Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպայի այս առաջնությունում ինձ ամենից շատ գոհացնում եւ ուրախացնում է մեր ընդհանուր թիմը». Հովհաննես Հովսեփյան

Նոյեմբեր 07,2025 19:00

Սպորտի կառավարման կենտրոնում՝ նախկին «Միկա» մարզահամալիրում, այսօր սկսվեցին բռնցքամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների ու երիտասարդների առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը։

Երկու տարիքային խմբերում Հայաստանն ունի եզրափակչի համար պայքարող բազմաթիվ բռնցքամարտիկներ։ Ամբողջ առաջնության ընթացքում ռինգում ծավալվող իրադարձություններին ուշադրությամբ հետեւում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։ Նա սիրով պատասխանեց Aravot.am-ի հարցերին։

-Պարոն Հովսեփյան։ Վերջին տարիներին, հատկապես ձեր ղեկավարման ընթացքում, մարզաձեւի միջազգային ու եվրոպականֆեդերացիաները Հայաստանին սկսել են իրենց հովանու ներքո անցկացվող ավելի շատ միջոցառումների կազմակերպում վստահել։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

-Մեր աշխատանքով։ Նրա համար, որ մենք միջազգային մեր գործընկերների մոտ վստահություն ենք ձեռք բերել եւ ապացուցել ենք, որ մենք միանգամայն ի վիճակի ենք ամենաբարձր մակարդակով հյուրընկալել թե Եվրոպայի, թե աշխարհի առաջնություն, որ մենք  անցկացրինք 2023 թվականի դեկտեմբերին։ Այստեղ եղավ նաեւ IBA-ի համաժողովը, որի ժամանակ տեղի ունեցավ նաեւ IBA նախագահի ընտրություն։

-Դուք ամեն օր ներկա եք եւ ուշադիր հետեւում եք այս առաջնության մենամարտերին։ Ընթացքից գո՞հ եք, Հայաստանի ներկայացուցիչների մասնակցության մասին ի՞նչ կասեք։

-Մեր բռնցքամարտիկներից շատ գոհ եմ։ Վերջապես մենք տեսնում ենք, որ Հայաստանի աղջիկների  հավաքականների անդամները բավականին լավ մարտեր են անցկացնում։ Եվ դրա համար ուզում եմ շնորհակալությունս հայտնել մարզչական շտաբին, որի առջեւ մեկ-մեկուկես տարի առաջ խնդիր էր դրված աղջիկների բռնցքամարտը զարգացնելու։

Այսօր տեսնում ենք, որ նրանք ճիշտ ճանապարհի վրա են։ Սա հենց այնպես չեմ ասում։ Տեսեք, անգամ պարտվելու պարագայում մեր աղջնակները, տղաները նույնպես, պարտվում են հավասար պայքարում եւ իսկապես լավ մենամարտեր են անցկացնում։ Դա ուրախացնող է։ Շատ կարեւորում եմ նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի հատկապես աղջիկների հավաքականները արդեն համալրվում են ավելի մեծ թվով մարզուհիներով, ինչի համար մենք շատ լուրջ աշխատանքներ ենք իրականացնում։

Մասնավորապես, վերջին չորս տարում մեզ հաջողվել է բավականին մասսայականացնել մեր մարզաձեւը թե քաղաքներում, թե մարզերում: Դրա ապացույցը նաեւ Հայաստանի առաջնություններն են, միջազգային մրցաշարերի մասնակցությունը:

Մի հետաքրքիր նրբություն էլ ասեմ. Հայաստանում բռնցքամարտի մասսայականությունը սկսել է մեծանալ նաեւ այն բանի շնորհիվ, որ նրանք, ովքեր սկսում են զբաղվել բռնցքամարտով, արդեն չեն շտապում հեռանալ, ինչպես էր առաջ; Երիտասարդը գալիս էր, մեկ-երկու տարի մարզվում եւ եթե իր պատկերացրած արդյունքը չէր լինում, հեռանում էր։ Մեր մարզիչներին հաջողվել է սաների մեջ համառություն եւ նպատակասլացություն արմատավորել; Եվ արդյունքներն էլ դրա մասին են խոսում:

Մենք անցած տարվա վերջին ամփոփեցինք մեր աշխատանքը; Եվ ի՞նչ տեսանք. Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում 1953-ից մինչեւ 2023 թվականը ընդհանուր առմամբ նվաճվել է  216 մեդալ։ Մենք ընդամենը չորս տարում արդեն նվաճել ենք շուրջ 160 մեդալ։

-Այս առաջնությունում Հայաստանի բռնցքամարտիկներից ո՞վ է ավելի մեծ տպավորություն թողնում։

-Ինձ ամենից շատ գոհացնում եւ ուրախացնում է մեր ընդհանուր թիմը։ Հավասար թիմ է, բոլորն էլ նույն ռիթմով աշխատում են։ Երիտասարդների թիմը, որ մենք հիմա տեսնում ենք, ես նշել եմ, որ կարող է լինել մեր պատմության մեջ լավագույններից մեկը։ Եվ ինչո՞ւ չէ, ապագայում հենց այս թիմից կարող են ծնվել աշխարհի եւ օլիմպիական խաղերի չեմպիոններ ու մեդալակիրներ։ Այս երեխաների հետ ենք մենք սկսել աշխատել 2021 թվականից, երբ առաջին անգամ Բոսնիայում  մասնակցեցին Եվրոպայի դեռահասների առաջնությանը։

-Ապագայի ի՞նչ ծրագրեր կան։

-Մինչեւ այս տարվա վերջ կամ եկող տարվա առաջին եռամսյակում դառնալ World Boxing-ի անդամ, որը համակարգելու է օլիմպիական բռնցքամարտը; Նաեւ շարժվել 2026 թվականի օրացուցային պլանով։

-Օլիմպիական խաղերի քանի՞ ուղեգիր եք պլանավորում։

-Դրա մասին խոսելը վաղ է: Աստված տա՝ մասնակցենք ամբողջ թիմով։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930