Լրահոս
Շուշին երկնքում է
Օրվա լրահոսը

«Մենք արդեն իսկ տեսնում ենք որոշակի նախանշաններ, որոնք վկայում են հարաբերությունների դրական զարգացման մասին». Ալի բին Մուհամմադ Աշ-Շահրանի

Նոյեմբեր 07,2025 19:15

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սաուդյան Արաբիայի Թագավորության Խորհրդատվական խորհրդի Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խմբի ղեկավար Ալի բին Մուհամմադ Աշ-Շահրանիի գլխավորած պատվիրակությանը։

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան՝ ընդգծելով, որ, չնայած երկկողմ դիվանագիտական հարաբերությունների համեմատաբար կարճ պատմությանը, Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ձևավորվել է ակտիվ քաղաքական երկխոսություն և բարձրաստիճան շփումների դինամիկ զարգացում, ինչը նպաստում է փոխշահավետ համագործակցության խորացմանը։

«Ընդամենը երկու տարի առաջ ենք Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Սակայն պետք է արձանագրել, որ այս երկու տարիների ընթացքում բավական ինտենսիվ աշխատանք է տարվել, և Ձեր գլխավորած պատվիրակության այսօրվա այցելությունը վկայում է այն մասին, որ երկու երկրներն իսկապես ձգտում ենք ստեղծել պայմաններ՝ առկա համագործակցությունն ավելի ինտենսիվ դարձնելու համար», – ասել է Հանրապետության նախագահը։

Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խմբի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ մասնավորապես նշելով․ «Ինձ և իմ գործընկերների համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ հետ։ Մենք ամենաջերմ ընդունելության ենք արժանացել այստեղ։ Ինչպես նշեցիք, չնայած ընդամենը երկու տարի է անցել մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատումից, մենք արդեն իսկ տեսնում ենք որոշակի նախանշաններ, որոնք վկայում են հարաբերությունների դրական զարգացման մասին»։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Նախագահ Խաչատուրյանը կարևորել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման գործընթացը՝ ընդգծելով, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու կառուցողական քայլերը այդ ուղղությամբ։

Պատվիրակության ղեկավար Ալի բին Մուհամմադ Աշ-Շահրանին իր հերթին նշել է, որ Սաուդյան Արաբիան ողջունում է Հայաստանի կողմից տարածաշրջանային խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը և պատրաստ է աջակցել այդ գործընթացին՝ երկխոսության ու համագործակցության միջոցով։

Կողմերը կարևորել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև քաղաքական, տնտեսական և գործարար կապերի ամրապնդումը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կրթության, զբոսաշրջության, սպորտի և մի շարք այլ ոլորտներում գործակցության ընդլայնման հնարավորությունները։

Երկուստեք դրական է գնահատվել վերջին տարիներին երկրների միջև զբոսաշրջային հոսքերի աճը՝ ընդգծելով, որ այն վկայում է երկկողմ հետաքրքրության և վստահության աճի մասին։

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930