա, նույն խնդիրը կա. չես կարող պարտադրանքով մտնել մի այլ երկրի սահմաններից ներս, որը դա չի ցանկանում, չի թույլ տալիս, չի ուզում: Այդ տեսանկյունից գտնվում ենք փակուղում: Ո՛չ մեկ այլ երկիր, ո՛չ մի գիտական կամ հասարակական կառույց չի կարող միջամտել առանց այդ երկրի համաձայնության»:
«Հետեւանքը՝ ստացվում է լիակատար փակուղի»,- ցավով տեղեկացնում է Պատրիկ Տոնապետյանը:
Կործանում, խեղաթյուրում, վերագրում
Արցախի մշակութային ժառանգությունն ընդգրկում է հազարամյակների պատմություն՝ սկսած հին դարերից մինչեւ մեր օրերը:
Արդեն տասնամյակներ շարունակ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը ենթարկվում է կա՛մ ֆիզիկական ոչնչացման, կա՛մ պատմական խեղաթյուրումների: «Ամենաաղետալի փուլը Նախիջեւանի տարածքում էր, որտեղ հարյուրավոր հուշարձաններ ամբողջությամբ ոչնչացվեցին», նշում է Տոնապետյանը: Վերջին տարիներին, ըստ նրա, Բաքուն փոխել է իր մարտավարությունը: Նրանք հասկացել են, որ ամբողջական ոչնչացումը վնասում է իրենց միջազգային իմիջին: Այդ պատճառով այժմ ձգտում են ժխտել դրանց հայկական ծագումը՝ վերագրելով այդ հուշարձանները այլ մշակույթների:
Մարիամ ԽԱԹԼԱՄԱՋՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում


















































