Վահրամ Ազատյան․ 25,000 եվրո ձեռքի ժամացույց
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակն առաջնորդում է «Ավա գրանիտ» ՓԲԸ կառուցապատող ընկերության աշխատակից Վահրամ Ազատյանը։ Թեկնածուն հայտարարագրի մեջ չի նշել, թե ինչ պաշտոն է զբաղեցնում «Ավա գրանիտ» ՓԲԸ-ում։
Ազատյանը հայտարարագրել է սեփական մեկ բնակելի տուն եւ սեփական մարդատար մեկ մեքենա՝ 2015-ին արտադրված Grand Cherokee։
Կարդացեք նաև
Ազատյանը 25,000 եվրո ձեռքի ժամացույց է հայտարարագրել՝ որպես թանկարժեք գույք։
Թեկնածուն երկու ներդրում է կատարել։ Նախ որպես «Ավա գրանիտ» ՓԲԸ-ում բաժնեմաս ունեցող անձ ընդհանուր ներդրման 20%-ը նա է կատարել։ Նաեւ որպես «ԱՎԴ» ՍՊԸ-ի միակ մասնակից 100% ներդրում է կատարել։
Եկամտային երկու աղբյուր է հայտարարագրել Ազատյանը։ 3,600,000 ՀՀ դրամ աշխատավարձ «Ավա գրանիտ» ՓԲԸ-ից եւ 18,500,000 ՀՀ դրամ շահութաբաժին «ԱՎԴ» ՍՊԸ-ից։
Հայտարարագիրը լրացնելու պահին Ազատյանի դրամական միջոցները կազմել են 10,500,000 ՀՀ դրամ։
Սեւակ Խաչատրյան․ 64,100 ԱՄՆ դոլար դրամական միջոցներ
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» եւ «Առաջ» աջակենտրոն կուսակցություններից կազմված «Հաղթանակ» դաշինքի ցուցակն առաջնորդում է Սեւակ Խաչատրյանը, որը «Արմադա գրուպ» ՍՊԸ անշարժ գույքի գործակալության փոխտնօրենն է։
Խաչատրյանը հայտարարագրել է վեց անշարժ գույք։ Դրանցից երկուսը տներ են՝ մեկը ընդհանուր բաժնային սեփականություն, մյուսը՝ սեփական։ Վեց անշարժ գույքից մեկը ընդհանուր բաժնային սեփականությամբ բնակարան է։ Մնացյալ երեք գույքերը հողամասեր են՝ երկուսը սեփական, մեկը՝ ընդհանուր բաժնային սեփականություն։
Խաչատրյանը հայտարարագրել է երեք սեփական ավտոմեքենա՝ 2024-ին արտադրված BYD Song Plus EV, 2022-ին արտադրված Lexus ES 250 2.5 եւ 2006-ին արտադրված Nissan X-Trail 2.0։
Թեկնածուն հայտարարագրել է եկամտային երեք աղբյուր՝ 895,600 ՀՀ դրամ աշխատավարձ «Արմադա գրուպ» ՍՊԸ-ից, 4,000,000 ՀՀ դրամ արժողությամբ մեքենայի վաճառք Հովսեփ Հովակիմյանին եւ 2,000,000 ՀՀ դրամ փոխառություն Արմեն Ալեքսանյանից։
Հայտարարագիրը լրացնելու պահին Խաչատրյանի դրամական միջոցները կազմել են 467,000 ՀՀ դրամ եւ 64,100 ԱՄՆ դոլար։
Թանկարժեք գույք եւ ներդրումներ Խաչատրյանը չի հայտարարագրել։
Գրիշա Հարությունյան․ 15,000,000 ՀՀ դրամ դրամական միջոցներ
«Մայր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է Գրիշա Հարությունյանը, որը «ԴՈՂՍ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ի տնօրենն է։
Հարությունյանը հայտարարագրել է ութ անշարժ գույք։ Դրանցից մեկը սեփական մեկ բնակելի բնակարան է։ Մեկ այլը ընդհանուր համատեղ սեփականությամբ մեկ բնակելի տուն է։ Ութ գույքից երեքը հողամասեր են, որոնցից երկուսը սեփական, մեկը՝ ընդհանուր համատեղ սեփականություն։ Հարությունյանին է պատկանում նաեւ մեկ սեփական պահեստ։ Մնացյալ երկու գույքը տնամերձ հողամասեր են, որոնցից մեկը սեփական, մյուսը՝ ընդհանուր համատեղ սեփականություն։
Հարությունյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ հինգ ավտոմեքենա՝ 1988-ին արտադրված Լադա 06, 2008-ին արտադրված Լադա 07, 2015-ին արտադրված ՈՒԱԶ PATRIOT, 2017-ին արտադրված Տոյոտա CAMRY եւ 1980-ին արտադրված ԳԱԶ 53:
Թեկնածուն եկամտային մեկ աղբյուր է հայտարարագրել՝ 15,000,000 ՀՀ դրամ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ «ԴՈՂՍ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ից։
Հայտարարագիրը լրացնելու պահին Հարությունյանի դրամական միջոցները կազմել են 15,000,000 ՀՀ դրամ, 1,000,000 ՌԴ ռուբլի եւ 10,000 ԱՄՆ դոլար։
Հարությունյանը թանկարժեք գույք եւ ներդրումներ չի հայտարարագրել։
Համատեքստ
Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցում է քաղաքական ութ ուժ, այսինքն՝ համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնում է ութ թեկնածու։
ՀՀ Ընտրական օրենսգրքի ութերորդ հոդվածի հինգերորդ կետը նշում է․ «թեկնածուները համապատասխան ընտրական հանձնաժողով են ներկայացնում իրենց գույքի և եկամուտների մասին հայտարարագիր։ Հայտարարագրում նշվում են սույն օրենսգրքով սահմանված գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ գույքի կազմը, ինչպես նաև գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվան նախորդող 12 օրացուցային ամիսների ընթացքում ստացված եկամուտները»:
Պետք է հաշվի առնել, սակայն, որ թեեւ հայտարարագիր լրացնելը Օրենքի պահանջ է, դրանց բովանդակությունը ստուգում չի անցնում ԿԸՀ-ում։ Aravot.am-ը չի կարող հաստատել առանձին հայտարարագրերի բովանդակության արժանահավատությունը։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ





















































