ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի դիտարկմամբ՝ պետության կշիռը իջել է, որովհետեւ իշխանությունը կշիռ չունի:
«Իշխանության փոփոխությունով պետության կշիռը շատ արագ բարձրանալու է, եթե հաջորդ իշխանությունները նման չլինեն սրանց: Սրանց 7 տարիների գործողությունները համաշխարհային քաղաքականության մոտ բերել է հստակ պատկերացում, որ սրանք մորթապաշտ, սեփական շահերից փախչող քաղաքական ուժ են: Իսկ ՀՀ պետականության գոյությունը պայմանավորված է նրանով, որ Հարավային Կովկասում դեռեւս գերտերությունների պայքարը չի ավարտվել: Իներցիայի ուժով ՀՀ-ն գոյություն ունի», -այսօր «Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետեւանքները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Արտակ Զաքարյանը:
Նախկին փոխնախարարի խոսքով, այս իշխանությունները սերժանտի մակարդակով են պատկերացնում անվտանգությունը. «Իսկ անվտանգության դիվանագիտական բաղադրիչի մասին ընդհանրապես չեմ խոսում»:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ բանակը ցանկանում են վերածել վարձկանների. «Փողով է չափվում, բանակից խոսում են, ասում են՝ էսքան աշխատավարձ: Իսկ ի՞նչ է դրա դիմաց պետությունը ստանում. այդքան աշխատավարձ տալով՝ պետությունը ստանո՞ւմ է բավարար մարտունակություն, բավարար պաշտպանվողականություն, ստանո՞ւմ է բավարար հմտություններ ունեցող ստորաբաժանումներ: Ժողովուրդը դրա դիմաց է վճարում, ոչ թե փողը տալիս է բյուջե, որ Նիկոլը տանի բանակի վրա PR անի»:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ նկատեց, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այնքան հարմոնիկ էր թուրքական շահերի հետ, որ վերջերս «Օրբելի քննարկման » ժամանակ նույնիսկ թուրք լրագրողը Արարատ Միրզոյանին խոստովանեց՝ լսելով ձեզ, ինձ թվաց Թուրքիայի ԱԳ նախարարն է խոսում. «Ինձ համար ակնհայտ է նաեւ ադրբեջանական կողմի բառապաշարի, հռետորաբանության խստացումը: Շատ պարզ է՝ եթե Հայաստանում կա իշխանություն, որը պատրաստ է սեփական աթոռի համար շարունակ գնալ զիջումների, զոհողությունների, պահանջների բավարարման, ինչո՞ւ չկորզել: Մանավանդ, որ ժամանակը հօգուտ Ադրբեջանի է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































