ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ժամանակահատված՝ 2024 թվականի դեկտեմբեր-2025 թվականի հոկտեմբեր
Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունը ներկայացրել է դատական իշխանության և լրատվամիջոցների հաղորդակցման 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի հոկտեմբեր ժամանակահատվածի վերլուծությունը՝ ըստ «Մաքսմոնիթոր» համակարգի և լրատվամիջոցների մշտադիտարկման տվյալների։
Ընդհանուր առմամբ՝ մամուլում դատական իշխանության վերաբերյալ արձանագրվել է 1,745 հիշատակում, որոնցից 238-ը (13.6%) պաշտոնական հաղորդագրություններ են, իսկ 1,507-ը (86.4%)՝ լրագրողական նյութեր։ Լրագրողների հեղինակած հրապարակումներում գերակշռել են փաստաբանների մեկնաբանությունները։
Կարդացեք նաև
Ըստ հետազոտության՝ նյութերը մեծ մասամբ միակողմանի են եղել, չեն ներառել տվյալ դատարանը ներկայացնող մամուլի խոսնակի խոսքը, կամ այդ խոսքը ներկայացվել է հրապարակմանը հաջորդող նյութում, որն, ի դեպ, համարվում է «երկրորդային լուր» և ոչ միշտ է գերազանցում թեմայի վերաբերյալ առաջին մեկնաբանություն տվողի տեսակետը։
Վերլուծության համաձայն՝ դատական թեմաներով հրապարակումների 45%-ը եղել է ուշադրություն հրավիրող սկանդալային վերնագրերով, 35%-ը՝ չեզոք տեղեկատվական, և միայն 12%-ը՝ վերլուծական: Արձանագրվել է նաև դատավորների պիտակավորման տարածված պրակտիկան, որը հանրային ընկալման ձևավորման հարցում կողմնորոշիչ դեր ունի, ինչպես նաև ազդում է դատավորի հեղինակության վրա։
Ըստ վերլուծության՝ դատավորների՝ մամուլում ներկայացվածության սահմանափակումները պայմանավորված են քաղաքական զսպվածություն և չեզոքություն պարտադրող էթիկայի կանոններով, մասնագիտական վարքագծի կանոնակարգով, որն արգելում է մեկնաբանություններ կամ տեսակետներ հայտնել քննվող գործերի վերաբերյալ, ինչպես նաև՝ մամուլի հետ հաղորդակցվելու փորձի պակասով։
Արձանագրվել են նաև դրական միտումներ․ Բարձրագույն դատական խորհուրդը ապահովել է իր որոշումների, իրավական փաստաթղթերի հրապարակման օպերատիվությունը կարգապահական վարույթները հրապարակվել են առանց տեխնիկական կամ մոնտաժային միջամտության, իսկ պաշտոնական հաղորդագրությունները՝ չեզոք ոճով։
Ըստ վերլուծության եզրակացության՝ անհրաժեշտ է զարգացնել դատական համակարգի և լրատվամիջոցների համագործակցությունը՝ ապահովելով հավասարակշռված հաղորդակցություն, բարձրացնել հանրային տեղեկացվածությունը դատական գործընթացների վերաբերյալ։
ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ


















































