Բայց մեր թագավորական իշխանությունը վերջացավ, չնայած մի տեղ գոյություն ուներ պետություն, ինչպես Կյուրիկյանը, որ Լոռե քաղաքում և նրա շուրջն էր․ սա Կյուրիկյան թագավորը, ևս Բագրատունյաց տոհմից էր։
Կիրակոս Գանձակեցի «Հայոց պատմություն», Երևան-1982թ, Էջ 76
Դեռևս կար Բագրատունյաց կենտրոնական թագավորությանը, երբ առաջացավ Կյուրիկյանը, որը հայտնի է նաև «Տաշիր-Ձորագետ»։ Սա կապված է Վիրահայոց լեռներից սկիզբ առնող Տաշիր և Լոռվա սարահարթում հոսող Ձորագետ գետերի անվանումների հետ։ Բագրատունյաց Աշոտ Գ Ողորմածը (953-977) 972 թ. Տաշիր-Ձորագետի կառավարիչ է նշանակել ավագ որդուն` Սմբատին: Իսկ, երբ Սմբատը ժառանգել է հոր գահը, իր փոխարեն 966 թվականին Տաշիրում վերակացու է հաստատել կրտսեր եղբորը` Գուրգենին։ Արտաշես Շահնազարյանը «Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության առաջացումն ու հզորացումը» հոդվածում նշում է․ «․․․ Գուրգենն ուներ նաև Դերենիկ կրկնանունը: Հենց Գուրգենն էր, որ իր հորեղբայր Մուշեղից հետո հիմնադրեց Անի Բագրատունիներին ենթակա` Բագրատունյաց կրտսեր ճյուղի մի նոր թագավորություն: Այս տեղական թագավորության և այնտեղ իշխած արքայատոհմի Կյուրիկյան անվանումը կապված է Գուրգենի` տեղական արտասանությամբ Կյուրիկե կոչվելու հետ»։
Միջնադարյան մատենագիրներից Մխիթար Այրիվանեցին է հիշատակել Գուրգենի թագավոր դառնալու տարեթիվը՝ 981 թ.: Կյուրիկյան թագավորությունը գոյատևել է մինչև 13-րդ դարի սկիզբը։ Առավել հզորության է հասել Դավիթ Անհողին թագավորի օրոք՝ 989-1048 թվականներին։ Ինքը՝ Դավիթ Անհողինը, կառուցել է Լոռե բերդը՝ Ձորագետ և Ուռուտ գետերի բավականին խոր կիրճերի միջանկյալ թերակղզու տեսք ունեցող հրվանդանի վրա։ Թեև հայրական գահը պատանի հասակում է ժառանգել Դավիթը, բայց կարողացել է կառավարել թագավորությունը և հասնել հաջողությունների։
Կարդացեք նաև
Իր գահակալության տարիներին, բացի Լոռե բերդից, Անհողինը ևս 12 բերդ է հիմնել։ Դավիթ Անհողինին հաջորդել է որդին՝ Կյուրիկե-Գուրգեն Երկրորդը, ով կառավարել է որպես անկախ թագավոր։ Նա նույնիսկ դրամ է հատել, որը եզակի երևույթ է Բագրատունյաց թագավորության պատմության մեջ։ Նա է թագավորության մայրաքաղաքը տեղափոխել է Լոռե բերդ (Վահե Աթանեսյան, «Կյուրիկե Բ», արխիվացված)։ Այս թագավորության մասին իր «Ժամանակագրություն» աշխատությունում ընդարձակ անդրադարձել է այդ ժամանակների պատմիչ Մատթեոց Ուռհայեցին (11-րդ դարի երկրորդ կես-1138 կամ 1144թ․)։
Մատենագիրը Դավիթ Անհողինի մասին գրում է՝ ինչպես է կարողացել միաբանել հայկական տարբեր մասերի բանակները և հաղթել պարսից մեծ ամիրա Ապուսուարի բազմահազարանոց բանակին։ Ուռհայեցին գրում է նաև․ «Հայոց ՇԼ թվականին՝ 1081թ․, Անիում նստող Շիրակի արքեպիսկոպոսը, որի անունը Բարսեղ էր, ելավ գնաց Հայոց աշխարհի Աղվան գավառի Լոռե քաղաքը, Դավիթ Անհողինի ուդու՝ Հայոց թագավոր Կյուրիկեի մոտ։ Բարսեղը խնդրեց նրան իրականացնել Հայոց կաթողիկոսի ձեռնադրությունը»։ Եվ, ըստ պատմիչի՝ Լոռեբերդում Բարսեղը ձեռնադրվել է ամենայն հայոց կաթողիկոս (էջ 145)։ Վերջերս Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի (ՊԺԳԿ) արշավախումբը՝ հնագետ Արման Նալբանդյանի ղեկավարությամբ Լոռեբերդում հնագիտական ուսումնասիրություններ ու պեղումներ էր իրականացնում։
Առաջին հնագիտական ուսումնասիրություններն ու պեղումներն այստեղ կատարվել են 1966 թ․ Երևանի պետական համալսարանի արշավախմբի կողմից։ Այժմ տարածքում նաև ամրաշինական ու վերականգնողական աշխատանքներ են կատարվում, որոնց ընթացքում էլ պեղումների անհրաժեշտություն է առաջացել։ Աշխատանքներին ծանոթանալու նպատակով՝ նոյեմբերի 1-ին եղա հնավայրում, զրուցեցի Արմանի հետ։ Ասաց․ «Արդեն 4 տարի անընդմեջ Լոռեբերդում պեղումները շարունակվում են։ Ամրոցի վերականգնման պետական ծրագրի շրջանակներում են աշխատանքները, որոնք իրականացվում են ՊԺԳԿ-ի կողմից։ Այս տարվա պեղումները հիմնականում կենտրոնացված են ամրոցի երկրորդ կամ ինչպես ասում են՝ Արքայական բաղնիքի տարածքում, ինչպես նաև պարսպապատի մի քանի խնդրահարույց հատվածներում։ Պեղումները կարևորվում են այն առումով, որ իրականացվող շինարարա-վերականգնողական աշխատանքներից առաջ կասկածելի, խնդրահարույց հատվածներում ճշտվեն՝ կան հնագիտական շերտեր, կառույցներ և այլն։
Վերականգնողական աշխատանքների ճարտարապետը Հովհաննես Սանամյանն է՝ Անդրանիկ Սարգսյանի, Նանար Քալանթարյանի, Գևորգ Գյուլամիրյանի հետ։ Շինարարական աշխատանքներն ընթանում են պարսպապատի տարբեր հատվածներում, 2 բաղնիքներում և միջնաբերդի եկեղեցում։»։ Ձորագետի խոր կիրճի հենց եզրին է գտնվում ամրոցի երկրորդ կամ Փոքր, նաև Արքայական կոչված բաղնիքը։ Սրա լողասրահի՝ ձորին հարող հատվածը, կիրճի եզրին գտնվելու պատճառով, կիսով չափ քանդված էր։ Բացի այդ նաև վտանգավոր հատված է պեղավայրը, ինչպես նշեց Արմանը։
Պեղումների արդյունքում բացվել են պատերի հիմքեր, երկու ջրավազան՝ ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերով։ Ա․ Նալբանդյանը նշեց՝ գտնվել են մեծ թվով ջնարակված և հասարակ խեցեղենի բեկորներ, և որպես բացառիկ նմուշ՝ սիրամարգի՝ դեղին մակերեսի վրա պատկերով շքաղյուսը, որից մի քանի բեկոր պահպանվել են, և այն կվերականգնվի։ Եվ, ըստ հնագետի, ժամանակին այս բաղնիքը գեղեցիկ կառույց է եղել՝ ջրանակված սալիկներով պատված պատերով։ Այցի պահին բաղնիքի հատվածում շինարարական աշխատանքներ էին ընթանում, իսկ ձորապռնկի հարակից պատի տակ կատարված պեղումներից էլ խեցեղենի նոր բեկորներ էին հայտնաբերվել․ կային նաև ջրանակվածներ։
Ներկայացնելով բաղնիքի ճարտարապետական հորինվածքը՝ Ա․ Նալբանդյանը կարևորեց այն հանգամանքը, որ ժամանակին բաղնիքի հատակը տաքացվել է հիպոկաուստի եղանակով՝ հատակի տակ լցվել է տաք գոլորշի, ինչպես Մեծ բաղնիքինը։ Եվ սրա վառ ապացույց հատակի տակից բացված մոտ 50 սմ բարձրությումբ քարե սյուներն էին, որոնց վրա էլ նստած է եղել հիմնական հատակը։ Հետաքրքիր են նաև բացված 2 ոչ մեծ չափերով լողավազանները՝ հատուկ ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերով։ Դրանցից մեկը ձորապռնկին է։
Բաղնիքի հարևանությամբ՝ հարավային կողմում ժամանակին գործել են նաև 2 բացօթյա ջրավազան՝ մոտ 6-7 ք/մ մակերեսով, որոնցից ջուր է հատկացվել բաղնիքին։ Ա․ Նալբանդյանը նշեց նաև․ «Ջրատար խողովակներն անցել են պատերի միջով, սա ևս իր հերթին նպաստել է, որ պատերը տաքանան»։ Անդրադառնալով ժամանակաշրջանին՝ նշեց՝ 11-12-րդ դարերում են դրանք կառուցվել, երբ հզոր էին ամրոցի տերերը։ Սակայն հետագայում էլ, երբ ամրոցն անցել է տարբեր նվաճողների իշխանության տակ, բաղնիքները գործել են՝ ենթարկվելով վերակառուցումների։ Ամրոցի միակ և հիմնական բավականին հաստություն ունեցող պարսպապատը նույնպես ամրակայվում է, վերականգնվում։
Պարսպի գագաթին, դրսի և ներսի կողմերում, լայնամասշտաբ պեղումներ արվել են ժամանակին, և լուրջ արդյունքներ են տվել այդ աշխատանքները։ «Հայտնաբերվել են զանազան տնտեսական կառույցներ, վաղմիջնադարյան կոթողների բեկորներ, աղավնեաշտարակ և անցք՝ պարսպի մեջ, որը գաղտնուղի է և տանում է պարսպից դուրս», -հավելեց Արմանը՝ տեղեկացնելով նաև՝ վերականգնողները որոշել են պահպանել այդ անցք-գաղտնուղին։ Կիրակոս Գանձակեցին իր աշխատության ԻԵ․ «Լոռե քաղաքի ավերման մասին» գլխում գրում է․ «Հեթանոսների (խոսքը մոնղոլների մասին է․ Զ․ Ը․) ամբողջ բանակի Չաղատա անունով զորավարը լսեց Լոռե քաղաքի ամրության ու նրա մեջ եղած գանձերի շատության մասին․ որովհետև Լոռե քաղաքում էին Շահնշահի (եղել է Զաքարե ամիրասպասարալի որդին․ Զ․ Ը․) տունն ու նրա գանձերը։
Վերցրեց իր հետ ընտիր սպառազեններ պատերազմական բազմաթիվ մեքենաներով ու ամբողջ պատրաստակամությամբ գնաց այնտեղ և բանակելով նրա շուրջը՝ պաշարեց այն։ Իսկ Շահնշահ իշխանը առավ իր կնոջն ու զավակներին, գաղտագողի գնաց մի ձոր ու ինչ-որ տեղ քարայրներում ամրացավ» (Էջ 182-183)։ Բերդի պաշտպանությունը հանձնում է կնոջ եղբայրներին, ովքեր հույսը դնում են պարսպի ամրության վրա։ Իսկ թշնամին օրերի ընթացքում անցք է փորում պարսպի մեջ ու քանդում։ Նաև հսկում են, որ ամրոցից ոչ ոք չփախչի։
Այսպիսով թշնամին գրավում է ամրոցը, կոտորում բնակչությանը, տանում իշխանի գանձերը։ Իսկ պեղումների ընթացքում պարսպի մեջ հայտնաբերված վերոնշված անցքը և նրա հարևանությամբ ևս մեկը, որ վերջերս է հայտնաբերվել և պեղվում է, հնարավոր է, եղել են Չաղատայի զինվորների կողմից բացածները։ Այս վարկածն առաջ քաշեց նաև Ա․ Նալբանդյանը։
Նշեց նաև՝ պարիսպը տարբեր հատվածներում ունի տարբեր հաստություն․ ամենալայն արևմտյան կողմում՝ 20 մ․, արևելյան հատվածներում՝ 7-8 մ․։ ունի 214 մ երկարություն՝ ձգվելով Ձորագետի կիրճից, հասնելով Ուռուտի ձորաբերան։ Այս հատվածում պարսպապատ կան նաև ձորալանջին։ Հիմնական պարսպի բարձրությունը որոշ հոտվոծներում հասել է մինչև 25 մետրի։ Պարիսպն ունի կիսաշրջանաձև և ուղղանկյուն աշտարակներ՝ մեկը մյուսին փոխարինող։ Վերջին պեղումներից պարզվել է՝ պարսպի վերին հատվածում կան հենակետեր, պահակակետեր, որոնք միմյանց հետ կապ են պահպանել տարբեր միջոցներով՝ ծխի, կրակի և այլ ազդանշաններով։
Ամրոցն ունեցել է նաև ձորերն իջնող բազում գաղտնուղիներ։ Նույն ձորերում տարբեր հատվածներում նույնպես աշտարակներ կան՝ քարաշեն, կլոր և ուղղանկյուն հատակագծերով․ եղել են դիտակետեր։ Լոռեբերդի կարևոր և խնդրահարույց շինություններից է միջնաբերդում գտնվող եկեղեցի՞ն, մզկի՞թը, պալա՞տը։ Բայց, ինչպես ասաց Ա․ Նալբանդյանը, կարևորն այն է, որ 2009-2010 թվականներին այդ շինության տարածքում Հակոբ Սիմոնյանի ղեկավարությամբ իրականացրած պեղումների արդյունքում իրենք հայտնաբերել են քրիստոնեական գերեզմանոց՝ խաչքարերով, տապանաքարերով։ «Սա փաստում է այն մասին, որ կառույցն ի սկզբանե եղել է եկեղեցի․ գերեզմանոցները ձևավորվում էին եկեղեցիների շուրջը։
Հետագայում այլադավան նվաճողները քանդել են եկեղեցին, փոփոխել հիմնական տեսքը՝ հարմարեցնելով իրենց հավատքին։ Հարավային պատում գտնվող միհրաբի քարը վկայում է, որ կառույցը 14-15-րդ դարերում ծառայել է որպես մզկիթ կամ իշխանի պալատ, որտեղ եղել է նաև աղոթարան։ Բայց 19-րդ դարում ներգաղթող մեր հայրենակիցները կառույցը կրկին օգտագործել են որպես եկեղեցի», -հավելեց նա։ Շինության ներսում գտնվել է նաև մկրտության քարե ավազանը։
Հայտնաբերվել է նաև մոտ 2մ հիմքեր ունեցող քառանկյուն, արտաքինից ջրի քարե գուռ՝ մի երեսով կպած պատին։ Եվ պատին կից երեսին ամբողջական արձանագրություն կա։ Սկզբնական շրջանում այն եղել է խաչքարի պատվանդան, որի վրա ոմն Մխիթարի որդի Աբրահամ ԻԹՎ․ ՉԻԹ (729+551=1280թ․) թողել է արձանագրություն, որ խաչքար է կանգնեցրել իր ծնողների և կնոջ հիշատակին։ Հնարավոր է այս քարը եղել է տարածքում պահպանված մեծ խաչքարերից մեկի պատվանդանը, որ հետագայում դարձրել են գուռ։ Սրա հարևանությամբ կա արդեն մեկ այլ քարե գուռ, որից ջուրը դուրս է եկել 4 տեղից։ Ընդհանրապես ամրոցի ջրամատակարարումը կատարվել է Ուռուտ գետից, որի վրա ձորի մեջ կամարակապ քարե միաթռիչք կամուրջ կա։ Ամրոցի տարածքում վերակառուցվում է նաև Մեծ բաղնիքը։
Այն բաղկացած է եղել երեք հիմնական մասերից` ջեռուցարանից, լողարանից և հանդերձարանից, որոնք զուգահեռ դասավորված են արևելքից արևմուտք: Ավելի ուշ, լողասրահի տարածքը մեծացնելու նպատակով, նրա մակերեսը ընդարձակել են հանդերձարանի հաշվին: Բաղնիքի լողարաններն ու հանդերձարաններն ունեն կրկնակի հատակ, որոնց միջից անցնող հնոցի ծուխն ու գոլորշին տաքացրել են վերին հատակը: Խոսելով այս կառույցի նշանակության մասին՝ Արմանն ասաց․ «Շինության ներսում կան քարե տաշտեր և ավազաններ, ջրամատակարարման լուրջ համակարգ է գործել։ Գտածոների առումով նույնպես լուրջ արդյունք տվեցին բաղնիքի պեղումները։
Գիտենք՝ բաղնիքները ոչ միայն լողանալու համար էին միջնադարում, այլ նաև ներկայացումներ էին բեմադրում, խաղեր խաղում, պայմանագրեր կնքում, ժողով անում և այլն։ Հետաքրքիր է՝ գտանք խաղաքարեր՝ տամայի, շախմատի և այլն։ Ամենաուշագրավը, որ բաղնիքի ներսում՝ հատակի տակ, գտնվեց փղի կավե արձանիկ՝ գրեթե ամբողջական վիճակում․․․»։
Ըստ հնագետների դա եղել է շախմատի «Փիղ» ֆիգուրը։ Սա շախմատի՝ մեր երկրում հայտնաբերված երևի ամենահին (10-11-րդ դարեր) խաղաքարն է։ Տարածքից գտնվել են նաև կավե ծորակներ, ծխամորճեր, պղնձե ջրաթասեր, զարդեր և այլ իրեր։ Ամրոցի տարածքում կան նաև 2 ավերակ մատուռ, որոնց մոտ խաչքարեր ու այլ կոթողներ կան։ Սա եղել է Դավիթ Անհողինի կնոջը վերագրվող մատուռ-դամբարանը, որի կենտրոնում՝ չորս զույգ որմնասյուների վրա խաչաձեւվող կամարների միախառնման տեղից բարձրացել է գմբեթը։ Արմանի միջոցով ծանոթանալով ամրոցի պատմությանը, կատարված պեղումներին, իրականացվող շինարարական աշխատանքներին, ընկերոջս՝ Արկադի Սարգսյանի հետ շրջեցինք տարածում։ Ձորագետի և Ուռուտի խառնարանը, կիրճերը, հրաշալի տեսարաններ են բացում։
Երեկոյան, երբ հրաժեշտ էինք տալիս ամրոցին ու այնտեղ պեղումներ իրականացնողներին, պարզվեց՝ նոր բացահայտումի մասին։ Պարսպի մուտքի պեղումներից բացվել է սալաքարերով, տապանաքարերով քայլուղի (միջնադարյան ճանապարհ), իսկ ճանապարհի եզրաքարերի համար օգտագործված են տարբեր կոթողների, այդ թվում՝ որմնակամարներով պատվանդանի հետաքրքիր բեկորներ և այլն։ Լոռեբերդի հարևանությամբ պահպանվել է հնադարյան բնակատեղին՝ դամբարանաադաշտով, միջնադարյան գերեզմանոցով, որտեղ կան բազում խաչքարեր ու դրանց բեկորներ։
Հ․ Գ․ Այս փուլում Լոռեբերդում պեղումներն ավարտված են, բայց շինարարական աշխատանքները, որի պատվիրատուն է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, շարունակվելու են։ Աշխատանքները կատարվում են «Ռաֆ-Օջախ» ՍՊԸ-ի կողմից։ Տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Միկան» ՍՊ ընկերությունը։
Մինչև տարեվերջ կավարտվեն փոքր բաղնիքի ամրակայման, ծածկի նորոգման աշխատանքները։ Հաջորդ տարի նախատեսվում է իրականացնել պարիսպի վերին շերտի ամրակայում ու վերականգնում, ինչպես նաև քայլուղիների ու ճեմուղիների բարեկարգում, լուսավորում։ Քննարկվում է նաև նոր պեղված քայլուղու բարեկարգման հնարավորությունը։
Զոհրաբ Ըռքոյան
































































