Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախցիների եւ ադրբեջանցիների վերադարձի հարցը համեմատելի չէ. արցախցիները ենթարկվել են ցեղասպանության միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանին չպատկանող տարածքում»

Նոյեմբեր 10,2025 13:30

«Առավոտ»-ի զրուցակիցն է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

-Պարոն Մանասյան, խոսելով արցախցիների վերադարձի հարցի մասին՝ ՀՀ իշխանություններն այդ հարցը հավասարեցնում են, այսպես կոչված, «ադրբեջանցի փախստականների» վերադարձի հարցի հետ եւ ասում են, թե արցախցիների վերադարձի հնարավորություն չեն տեսնում։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս քաղաքականությունը, արդյոք արցախցիների վերադարձն անիրտեսակա՞ն է, եւ ճի՞շտ է այդ հարցը հավասարեցնել ադրբեջանցիների վերադարձի հարցի հետ։

-Արցախցիներն ունեցել են չճանաչված պետականություն, ադրբեջանցիներն այստեղ այդպիսի բան չեն ունեցել։ Արցախցիները ցեղասպանության են ենթարկվել Ադրբեջանի կողմից՝ միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանին չպատկանող տարածքում։ Ադրբեջանցիները Հայաստանում չեն ենթարկվել ցեղասպանության։ Ադրբեջանցիները ստացել են փոխհատուցում, երբ երկրաշարժից հետո հեռացել են Հայաստանից, իսկ արցախցիները ոչ մի փոխհատուցում չեն ստացել։ Արցախը եղել է չճանաչված պետականություն, որը եղել է բանակցային կողմ միջազգային հարթակներում, իսկ ադրբեջանցիներն այդպիսի կարգավիճակ չեն ունեցել։ Դրանք բացառապես տարբեր հարցեր են։ Ադրբեջանցիներն այստեղ եղել են ազգային փոքրամասնություն, հայերը Արցախում չեն եղել ազգային փոքրամասնություն։ Այսինքն՝ չի կարելի հավասարեցնել արցախցիներին ու ադրբեջանիցներին։ Բայց կա մի խնդիր, որի մասին չի խոսվում կամ թերի է խոսվում՝ դա այն է, որ այսօր կարծես թե արցախցիների վերադարձի խնդիրը բարդացնում կամ դժվարացնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Դա միշտ էլ կդժվարացնի, եթե մենք ճշմարտությունն անընդհատ թաքցնենք աշխարհից եւ մեզանից։

Այնպես որ, կրկնում եմ, արցախցիների եւ ադրբեջանցիների վերադարձի հարցը նույն հարցը չէ, եւ ճիշտ դրվելու դեպքում Արցախի ու արցախցիների հարցը պետք է առնվազն մնա օրակարգում, ոչ թե հանվի քաղաքական օրակարգից։ Հայկական իշխանությունները դա կարող են տարբեր ձեւերով անել՝ նույիսկ առանց իրենց անմիջական մասնակցության, մանավանդ որ, միջազգային հարթակներում քաղաքական օրակարգից չի հանվում Արցախի հարցը։ Կարելի է մտածել այսպես, որ Հայաստանից բացի, այն երկրները, որոնք բարձրացնում են այդ հարցը, սոսկ իրենց նպատակների համար են դա անում, այսինքն՝ դա ոչ թե արցախցիների, այլ իրենց սեփական շահերի համար է արվում։ Կարող է դա այդպես է, սակայն փաստը մնում է փաստ, որ հարցը մնում է օրակարգում, եւ մենք հենց այդ հանգամանքները հաշվի առնելով պետք է գործենք արտաքին դաշտում։

-Իսկ եթե Արցախի հարցը փակում են, ի՞նչ վտանգ է դա Հայաստանի ու Արցախի համար։

-Գիտեք, այդ հարցը հնարավոր չէ փակել։ Այստեղ կա հարցի մյուս կողմը՝ արցախցիները, հատկապես Սփյուռքի արցախահայությունը պետք է այդ հարցը պահեն թեժ վիճակում, չնպաստեն դրա փակմանը եւ անընդհատ պետք է խոսեն թեմայի մասին։ Իհարկե, հայաստանաբնակ արցախցիները նույնպես դա պետք է անեն, սակայն գործի մեծ մասն ընկնում է Սփյուռքի վրա, որովհետեւ կարող են ծագել հարցադրումներ, որոնք մեր իշխանությունների համար ցանկալի չլինեն, եթե այդ աշխատանքն արվի ներսից։

-Միջազգային իրավունքի տեսանկյունից արցախցիներն իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիք, այդպե՞ս է։

-Իհարկե, դա այնպիսի հարց է, որը քննարկման ենթակա չէ։ Ես արդեն խոսեցի այն տարբերությունների մասին, որոնք ունեն արցախցիները եւ նախկին հայաստանաբնակ ադրբեջանցիները։ Ադրբեջանցիները Հայաստանում չեն ենթարկվել ցեղասպանության, իսկ արցախցիները ենթարկվել են ցեղասպանության։ Եվ ամենակարեւոր հարցն այն է, որ միջազգային իրավունքով Արցախը երբեւէ չի պատկանել ու չի պատկանում Ադրբեջանի Հանրապետությանը։ Թող որեւէ մեկը ցույց տա Ադրբեջանի կողմից կատարված այն հայտարարությունը, որով Ադրբեջանը սահմաններ է հռչակել։ Այդպիսի փաստաթուղթ գոյություն չունի, որ Ադրբեջանն ասի, օրինակ, ես անկախանում եմ խորհրդային Ադրբեջանի սահմաններում։ Ադրբեջանն ասել է՝ ես վերկանգնում եմ 1918-20 թվականների ադրբեջանական հանրապետությունը, որը դիմել է Ազգերի լիգային՝ ճանաչվելու համար, բայց չի ճանաչվել։ Ավելին, գլխավոր փաստարկը, որով մերժվել է ադրբեջանական դեմոկրատական հանրապետության մուտքը Ազգերի լիգա, եղել է այն, որ այն ինքնակառավարվող պետականություն չէ, այսինքն՝ ուրիշների կողմից ստեղծված մի բան է՝ ի տարբերություն Հայաստանի նկատմամբ Ազգերի լիգայի վերաբերմունքի, երբ Ազգերի լիգան օրինական է համարել, չի վիճարկել ՀՀ պահանջները Արեւելյան Հայաստանում, ներառյալ Արցախում։ Այնպես որ, այսօրվա Ադրբեջանը երբեւիցե սահման չի հռչակել, սա մի միտք է, որն ամեն մի հայ պետք է իմանա, թե ինչպես են ասում, որ «Արցախը Ադրբեջան է», եթե Ադրբեջանը չի հռչակել դա։ Չի եղել ադրբեջանական հանրապետության անկախության հանրաքվե։ Այս հարցերը հայաստանաբնակ ադրբեջանցիների դեպքում չկան ուղղակի։ Ի՞նչ է նշանակում՝ նրանք կվերադառնան, նրանց զգալի մասը երկրաշարժից հետո ստացել են փոխհատուցում, Սումգայիթի ու Բաքվի կոտորածներից հետո Հայաստանի ադրբեջանցիները դուրս են եկել՝ վախենալով, որ այստեղ էլ նույնն իրենց նկատմամբ կանեն։ Նրանք փախստական չեն ուղղակի։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.11.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930