Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ական պատգամավոր․ Մեր ժողովրդին փոխանցեք, որ ամեն ինչ օքեյ է, թող չանհանգստանան․ «Հրապարակ»

Նոյեմբեր 08,2025 11:15

Մինչ ՀՀ իշխանությունները հրճվանքի մեջ են` ռուսական ցորենը ոչ թե Փոթիով է եկել Հայաստան, այլ՝ Ադրբեջանով, որտեղից էլի մտել է Վրաստան ու մի քիչ ավելի երկար ճանապարհով հասել Հայաստան, ՀՀ շարքային քաղաքացիներն անհանգստացած են։ Լրատվամիջոցների, այդ թվում՝ «Հրապարակի» հարցումներից պարզ է դառնում, որ մեր հայրենակիցները, ի հեճուկս իշխանականների, ցնծության մեջ չեն, նրանք չեն վստահում թշնամի հարեւանին եւ կասկածներ ունեն, որ մի օր Հայաստան մտնող ցորենը մեր ոխերիմ հարեւանները կթունավորեն։ Զրուցել ենք ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանի հետ։

– Մինչ դուք՝ իշխանականներդ ցնծում եք, որ ցորենն Ադրբեջանով է Հայաստան եկել, Ադրբեջանը բացեց երկաթուղային հաղորդակցությունը եւ այլն, շարքային քաղաքացիները, մեղմ ասած, տագնապած են, կասկածում են, որ գուցե Ադրբեջանը թունավորի ցորենը՝ հաշվի առնելով իր նկրտումները։ Ձեր թիմում քննարկե՞լ եք այս հարցը եւ ինչպե՞ս եք փարատելու մարդկանց կասկածները։

– Չէ, չի եղել մեզ մոտ քննարկում, որովհետեւ մենք վստահում ենք․․․ Ցորենը եկել է, ոչ մեկ չի բացում՝ ոնց դուրս է եկել, էդպես հասել է Հայաստան, պլոմբված է, ինչո՞ւ պիտի վախենամ։ Տեսեք, որ Դուք ասում եք, ես անկեղծորեն զարմանում եմ՝ ես ոչ մեկից նման անհանգստություն չեմ լսել։ Որեւէ մեկը չի մոտենում այդ վագոններին, ի՞նչ խնդիր կա, արհեստական բաներ ենք սարքում մեր ժողովրդի գլխին։ Ես խնդրում եմ՝ մեր ժողովրդին փոխանցեք, որ ամեն ինչ օքեյ է, թող չանհանգստանան։

– Իսկ ինչո՞ւ չեք մտածում, որ որոշ ժամանակ նորմալ կուղարկեն, կբթացնեն հայերի զգոնությունը, բայց մի օր էլ իրենց սեւ գործը կանեն։

– Լավ, էլի, ինչո՞ւ եք Դուք ըտենց մտածում։

– Ադրբեջանին ձեր չափ չեն վստահում մարդիկ։

– Պիտի սկսենք միմյանց վստահել, բայց ստուգել։

– Դիմացն Ադրբեջանն է։

– Կապ չունի, մենք պետք է Ադրբեջանի հետ կարողանանք ապրել խաղաղ պայմաններում, բայց մենք ամեն դեպքում անվտանգությունը պահում ենք, սննդի անվտանգություն է։ Այնպես չի, որ մենք բացթողում ենք արել, ամեն ինչ արվում է օրենքի շրջանակներում։ Մարդիկ պետք չի, որ խուճապի մատնվեն։ Ես էլի եմ կրկնում՝ չեմ հանդիպել նման տեսակետներ։ Երկու օր է՝ Դիլիջանում էի, հիմա Սյունիքում եմ, շփվել եմ մարդկանց հետ, մտահոգություններ չեմ լսել։

– Ի դեպ, Դուք է՞լ էիք Կիրանց գնացել։

– Ոչ, մենք երկու օր Դիլիջանում անվտանգային հարցեր էինք քննարկում, մեր՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովները։

– Ասացիք, որ Ադրբեջանի հետ պետք է կարողանանք խաղաղ ապրել, բայց, օրինակ, Ձեր գործընկեր Նարեկ Ղահրամանյանն ասել է, որ ինքը պատրաստ չէ ապրել ադրբեջանցիների հետ, Դուք պատրա՞ստ եք, օրինակ, ադրբեջանցիների հետ ապրել Հայաստանում, չէ՞ որ տեւական ժամանակ է՝ Ալիեւը խոսում է 300 հազար ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու մասին։ 

– Դե հիմա ինքը պատրաստ չէ, ես էլ ասում եմ, որ ապրում եմ ՀՀ տարածքում, պահում եմ իմ սահմանները, ոտնձգություն չունեմ Ադրբեջանի տարածքների նկատմամբ, բայց իմ սահմանները պահում եմ, բայց ապրում եմ ՀՀ տարածքում։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930