Օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի նավթային դիկտատոր, ազգությամբ քուրդ Իլհամ Ալիևը 2025թ. նոյեմբերի 3-ին Ադրբեջանի, այսպես կոչված, գիտությունների ակադեմիայում, մասնավորաբար, հայտարարել է.
- «Ցարական Ռուսաստանը մի ժամանակ հայերին տեղափոխել է Իրանից ու Արևելյան Անատոլիայից և բնակեցրել մեր Ղարաբաղյան հողում, որպեսզի այստեղ փոխի բնակչության էթնիկ և կրոնական կազմը»:
Հիմնվելով մեջբերման պարզաբանմանը վերաբերելի սկզբնաղբյուրների վրա՝ անդրադառնանք հիշյալ հայտարարությանը:
Մ.թ.ա. 8-րդ դարում Արցախն «Ուրտեխե» կամ «Ադախ» անունով գտնվել է հայկական Ուրարտական պետության կազմում: Համաձայն հունահռոմեական պատմիչներ Ստրաբոնի (մ.թ.ա. 1-ին – մ.թ. 1-ին դարեր), Պլինիոս Ավագի (մ.թ. 1-ին դար), Պլուտարքոսի (մ.թ. 1-ին – 2-րդ դարեր), Դիոն Կասիոսի (մ.թ. 2-րդ – 3-րդ դարեր) վկայությունների՝ պատմական Հայաստանի հյուսիսարևելյան սահմանը եղել է Կուր գետը: Արցախը, կրկին ըստ նույն պատմիչների, անվանվել է «Օրխիստենե»:
Մ.թ.ա. 8-րդ դարի սկզբում Արցախում գերիշխող է դառնում հայ-արմենական, այսինքն՝ արդեն մեկ ժողովուրդ դարձած հայկական տարրը:
Մ.թ.ա. 5-րդ դարում Հայաստանով շրջագայած հույն պատմիչ Հերոդոտոսը վկայել է, որ հայկական լեռնաշխարհում, այդ թվում նաև Արցախում, ապրող ցեղերի մեծ մասը համաձուլվել է կազմավորվող հայ ժողովրդի կազմի մեջ:
Կարդացեք նաև
Հույն աշխարհագրագետ, պատմիչ Ստրաբոնը, խոսելով իր ժամանակի Հայաստանի ազգագրական վիճակի մասին, տեղեկացնում է, որ ամբողջ երկիրը միալեզու է, նրա ամբողջ ժողովուրդը խոսում է մեկ լեզվով, հասկանալի է՝ հայերեն:
Բացի, այս ամենից, հարկ ենք համարում նշել նաև հետևյալը: Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի ժողովուրդների գենետիկական պատմության վերակառուցմանն ուղղված միջազգային ծրագրի շրջանակներում 2000 թվականին Արցախում իրականացվել է գենետիկական հետազոտություն: Հետազոտությանը մասնակցած ավելի քան 200 տղամարդկանցից վերցված արյան վերլուծությունը ցույց է տվել, որ Արցախի հայ բնակչությունը հանդիսանում է հայ ժողովրդի արևելյան ճյուղի բաղկացուցիչ մասը: Արցախի հայության ԴՆԹ-ն իր մեջ չի ներառում որևէ յուրահատուկ տարր, որը բնորոշ չլինի հայկական գենոֆոնդին:
Այսպիսով, հիմնվելով վերոնշյալ օտար սկզբնաղբյուրների հայտնած տեղեկությունների, ինչպես նաև ժամանակակից գենետիկական հետազոտությունների արդյունքների վրա՝ կարող ենք պնդել, որ Արցախի հայությունը տեղաբնիկ է՝ ավտոխտոն:
Ինչ վերաբերում է կովկասյան թաթարներին, որոնք 1936 թվականից սկսած անվանվում են ադրբեջանցիներ, ապա հենց ադրբեջանցիների (կովկասյան թաթարների) պատմահոր վկայությամբ նրանք եկվոր են: Այսպես, ադրբեջանական «պատմագրության» հայր համարվող Աբբաս-կուլի-աղա Բակիխանովը (1794-1847թթ.), որի անունն է կրում Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտը, 1991 թվականին Բաքվում վերահրատարակված իր «Գյուլիստան-ի Իրամ» գրքում գրել է.
- «1404 թվականին… Թեմուրը Ղարաբաղում, Գյանջայում և Իրևանում բնակեցրել է իր կողմից Թուրքիայից և Սիրիայից բերված 50 հազար ընտանիքների, որոնց մեծ մասը այն թյուրքերի սերունդներն էին, որոնց Հուլավու խանը բնակեցրել էր Պարսկաստանում և որոնք ժամանակ առ ժամանակ գնում էին Թուրքիա և Սիրիա»:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ պատմական տվյալ ժամանակահատվածում մահմեդականների մեծ մասի շրջանում ընդունված էր բազմակնությունը՝ ըստ որի յուրաքանչյուր տղամարդ կարող էր ունենալ մինչև չորս կին, որոնցից յուրաքանչյուրից կարող էր ունենալ միջինը երեքից չորս երեխա՝ կարող ենք մեծ հավանականությամբ պնդել, որ 1404թ. Լենկթեմուրը Թուրքիայից և Սիրիայից տեղափոխել և Արցախում, Գանձակում ու Երևանում բնակեցրել է մոտավորապես 600-800 հազար թյուրքեր, որոնց թվաքանակը ժամանակի ընթացքում բազմապատկվել է:
Բակիխանովը հայտնել է նաև, որ
- «Ղաջարները Ջելայիրյան թյուրքերի ցեղ են… Էմիր Թեմուրը (Թամերլանը) 50 հազար ղաջար ընտանիքների տեղափոխել է Կովկասի տարածաշրջան և բնակեցրել նրանց Էրիվանում, Գյանջայում և Ղարաբաղում, որտեղ ժամանակի ընթացքում նրանք ավելի շատացել են»:
Ինչպես տեսնում ենք, Բակիխանովը, Կովկասի մասին խոսելով, տվյալ դեպքում նկատի ունի Երևանը, Գանձակը և Արցախը: Կովկաս ասելով՝ նա չի հիշատակում Ադրբեջան անունով պետության մասին:
Ըստ Բակիխանովի՝
- «…Կուր գետի աջ ափը հանդիսանում էր Հայաստանի սահմանը։ Պլինիոսը և Պտղոմեոսը գրում են, որ Հայաստանի հյուսիսային սահմանը հասնում էր Կուր գետը…»:
Համաձայն Բակիխանովի հայտնած տեղեկության՝ Հայաստանի սահմանը եղել է Կուր գետը: Հատկանշական է, որ Բակիխանովի կարծիքը հիմնված է հունահռոմեական պատմիչների, մասնավորապես՝ Պլինիոսի և Պտղոմեոսի հայտնած տեղեկությունների վրա, ըստ որի՝ Հայաստանի հյուսիսային սահմանը հասել է մինչև Կուր գետ:
Այսպիսով, նկատի ունենալով վերոնշյալը՝ կարող ենք պնդել, որ Արցախը, Սյունիքը, Գեղարքունիքը, Երևանը մասնավորապես, իսկ բովանդակ Հայաստանն ընդհանրապես, ադրբեջանական համարելու մասին օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամի հայտարարություններ լիովին հիմնազուրկ են ու կեղծիք:
Ստեփան ՀԱՍԱՆ–ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ


















































