Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես Ղարաբաղով եկել եմ, Ղարաբաղով էլ կգնամ». ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան

Նոյեմբեր 08,2025 13:38

«Ես կարծում եմ, որ եթե սկսենք 2018 թվականի իրադարձություններին անդրադառնալ, մենք սահուն կերպով մտնում ենք այլ թեմայի մեջ»,- ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի հարցին, թե 2008-2018 թվականները համարվում էին հայկական ֆենոմեն՝ կարողանալ գնալ ե՛ւ Եվրոասոցացման, ե՛ւ ԵԱՏՄ, ՀԱՊԿ: Նույնը կարելի է ասել Մինսկի խմբի համանախագահ պետությունների մասին, որոնք հակադիր բեւեռներ են, բայց կարողանում էին համագործակցության եզրեր գտնել Արցախյան հիմնահարցի շուրջ: 2018-ի ապրիլին երկրներ, կենտրոններ եկան կոնսենսուսի, որ Հայաստանում պետք է լինի իշխանափոխություն: Ինչի՞ համար էր իրենց պետք, որ կայուն Հայաստանը վերածվի անկայուն տարածքի:

«Ես չեմ կարծում, թե նպատակը դա է եղել: Ես համարում եմ, որ Ռուսաստանը ձեռնպահ է մնացել մեզ պաշտպանելուց: Թե ինչու, դա տարբեր պատասխաններ կարող է ունենալ: Հիմա շատ դժվար է դա ասելը՝ հաշվի առնելով, օրինակ, Ուկրաինայի փորձը, որ Մայդանի ժամանակ փորձեցին պաշտպանել, բայց չստացվեց չէ՞: Տարբեր պատճառներ կարող են լինել: Ես հասկանում եմ, որ ուզում եք ասել, որ Ղարաբաղի խնդրի համար են արել: Ես երբեք դրանից չեմ խուսափի: Եվ ասել ու միշտ ասելու եմ, ես Ղարաբաղով եկել եմ, Ղարաբաղով էլ կգնամ: Ես պրոբլեմ չունեմ այդ հարցում: Ինձ համար իշխանությունն ավելի կարեւոր չի, քան մեր ազգային շահերը:

Եվ քանի որ Ռուսաստանի Դաշնությունը մի քիչ անտարբեր էր, ապա ռուսական ազդեցության կառույցները, այո, հիմնականում եկել էին հրապարակ: Եվ մեր հարցին՝ դուք ի՞նչ ունեք հրապարակում, նրանք ասում էին, որ մեր նպատակն է, որպեսզի այս շարժումը չվերածվի հակառուսական շարժման, ինչին չես կարող ոչինչ ասել: Իսկ արեւմտյան երկրները, կառույցները դա ընկալել են որպես ռուսների կողմից կազմակերպվող օպերացիա եւ իրենք են ակտիվացել՝ շահելով այդ պայքարը:

Հարց կարող է առաջանալ, թե ինչու է ՌԴ-ն ձեռնպահ մնում: Որովհետեւ իրենք համարում էին, որ բոլոր պարագաներում, նույնիսկ եթե ժողովրդական ընդվզման պարագայում ես թողնեմ այդ պաշտոնը, ապա այդ պաշտոնում լինելու է ռուսամետ գործիչ ի դեմս վարչապետ Կարեն Կարապետյանի: Եվ դա ողբերգություն չէ, ողբերգություն կլինի, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ առաջանան»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930