Ի՞նչ էր 2019 թվականին առաջարկվել Նիկոլ Փաշինյանին, ինչի մասին հարցը անընդհատ հնչում է, պատասխանը՝ չկար՝ հարցն այսօր AntiFake TV-ի յութուբյան ալիքի «Իմնեմնիմի» փոթքաստի ժամանակ տրվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։
Նախագահը բավական ուշագրավ բացահայտումներ արեց՝ ասելով, որ Հայաստանի կառավարիչներին համանախագահները առաջարկների նոր փաստաթուղթ են տվել, գրեթե մեկ տարի հանրությունից թաքցվում էր․ «Չկար, բայց ԱԳ նախարարը գնում էր հանդիպումների։ Ես, օրինակ, Արցախի հանրապետության ղեկավարությանն ասել եմ, որ կա նոր փաստաթուղթ, գնացեք՝ այդ կառավարիչի մոտ եւ խնդրեք, որ ցույց տա։ Իրենք զարմացան, տեղյակ չէին։ Այդ ընթացքում երկու անգամ տեղի ունեցան ՀՀ եւ ԱՀ ԱԽ համատեղ նիստեր եւ երկու անգամն էլ հայտարարվեց՝ փաստաթուղթ չկա։ Ես Արցախի իշխանություններին ասում էի, որ կա փաստաթուղթ, չէին հավատում՝ ասացին, ինչպե՞ս կարող է այդքան մարդու ներկայությամբ խաբել։ Ասացի՝ ես իմ ասածն ասեցի, գնացեք՝ դուք որոշեք՝ ինձ եք հավատում, թե իրեն։ Այդպես ընթացավ՝ մինչեւ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կա այդպիսի փաստաթուղթ»։
Սերժ Սարգսյանը հավելեց․ «Այդ փաստաթուղթը ես տեսել եմ՝ ոչ թե այն ժամանակ, այլ սրանից 8-9 ամիս առաջ։ Այն ժամանակ, երբ ես Ղարաբաղի ղեկավարությանն ասում էի՝ կա փաստաթուղթ, մի քիչ այլ կերպ էի պատկերացնում։ Բայց պարզվում է, այդ փաստաթուղթը, որպես բանակցությունների հիմք, հանգիստ կարելի էր օգտագործել․ երեք սկզբունքները կային։ Ավելին, եթե ճիշտ բանակցվեր, այդ փաստաթղթին եւս երկու փաստաթուղթ կգումարվեր»։
«Թե ինչո՞ւ ինքն իրեն «գժի տեղ» դրեց՝ կարծում եմ, ինքը պատրաստ չէր փոխզիջումների միջոցով գնալ խնդիր լուծման, իսկ առանց փոխզիջումների՝ անհնար էր խնդիրը լուծել։ Ինքն իրեն դրել էր ոչմիթիզականի տեղ, իսկ ոչմիթիզականությունը կործանարար է»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































