Շիրակի մարզում բացահայտվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի ապօրինի պահման ևս մեկ դեպք։ Այս անգամ ոչ թե Գյումրիում, այլ Ամասիայի շրջանի հեռավոր, սահմանամերձ Զարիշատ գյուղում։
Ինչպես տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից՝ Police.am-ից, քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայկավան գյուղի 53-ամյա բնակիչը Զարիշատ գյուղի վարչական տարածքի արոտավայրում գտնվող իր վագոն-տնակում թմրամիջոց է պահում:
Ըստ նույն աղբյուրի, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նոյեմբերի 6-ին կատարված զննությամբ 53-ամյա տղամարդու վագոն-տնակում հայտնաբերվել է 77 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ բացահայտումները վերաբերում են միայն մարիխուանա տեսակի թմրամիջոցի օգտագործմանը, երբ հերթը հասնում է թելեգրամյան ալիքներով վաճառվող քիմիական թմրամիջոցներին, բացահայտումներ գրեթե չեն կատարվում։
Կարդացեք նաև
«Մարիխուանան, այսպես ասած, ավելի անմեղ թմրամիջոց է, շատերը իրենց դաշտերում են ցանում, չորացնում ու օգտագործում են։ Տեսնում ենք, որ ոստիկանության բացահայտումները հիմնականում ուղղված են մարիխուանա տեսակի թմրամիջոց օգտագործողներին, իսկ օրինակ՝ կրիստալը, որը վաճառվում է թելեգրամյան ալիքներով ու անվտանգային խնդիր է առաջացնում, նույնիսկ մեկ անգամ օգտագործելիս՝ հնարավոր է կյանքին վտանգ սպառնա, գրեթե չբացահայտված է մնում։
Թելեգրամով տարածվող թմրանյութերը Հայաստանում սկսել են շրջանառվել 2018 թվականի ամառվանից ու մինչև այս պահը որևէ սխեմա կամ հանցավոր խումբ չի բացահայտվել։ Ընդամենը եղել են առանձին դեպքեր, երբ ձերբակալել են տեղադրողներին, բայց մեզ հայտնի չէ որևէ դեպք, որի մասով կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։
Ըստ հանրության մոտ տարածված կարծիքի՝ այդ «բիզնեսի» հետևում կանգնած են իշխանական բուրգի բարձրաստիճան ներկայացուցիչներ»,-ասում է Կարապետ Պողոսյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































