Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք ուզում են ոչնչացնել ողջ պատմական ճշմարտությունը ինչ-ինչ պատճառներով․ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին՝ ամբողջությամբ

Նոյեմբեր 08,2025 21:15

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին։

Թաքեր Կարլսոն – Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք։ Հայաստանը միջազգային հանրության շրջանում հայտնի է նաև հայազգի գործարարների ունեցած հաջողություններով, համայնքի համախմբվածությամբ և քրիստոնեական հավատքի հանդեպ ցուցաբերվող վստահ ու անկեղծ նվիրվածությամբ։ Բայց թերևս ամենից շատ Հայաստանը հայտնի է նրանով, որ Առաջին համաշխարհային պատերազմի վերջին Օսմանյան Թուրքիան փորձեց բնաջնջել հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ։ Կարծում եմ՝ շատերը ամբողջությամբ չեն գիտակցում, թե ինչ կրոնական հալածանք էր դա՝ կրոնական ցեղասպանություն էր, մարդկանց սպանում էին, քանի որ նրանք քրիստոնյա էին։ Պատմեք մեզ՝ որտեղից մենք դա գիտենք։

Նարեկ Կարապետյան – Այո։ Օսմանյան կայսրության վերջին շրջանում` Բալկանյան պատերազմներից հետո, Օսմանյան թուրքերը տեսան, որ որոշ բալկանյան երկրներ, ինչպիսիք են Բուլղարիան և Հունաստանի որոշ հատվածներ, դարձել են անկախ։ Դրանից հետո նրանք մեծ վտանգ տեսան կայսրության քրիստոնյա բնակչությունից՝ օրինակ հայերից և պոնտացի հույներից, որ այդ ժողովուրդները կարող են ձգտել անկախության, և սկսեցին հալածել կայսրության քրիստոնյա բնակչությանը կամ փորձել մահմեդականացնել նրանց։ Ինչպե՞ս շարունակվեց։ Երբ սկսվեց պատերազմը Անտանտի պետությունների և Օսմանյան կայսրության (ինչպես նաև Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի) միջև, օսմանյան բանակը գնաց կայսրության բոլոր հայկական գյուղերն ու քաղաքները և երկու հարց տվեց բնակիչներին։ Առաջին հարցն էր՝ «Կընդունե՞ք իսլամը»։ Օսմանյան կայսրության հայ բնակչության մոտ 98 տոկոսը մերժեց ՝ ասելով՝ ոչ։ Երկրորդ հարցն էր՝ «Եթե չընդունեք իսլամը, ապա կուղարկվեք Դեր Զորի անապատ»։

Դա մոտ 600–800 կիլոմետր հեռու է Հայկական լեռնաշխարհից։ Բոլոր տղամարդկանց սպանեցին, իսկ կանանց՝ երեխաների հետ միասին, տարան Դեր Զորի անապատ։ Մենք կորցրինք մեր ժողովրդի մոտ 70 տոկոսը՝ շուրջ մեկուկես միլիոն մարդ, քանի որ բոլորը հրաժարվեցին կրոնափոխ լինել։ Մենք ուզում ենք, որ բոլորը ճանաչեն այս պատմությունը, ոչ միայն մռայլ կողմը։ Այն ունի նաև լույսով լեցուն խորհուրդ. քրիստոնյաները 20-րդ դարում հետևեցին Քրիստոսի ճանապարհին և զոհվեցին։ Մենք հուսով ենք, որ այդ ամբողջ զոհաբերությունն այսօր ապրող քրիստոնյաներին կտանի դեպի ավելի խորը հավատք, դեպի այն մեծ և մարդասիրական կրոնը, որին մենք հետևում ենք և որով պետք է ապրենք։

Թաքեր Կարլսոն – Մինչև մեր նախաճաշը ես չէի հասկացել, որ Հայոց ցեղասպանության զոհերը, որոնց մասին շատ է խոսվել, և որի անվանման շուրջ ԱՄՆ Կոնգրեսում երկար տարիներ բանավեճեր են ընթացել` արդյոք կարելի՞ է այն անվանել ցեղասպանություն, բայց ի վերջո դա ցեղասպանություն էր, ես չէի հասկացել, որ նրանք քրիստոնյա մարտիրոսներ էին։ Նրանք մահացան ոչ թե իրենց ազգային պատկանելության, այլ իրենց կրոնական հավատքի համար։

Նարեկ Կարապետյան – Էթնիկ որևէ խնդիր չկար։ Հայերի մոտ 2 տոկոսը մահմեդական էին Օսմանյան կայսրությունում։ Եվ այդ 2 տոկոսը այսօր էլ ապրում է նախկին Օսմանյան կայսրության հյուսիսում՝ առանց խնդիրների։

Թաքեր Կարլսոն – Հետաքրքիր է։

Նարեկ Կարապետյան – Մնացած 98 տոկոսը՝ քրիստոնյա, բոլոր հայերը, որոնք պատասխանեցին, որ չեն ընդունի իսլամը, սպանվեցին։

Թաքեր Կարլսոն – Սա զարմանալի է։ Եվ դա կարծես ձևավորում է 20-րդ և 21-րդ դարերի հայկական մշակույթը. մենք ամուր մնացինք մեր հավատքի մեջ և սպանվեցինք դրա համար։ Այսպիսով քրիստոնեությունն իսկապես հայկական մշակույթի ամենակարևոր մասն է։

Նարեկ Կարապետյան – Հայաստանը առաջինն է, որը պետական մակարդակով ընդունեց քրիստոնեությունը՝ 301 թվականին, որպես թագավորություն։ Այսինքն՝ 301-ին, Կոստանդիանոսից առաջ, Միլանի հրովարտակից (որը կարծես 312-ին էր) 11 տարի շուտ՝ Հայաստանը կրոնափոխ դարձավ։ 301-ին Հայոց թագավոր Տրդատ 3-րդը ընդունեց քրիստոնեությունը և քրիստոնյա դարձրեց իր ժողովրդին։ Մենք աշխարհի ամենահին քրիստոնյա ժողովուրդն ենք։ Այդ պատճառով էլ մեր եկեղեցին և ինքնությունը այդքան սերտ փոխկապակցված են. մեր ինքնության 70–80 տոկոսը գալիս է քրիստոնեական արժեքներից և մեր եկեղեցու արժեքներից։

Թաքեր Կարլսոն – Դա շատ հետաքրքիր է։ Կալիֆորնիան, որտեղից ես եմ, ինչպես գիտեք, ունի հայկական մեծ համայնք, որն անհավատալիորեն հաջողակ է, բայց շատ միասնական։ Ես կարծում եմ` նրանք ունեն սեփական ինքնության հզոր զգացում։ Այսպիսով՝ վերջին 30 տարիներին Հայաստանը մի շարք հակամարտությունների մեջ է հայտնվել՝ ըստ էության երկարատև, ընդհատվող պատերազմ Ադրբեջանի հետ, որը մահմեդական երկիր է։ Քանի՞ հայ է սպանվել այդ պատերազմում։

Նարեկ Կարապետյան – Մոտ 20,000 մարդ սպանվեց պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի քրիստոնյա բնակչությանը։ Վերջին պատերազմի պատճառով Լեռնային Ղարաբաղի ամբողջ քրիստոնյա բնակչությունը տեղափոխվեց Հայաստան։ Եվ այժմ, այդ շրջանում 2,000 տարի ապրելուց հետո, Լեռնային Ղարաբաղում այլևս ոչ մի քրիստոնյա չի մնացել։

Թաքեր Կարլսոն – Ոչ մի՞։

Նարեկ Կարապետյան – Ոչ ոք չկա։

Թաքեր Կարլսոն – Չեմ կարողանում հասկանալ՝ ինչու ոչ ոք ոչինչ չասաց, երբ դա տեղի էր ունենում, և ինչու արևմտյան քրիստոնյա առաջնորդները լռեցին։

Նարեկ Կարապետյան – Կարծում եմ՝ դա ռեալ պոլիտիկի խնդիր է։ Մենք ունենք դաշնակիցներ՝ շատ մոտ հարաբերություններ Հունաստանի հետ, Կիպրոսի հետ։ Բայց անգամ այնտեղից մենք զգում էինք աջակցություն միայն խոսքերով, ոչ գործով։ Գիտեմ, որ ռեալպոլիտիկն ու Թուրքիայի
աջակցությունն Ադրբեջանին պատճառ դարձավ, որ շատ երկրներ չցանկացան բացահայտ աջակցություն ցուցաբերել մեզ։

Թաքեր Կարլսոն – Այո, նրանք չէին ուզում բախվել նման հզոր երկրի հետ ինչպիսին Թուրքիան է։ Հասկանալի է։

Նարեկ Կարապետյան – Եվ սա հենց այն խնդիրն է, որի հետ բախվել ենք մեր ողջ պատմության ընթացքում, քանի որ հայ ժողովուրդը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ Թուրքիան, Ադրբեջանը և Իրանն են, և մենք այդ երեք երկրների մեջ միակ քրիստոնյա ազգն ենք։ Միշտ բախվել ենք ճնշումների՝ Օսմանյան, Ղաջարական և այլ կայսրությունների կողմից։ Եվ միակ բանը, որը մեզ միավորել ու պահպանել է, եկեղեցին էր և եկեղեցու միջոցով տրված կրթությունը։ Եկեղեցին դպրոցներ էր կառուցում ամբողջ երկրում, մեզ` որպես քրիստոնյա կրթելու և հայ քրիստոնյա պահելու համար։

Թաքեր Կարլսոն – Այս պատերազմում հակամարտությունը տեղի էր ունենում Ադրբեջանի՝ մահմեդական երկրի, և Հայաստանի՝ քրիստոնյա երկրի միջև, իսկ դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղից քրիստոնյաները ամբողջությամբ մաքրվեցին։ Իսրայելը շատ ագրեսիվ դիրքորոշում ընդունեց Ադրբեջանի կողքին՝ ընդդեմ քրիստոնյաների՝ օգտագործելով ամերիկյան հարկատուների գումարը։ Ստացվում է՝ Իսրայելը մասնակցե՞ց այս պատերազմին։

Նարեկ Կարապետյան – Իսրայելի մասնակցությունը Ադրբեջանին զենք տրամադրելն էր, և դա ռեալ պոլիտիկի մի մասն էր։ Բայց գիտեք՝ խնդիրն այն է…

Թաքեր Կարլսոն – Ի՞նչ զենքեր։

Նարեկ Կարապետյան – Անօդաչու թռչող սարքեր, ինքնաթիռներ և այլն։ Դա պաշտպանություն չէր, այլ պարզապես հարձակում էր։

Թաքեր Կարլսոն – Այսինքն՝ Իսրայելն Ադրբեջանին տրամադրել է հարձակողական զենք։

Նարեկ Կարապետյան – Եվ այդ անօդաչուների մեծ մասը, ինչպես կարդացել ենք մամուլում, շահագործվում էի իսրայելական ընկերությունների օպերատորների կողմից։

Թաքեր Կարլսոն – Այսինքն՝ դուք կարծում եք, որ իսրայելցի օպերատորնե՞ր էին։

Նարեկ Կարապետյան – Այո, քանի որ, բազմաթիվ լրատվամիջոցներ էին գրում այդ մասին, դա հրապարակված էր բազմաթիվ հոդվածներում։

Թաքեր Կարլսոն – Այսինքն՝ դա կնշանակի, որ իսրայելցիները սպանել են քրիստոնյաներին՝ օգտագործելով ամերիկյան հարկատուների գումարը։ Քանի որ Իսրայելի պաշտպանական ոլորտը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի միլիարդավոր դոլարներով։

Նարեկ Կարապետյան – Դա ռեալ պոլիտիկի խնդիր է։ Նրանք նաև բնական գազ են ստանում Ադրբեջանից։

Թաքեր Կարլսոն – Բենզին։

Նարեկ Կարապետյան – Բենզին։ Նրանք բենզին են գնում։ Կարծում եմ՝ Իսրայելի գազի 70 տոկոսը գալիս է Ադրբեջանից։ Եվ նրանք տնտեսական դաշնակիցներ են։ Այսօրվա հիմնական խնդիրը այն է, որ ռեալ պոլիտիկը երբեմն մեծ խնդիրներ է ստեղծում այն ժողովուրդների համար, որոնք փորձում են միայնակ պաշտպանվել։ Տարածաշրջանում մենք փոքրամասնություն ենք։

Թաքեր Կարլսոն – Այո, իհարկե։ Աշխարհը այդպես է գործում։ Ուղղակի ամերիկացու տեսանկյունից՝ ինչո՞ւ իմ հարկերի գումարը պետք է օգտագործվի աշխարհի տարբեր երկրներում քրիստոնյաներին սպանելու համար։ Իրաքից քրիստոնյաներին մաքրեցին, Լեռնային Ղարաբաղից քրիստոնյաներին մաքրեցին։ Սպանեցին հայ քրիստոնյաներին։ Ինչո՞ւ եմ ես դրա համար վճարում։

Նարեկ Կարապետյան – Սա խնդիր է։

Թաքեր Կարլսոն – Դա ինձ համար խնդիր է, այո։ Այսպիսով՝ այժմ դուք Ադրբեջանի հետ պատերազմից հետո հրադադար ունեք, բայց ունեք Հայաստանի վարչապետ, որը կարծես ձգտում է քանդել ավանդական քրիստոնեությունը կամ եկեղեցին։ Ասեք՝ ինչ՞ գործընթաց է սա։

Նարեկ Կարապետյան – Վերջին երկու-երեք տարիներին Լեռնային Ղարաբաղում պատերազմում պարտվելուց և այնտեղի` գրեթե ամբողջ քրիստոնյա բնակչության Հայաստան տեղափոխվելուց հետո, մեր նոր վարչապետը որոշեց ունենալ ավելի լավ հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Հայ հասարակության կողմից միշտ ողջունվել են ավելի լավ հարաբերությունները բոլորի հետ, մենք չենք առարկել դրան։ Սակայն մենք տեսնում ենք, այն է, որ Թուրքիան կամ Ադրբեջանը ազդել են նրա վրա՝ փոխելու եկեղեցու շուրջ հնչող պատմական նարատիվը։ Նա ցանկանում է փոխել եկեղեցու պատմությունը, որպեսզի մարդիկ մոռանան ցեղասպանությունը և մեր պատմությունը։ Վեց ամիս առաջ վարչապետը սկսեց հարձակումներ գործել Հայոց Եկեղեցու և նրա առաջնորդի դեմ։ Նա ցանկանում է տապալել նրան և փոխել Հայ Եկեղեցու 1700-ամյա կառույցը՝ ստանալ եկեղեցու նկատմամբ վերահսկողություն։ Դա մեր երկրի հիմնական հաստատությունն է՝ մեր ժողովրդի 90–95 տոկոսը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է։ Երբ նա սկսեց հարձակումը եկեղեցու վրա, մեր հասարակությունն ուղղակի շոկ ապրեց, քանի որ նման բան երբեք չէր եղել, միայն Օսմանյան ժամանակներում։ Մեր հասարակությունում շատերն ընդդիմացան, բայց չկարողացան բարձրաձայնել, սակայն չկարողացան որևիցե կերպ առարկել։

Թաքեր Կարլսոն – Ինչո՞ւ։

Նարեկ Կարապետյան – Քանի որ նրանք վախենում էին կառավարության կողմից որոշակի ճնշումից։ Գիտեք` Հայաստանը ժողովրդավարական երկիր է։ Այն, իմ կարծիքով, այս տարածաշրջանի վերջին ժողովրդավարական երկրներից մեկն է։ Վերջին 30 տարիների ընթացքում մենք ունեցել ենք ընտրություններ, ունեցել ենք նոր առաջնորդներ։ Սա ավտորիտար երկիր չէ։ Բայց այս վարչապետը ժողովրդավար առաջնորդից վերափոխվել է։ Ամեն տարի մենք տեսնում ենք, թե Հայաստանում իր վարկանիշի անկման պատճառով ինչպես է նա փոխվում` կառավարման ավելի ավտորիտար ոճի։ Իսկ հիմա նա սկսել է հարձակվել եկեղեցու վրա։ Երբեք արքեպիսկոպոսներ են բանտարկվել։

Թաքեր Կարսոն – Նա արքեպիսկոպոսներին բանտարկե՞լ է։

Նարեկ Կարապետյան – Այո, արքեպիսկոպոսներ։ Որ հասկանաք, դա մեզ համար շոկ էր։ Ինչո՞ւ։ Արքեպիսկոպոսներից մեկը բանտարկվել էր, քանի որ չորս տարի առաջ մի հարցազրույցում նա ասել էր, որ վարչապետը պետք է փոխվի։ Երկրորդ արքեպիսկոպոսը բանտարկվել էր, որովհետև երեք կամ հինգ տարի առաջ նա մասնակցել էր վարչապետի դեմ կազմակերպված ցույցի։ Եվ գիտե՞ք, հայ հասարակության ազդեցիկ հատվածից ոչ ոք այս մասին չի խոսել, բոլորը վախենում էին։

Թաքեր Կարլսոն – Այո։

Նարեկ Կարապետյան – Գիտեք, բոլորը, ովքեր չունեին բիզնես, ովքեր ոչ այդքան ազդեցիկ էին, կարող էին խոսել, բայց ազդեցիկ մասը չէր ուզում անել դա։ Եվ այն մարդը, ով սկսեց խոսել այս մասին, իմ հորեղբայրն էր՝ Սամվել Կարապետյանը։ Նա աշխարհում ամենահարուստ հայերից մեկն է և վերջին 15 տարիների ամենամեծ հայ բարերարը, որը կառուցել է բազմաթիվ հիվանդանոցներ, մանկապարտեզներ, դպրոցներ։ Նա ապրում է Հայաստանից դուրս և նա եկել էր Հայաստան` մասնակցելու իր հոր մահվան քառասունքին։ Մենք ավանդույթ ունենք՝ մարդու մահվանից 40 օր անց մասնակցել եկեղեցական պատարագի։

Թաքեր Կարլսոն – Շատ լավ։ Այսինքն՝ երբ մեկը մահանում է Հայաստանում, ընտանիքը սգում է 40 օր։

Նարեկ Կարապետյան – Այո։ Եվ այցելում է պատարագի։ Եվ երբ նա եկավ Հայաստան, պատարագից հետո լրագրողը մոտեցավ նրան և հարցրեց, թե ինչ է նա մտածում կառավարության կողմից եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների մասին։ Նրա պատասխանը տևեց 37 վայրկյան, թե ինչ կարելի է մտածել, երբ մի փոքրիկ խմբակ, մոռանալով Հայոց պատմությունը, Հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։

Թաքեր Կարլսոն – Բարի։

Նարեկ Կարապետյան – Դա տևեց 37 վայրկյան։ Գիտե՞ք ինչ եղավ դրանից հետո։

Թաքեր Կարլսոն – Ի՞նչ տեղի ունեցավ։

Նարեկ Կարապետյան – Այս հարցազրույցից մոտ 30 րոպե անց մեր վարչապետը Ֆեյսբուքում հրապարակեց, որ այս բարերարը «պետք է փակ պահի իր բերանը»։ Երեք ժամ անց նա ոստիկանության հատուկ ուժեր ուղարկեց Սամվել Կարապետյանի բնակավայր՝ երկրի ամենահայտնի բարերարի, և բոլորը շոկի մեջ էին։ Մենք նույնպես շոկի մեջ էինք։ Եվ այդ ոստիկանական ուժերը եկել էին նրա տուն առանց դատավորի օրդերի։ Հայաստանը ժողովրդավարական երկիր է։ Մենք երբեք նման բան չէինք տեսել։ Եվ ամենը, ինչ տեղի է ունեցել՝ ֆիքսված է տեսախցիկներով։ Բոլորը գիտեն, թե ինչ է նա խոսել այդ 37 վայրկյանում, հետո՝ թե ինչ էր վարչապետը խորհրդարանում ասում և նման բան էր հրապարակել Ֆեյսբուքում, և թե ինչպես ոստիկանները եկան Սամվել Կարապետյանի բնակավայր։ Բայց ի՞նչ եղավ հետո։ Ցուցարարները եկան Սամվել Կարապետյանի տուն՝ նրան պաշտպանելու համար։ Հազարավոր մարդիկ եկան նրա բնակավայր՝ պաշտպանելու ոստիկանությունից։ Սովորաբար, երբ ոստիկանությունը ժամանում է, հինգ րոպե է անհրաժեշտ մարդուն ոստիկանական բաժանմունք կամ բանտ տանելու համար։ Սակայն 14 ժամ անցավ։ Ցուցարարները չէին ուզում նրան թույլ տալ, որ գնա ոստիկանական բաժանմունք։ Եվ պահանջում էին դատավորի որոշումը։ Եվ հետո Սամվել Կարապետյանը որոշեց անձամբ գնալ ոստիկանություն, որպեսզի ոստիկանների և ցուցարարների միջև բախում չլինի։ Եվ դրանից հետո նրան ձերբակալեցին։ Ինձ ևս ձերբակալեցին։ Եվ իմ հորը՝ նրա եղբորը, նույնպես ձերբակալեցին։

Թաքեր Կարլսոն – Ի՞նչի համար էին ձեզ ձերբակալել։

Նարեկ Կարապետյան – Չգիտեմ։

Թաքեր Կարլսոն – Ուղղակի նրա եղբորորդին լինելու համա՞ր։

Նարեկ Կարապետյան – Միգուցե այնտեղ գտնվելու համար, չգիտեմ։ Ես հիշում եմ՝ 8 ժամ ոստիկանական բաժանմունքում էինք, և նրանք քրեական օրենսգրքում հոդված էին փնտրում՝ մեղադրանք առաջադրելու համար, որովհետև համապատասխան հոդված նախատեսված չէ այդ 37 վայրկյանի համար։ Ես հիշում եմ՝ քննիչը մտավ սենյակ և բացականչեց. «Ես գտա մի հոդված», իսկ մյուսը ասաց․ «Ոչ, դա չի աշխատի»։ Եվ 7 ժամ հետո նրանք գտան մի հոդված և մեղադրանք առաջադրեցին, թե իբր նա ասել է, որ վարչապետը պետք է գահընկեց արվի, սակայն այդ 37 վայրկյան տևողությամբ հարցազրույցում, որն, ի դեպ, Դուք կարող եք դիտել Youtube-ում, բոլորը կարող են, չկա ոչ մի խոսք ոչ վարչապետի, ոչ էլ այլնի մասին։ Եվ նա դեռ բանտում է։

Թաքեր Կարլսոն – Դե՞ռ։

Նարեկ Կարապետյան – Սամվել Կարապետյանը բանտում է արդեն հինգ ամիս։ Եվ գիտե՞ք ինչ է կալանավայրի անունը։

Թաքեր Կարլսոն – Ոչ։

Նարեկ Կարապետյան – ԿԳԲ-ի նկուղ։ Դա հին խորհրդային, կոմունիստական ժամանակների բանտ է, որտեղ կոմունիստները ուղարկում էին մարդկանց, ովքեր համաձայն չէին կոմունիստական գաղափարների հետ։ Իսկ նա այնտեղ է՝ 12 քառակուսի մետր տարածքում, եկեղեցին պաշտպանելու համար։ Այդ 37 վայրկյանի համար։

Թաքեր Կարլսոն – Նա դեռ բանտու՞մ է։

Նարեկ Կարապետյան – Նա դեռ բանտում է։

Թաքեր Կարլսոն – Այսպիսով այս վարչապետ, որը ըստ սահմանման, ուղղակի ավտորիտար է, եկեղեցուն ընդդեմ է։ Այսինքն՝ նպատակը Ուղղափառ Քրիստոնեության և ավանդական Քրիստոնեության ողնաշարը կոտրելն է Հայաստանում, և դրա համար ոստիկանությանն օգտագործելը։ Սա ժողովրդահաճո՞ է։ Մարդիկ կո՞ղմ են սրան։

Նարեկ Կարապետյան – Սա շատ ոչ ժողովրդահաճո է։ Բնակչության մոտ 90 տոկոսը դեմ է սրան։ Եվ մարդիկ, հասարակությունը չի հասկանում՝ ինչու է նա դա անում։

Թաքեր Կարլսոն – Այսպիսով, ո՞րն է նրա օրակարգը․ Հայաստանը ավանդական երկիր է, ավանդական ընտանիքները գերակշռում են։ Ես նկատել եմ, որ վարչապետի կինը հարցազրույցներից մեկում նշել էր, որ ավանդական ընտանիքներում կանայք դժբախտ են։

Նարեկ Կարապետյան – Այո՛, այո՛-այո՛։ Գիտեք, նա ուզում է փոխել այս հասարակությունը, բայց ուժով, ոչ թե «փափուկ» ուժով։

Թաքեր Կարլսոն – Բայց այն ձևը, որով նա ուզում է փոխել հասարակությունը շատ նման է ամերիկյանին։ Նա կենտրոնանում է տրանսգենդերիզմի վրա` որպես դրական երևույթի, ԼԳԲՏՔ օրակարգի վրա, ինչ էլ որ լինի դա։

Նարեկ Կարապետյան – Հակահակաավանդականություն, այսինքն՝ ոչ ավանդական ընտանիքներին, որտեղ դու չպետք է հոգաս քո որդու մասին։ Նա պետք է որոշի՝ ինչ անել։

Թաքեր Կարլսոն – Բայց ի՞նչ անել, արդյոք դառնալ կին, թե սեռական հարաբերություն ունենալ տղամարդու հետ, թե ինչ։

Նարեկ Կարապետյան – Ոչ, նա նման բան չի նշել, բայց միանշանակ դեմ է ավանդական արժեքներին։ Եվ այսպիսով բոլորը գիտեն, որ նա հասարակությունը փոխելու մտքեր ունի, բայց մենք…

Թաքեր Կարլսոն – Որպեսզի այն դառնա պակաս քրիստոնեական։

Նարեկ Կարապետյան – Որպեսզի դառնա պակաս քրիստոնեական, այո, կարծես թե, այո։

Թաքեր Կարլսոն – Ո՞ւմ աջակցությամբ է նա անում այս ամենը։ Սա կատարվել է արևմուտքի յուրաքանչյուր երկրում՝ տարբեր հաջողություններով ։ Ո՞վ է այս ամենի հետևում, ո՞վ է առաջ մղում այս ամենը։

Նարեկ Կարապետյան – Ո՞վ է դրա հետևում կանգնած Արևմուտքում։

Թաքեր Կարլսոն – Այո, լավ հարց է։

Նարեկ Կարապետյան – Նույն մարդիկ են, ովքեր դա անում են նաև Հայաստանում, անում են նաև այստեղ, կարծում եմ։

Թաքեր Կարլսոն – Նրանք շատ են հաջողել, նկատի ունեմ՝ նրանք դրանով ոչնչացրել են մեր արժեքների սոցիալական հիմքը։ Բայց ովքե՞ր են այս մարդիկ։ Ո՞վ է։ Եկեք դիտարկենք միայն Հայաստանը, ո՞վ է աջակցում այս վարչապետին։ Հասարակությունը չի աջակցում։ Ո՞վ է։

Նարեկ Կարապետյան – Գիտեք, որպես հիմնական խնդիր, երբ մտածում էինք, թե ինչու է նա այս ամենը անում եկեղեցու դեմ, կարծում ենք, որ նա Թուրքիայից և Ադրբեջանից տեղեկություն է ստանում` եկեղեցու նարատիվները փոխելու, ցեղասպանությունը մոռանալու և եկեղեցու նոր առաջնորդ ունենալու կարգադրանքով, որպեսզի խաղաղության գործարքի գնա Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ մենք զգում ենք, որ նա ուզում է փոխել եկեղեցու առաջնորդին, հետո՝ փոփոխել եկեղեցու նարատիվները և ստիպել մեր ժողովրդին մոռանալ այն ամենը, ինչ մեր նախնիները արել են մեր քրիստոնեական կրոնի համար։

Թաքեր Կարլսոն – Այո։

Նարեկ Կարապետյան – Եվ հայ լինելու համար․․․ Եվ սա այն է, ինչ մենք պետք է ցույց տանք մեր հասարակությանը, որ սա է նրանց գործելաոճը։ Նրանք ուզում են ոչնչացնել ողջ պատմական ճշմարտությունը ինչ-ինչ պատճառներով։ Պատճառը, իբրև թե, խաղաղություն ունենալն է, բայց մենք չենք կարող։ Մենք պատրաստ ենք խաղաղության, բայց մեկուկես միլիոն մարդ արդեն սպանվել է։ Նրանք սպանվել են իրենց կրոնի համար Օսմանյան կայսրությունում։ Թուրքիան պետք է ընդունեն դա, որովհետև դրանից հետո մենք կապրենք ավելի խաղաղ տարածաշրջանում։

Թաքեր Կարլսոն – Նա, ով քեզ ստիպում ստել պատմության մասին՝ քո թշնամին է, և, իհարկե, նպատակը միշտ իշխանությունը պահելն է, այնպես չէ՞։

Նարեկ Կարապետյան – Այո, ճիշտ է։

Թաքեր Կարլսոն – Ով վերահսկում է պատմությունը, վերահսկում է անցյալը՝ վերահսկում է ապագան, իհարկե։ Ահա, թե ինչու գոյություն ունի Վիքիպեդիան՝ խաբելու համար մեզ անցյալի մասին։ Այսպիսով՝ վերջին հարցը։ Սա, ստացվում է, մարդու իրավունքների անհեթեթ խախտում է, բոլոր իմաստներով։ Դու ձերբակալում ես քրիստոնյա սպասավորներին՝ իրենց աստվածաբանական հայացքների համար, դու կողմ չես պատմության իրենց հայացքներին, ու այդպիսով բանտարկում ես նրանց։ Արևմուտքում քրիստոնեական քանի՞ եկեղեցիներ են այս ամենին ներգրավվել, ի՞նչ աջակցություն են ցույց տվել բանտարկյալ հոգևորականներին, և արդյոք գործադրել են ճնշումներ վարչապետի վրա՝ քրիստոնյա հոգևորականներին ազատազրկելու համար ։ Արևմուտքից ի՞նչ աջակցություն եք ստանում։

Նարեկ Կարապետյան – Մենք աջակցություն ենք ստանում Արևմուտքից, եկեղեցիներից։

Թաքեր Կարլսոն – Իրո՞ք։

Նարեկ Կարապետյան – Այո-այո։ Շատ մեծ աջակցություն կա, և մենք շնորհակալ ենք դրա համար։ Եվ ուզում եմ մեկ բան էլ ասել։ Ինչու՞ են այս մարդիկ քաջ՝ երբ դուրս են գալիս իշխանության գաղափարների դեմ։ Իմ հորեղբայր Սամվել Կարապետյանը և հոգևորականները կարող են ազատվել վաղը, եթե ասեն, որ եկեղեցու կողքին չեն։

Թաքեր Կարլսոն – Այո, միշտ նույն պատմությունն է, այնպես չէ՞։

Նարեկ Կարապետյան – Այո։ Ուրեմն, նրանք ուզում են բռնագրավել Սամվել Կարապետյանի բիզնեսները Հայաստանում։ Նա դա գիտի, բայց շարունակում է պաշտպանել եկեղեցին այդ ամենից հետո։ Այսպիսով՝ նա շարունակում է պաշտպանել եկեղեցին։ Եվ սա է գաղափարը․ կան մարդիկ, որոնցից, կարծում եմ, պետք է սովորենք։ Քանզի առաջինը՝ 20-րդ դարի մեր հայ նախնիները զոհաբերվեցին Օսմանյան Կայսրությունում իրենց կրոնի համար։ Ես հպարտ եմ, որ Սամվել Կարապետյանը, որ կարող էր լինել ազատության մեջ, կարող էր զբաղվել իր բիզնեսներով, բայց նա դա չի արել, նա կանգնած է իր կրոնի համար։ Որովհետև կրոնը և հավատքը կարևոր են։ Որպես առաջին քրիստոնյաներ՝ հայերը ճնշվել են, բայց նրանք պայքարել են իրենց կրոնի համար։ Եվ սա է այն, ինչին այսօր առերեսվում է Սամվել Կարապետյանը։

Թաքեր Կարլսոն – Սա ոգեշնչող է և միաժամանակ ցավալի է տեսնել։ Շնորհակալություն պատմելու համար։ Քչերն են տեղյակ, և սա միայն Հայաստանին չի վերաբերվում, իհարկե։ Սա գլոբալ դիմադրություն է կոնկրետ կրոնի դեմ, Հիսուսի դեմ։ Ահա, թե ինչու են նրանք չարացած։

Նարեկ Կարապետյան – Շնորհակալություն։

Թաքեր Կարլսոն – Շնորհակալություն, որ այստեղ էիք։

ՄԵՐ ՁԵՎՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930